Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՔԱՐԵ ԴԱՐՈՒՄ ԵՆՔ

Մարտ 11,2005 00:00

Մարտի 2-3-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի
խորհրդի սպորտի զարգացման կոմիտեի 28-րդ հանդիպմանը մասնակցեց ՀՀ սպորտպետկոմի նախագահի
տեղակալ Հարություն Յավրյանի գլխավորած պատվիրակությունը: Երեկ մամուլի ասուլիսում
նա համառոտակի ներկայացրեց այդ հանդիպման մասին: «Սպորտի զարգացման կոմիտեն
Եվրախորհրդի կազմում մի կառույց է, որը զբաղվում է միայն ֆիզիկական կուլտուրայի եւ
սպորտի հարցերով, պատասխանատու է սպորտի ոլորտում համաեվրոպական աշխատանքային ծրագրի
իրագործման համար: Քննարկվեցին եւ հաստատվեցին նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված
բազմաթիվ որոշումներ,- ասաց նա,- սակայն մենք դրանցից ավելի շատ կարեւորում ենք 1975թ.
ընդունված սպորտի եվրոպական խարտիան եվրոպական կոնվենցիա դարձնելու հնարավորությունը:
Խարտիան մի փաստաթուղթ է, որը դրսեւորվում է այն ընդունած երկրների բարի կամեցողության
տեսքով: Իսկ կոնվենցիայի վերածվելու դեպքում փաստաթուղթը համապարտադիր է դառնում
բոլոր երկրների համար եւ դրա դերն ու նշանակությունը կտրուկ բարձրանում է: Որոշվեց
հարցին կրկին անդրադառնալ եկող տարի, երբ կհստակեցվի Եվրոպայի խորհրդի նոր սահմանադրության
մեջ սպորտի մասին հոդվածի ամրագրումը: Օրակարգի կարեւորագույն հարցերից էր
հակադոպինգային կոնվենցիան, որում քննարկվեց UNESCO-ի հետ համատեղ հակադոպինգային
վերահսկողության ուժեղացումը, դոպինգի վերահսկման մեթոդների ու տեխնիկայի կատարելագործումը
եւ միջազգային նոր մեխանիզմների մշակումը: Սա մեզ եւ Հայաստանի նման երկրների համար
անչափ կարեւոր խնդիր է սպորտում ազնիվ պայքարը խթանելու համար: Կարեւորվեցին
նաեւ մարզական միջոցառումների, հատկապես՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ հանդիսականների
անվտանգության ապահովման, սպորտում ռասիզմի, բռնության եւ խտրականության դեմ պայքարի
միջոցառումները, սպորտի դերն արդի ժամանակաշրջանում եւ այն անելիքները, որոնք դրված
են եվրոպական մարզական կազմակերպությունների եւ պետական ու հասարակական կազմակերպությունների
առջեւ, առանձին երկրներում բյուջետային հատկացումների եւ օրենսդրական դաշտի հարցերը,
որոնց փոփոխումներով փոխվում են նաեւ ազգաբնակչության ֆիզդաստիարակության հիմնախնդիրներին
հատկացվող ներդրումները: Հատուկ ուշադրություն դարձվեց մարզական կառավարական եւ ոչ
կառավարական կազմակերպությունների համագործակցությանը: Այս վերջինը մեզ համար առանձնահատուկ
նշանակություն ունի: Հատկապես այստեղ մենք սովորելու շատ բան ունենք, քանի որ մարզաձեւերի
հանրապետության ազգային ֆեդերացիաների հետ տարվող աշխատանքը պետք է լինի նաեւ պետական
կառավարման լիազոր մարմնի առջեւ դրված առաջնային խնդիրների շարքում: 1991
թվականից սկսել է գործել «Սպրինտ» ծրագիրը, որի նպատակը Եվրոպական խորհրդի ընտանիք
ներառված նոր անդամներին, մասնավորապես՝ մարզական կազմակերպություններին իրավական
դաշտի ստեղծման, իրավական փաստաթղթերի կազմման, սպորտի մասին օրենքի կատարելագործման
եւ այլ հարցերում օգնելն է: Ստրասբուրգում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք,
որով Հայաստանը 2005 թվականին կմտնի այդ ծրագրի մեջ եւ այս տարի երկու-երեք փորձագետներ
կժամանեն Երեւան, կօգնեն այդ հարցերի կարգավորման գործում: Ես որպես Սպորտպետկոմի
նախագահի տեղակալ, այս հանդիպումից օգտակար շատ բան քաղեցի: Ճիշտ է, վերջին երեք
տարիներին հանրապետությունում որոշակի աշխատանք կատարվում է առողջ ապրելակերպը ազգաբնակչության
շրջանում արմատավորելու ուղղությամբ: 1988-ից մինչեւ 2002 թվականը Հայաստանում հանրապետական
մասշտաբի մասսայական մարզական միջոցառումներ չեն անցկացվել: 2003-ից կազմակերպվում
են շուրջ 10 նմանատիպ միջոցառումներ՝ «Լավագույն համայնք», «Լավագույն բակ», «Լավագույն
ընտանիք» եւ այլն, որոնք լրջորեն աշխուժացրել են բնագավառը: Մեծ ծավալի աշխատանքներ
են նախատեսվում նաեւ 2005-2008թթ. միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում: Ես ուրախ
եմ, որ այս տարվա շինարարության եւ հիմնական նորոգումների ծրագրերում ընդգրկվել են
նաեւ մարզակառույցներ եւ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այսօր հանրապետությունում
ունենք շուրջ 1400 հանրակրթական դպրոց ու դրանց ճնշող մեծամասնության ֆիզկուլտուրայի
դահլիճները հիմնական նորոգման անհրաժեշտություն ունեն: Թե դրանք ե՞րբ կավարտվեն,
դպրոցները եւ ուսումնական հաստատությունները ե՞րբ պատշաճ ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելու
հնարավորություն կունենան՝ դժվարանում եմ ասել: Սակայն իմ եւ Սպորտպետկոմի համար
այս հարցի լուծումը, թերեւս, գլխավոր երազանքն է: Երբ մեր ունեցածը դնում ենք եվրոպական
իրականության կողքին, տեսնում ենք, որ անչափ ետ ենք մնացել, համեմատելու ոչ մի եզր
չկա: Եվրախորհուրդն իր առջեւ գլխավոր խնդիր ունի դրած: Մասսայական
սպորտի զարգացում նախ եւ առաջ ֆիզիկական կուլտուրա առարկայի ներդրումով՝ ուսումնական
հաստատություններում: Նրանք չեն պատկերացնում մի երկիր, հանրակրթական դպրոց, ուսումնական
հաստատություն՝ առանց մարզադահլիճի, համապատասխան հիգիենիկ պայմանների, ֆիզիկական
կուլտուրա առարկայի լիարժեք դասավանդման: Մի ժամանակ մենք ունեինք ՊԱՊ համալիր: ԽՍՀՄ
փլուզման հետ մոռացվեց նաեւ դա: Սակայն դրան փոխարինող ոչինչ մենք չստեղծեցինք: 1988
թվականից Եվրախորհրդի շրջանակներում գործում է «Եվրոֆիտ» ծրագիրը, որը մոտավորապես
նույն դերն է կատարում: Ի սկզբանե այն ուղղված է եղել դպրոցականների ֆիզդաստիարակությանը
եւ ունի այն հիմնական չափորոշիչները, որոնք ֆիզիկական պատրաստվածության թեստավորումն
են, իսկ 1995-ից թեստավորվել է նաեւ մեծահասակների համար: Հիմա մենք պատրաստվում
ենք թարգմանել այդ պատրաստի ծրագիրը, տեղայնացնել եւ ներկայացնել հանրության քննարկմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել