Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շվեյցարացին հիացած է հայկական ջերմությամբ

Մարտ 11,2005 00:00

Առաջին անգամ Հայաստան է ժամանել
շվեյցարացի դիրիժոր Էմանուել Սիֆերտը: Այսօր նա կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ
նվագախմբի հերթական համերգը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ՀՊՖՆ-ի տնօրեն
Ռուզաննա Սիրունյանը, վերջին տարիներին նրա անունը դասվում է եվրոպացի հայտնի դիրիժորների
շարքում: Է. Սիֆերտը հաջողությամբ ղեկավարում է նաեւ օպերային ներկայացումներ:
Եվ, որ ամենակարեւորն է, երիտասարդ դիրիժորի ղեկավարությամբ ցանկացած համերգ կամ
ներկայացում ուղիղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ կամ նկարահանվում է. սա խոսում
է նրա՝ բարձրակարգ երաժիշտ լինելու մասին: Մեր հետաքրքրությանը, թե դիրիժորը մինչ
Հայաստան գալը ծանո՞թ էր Ֆիլհարմոնիկ նվագախմբին, տիկին Սիրունյանը պատասխանեց, որ
Է. Սիֆերտը Երեւանում է Էդուարդ Թոփչյանի անձնական կապերի շնորհիվ: «Առավոտի»
կարճ հարցազրույցը դիրիժորի հետ կայացավ՝ մինչ նա Ֆիլհարմոնիկի հետ կանցկացներ առաջին
փորձը: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ շվեյցարացի արվեստագետը Երեւանի օդանավակայանում
իջել է մարտի 8-ին ու միանգամից անակնկալի եկել՝ տեսնելով, իր խոսքերով՝ զարմանալի
աժիոտաժ: «Հավատացնում եմ, այսքան ժպտացող մարդկանց չէի հանդիպել եւ ոչ մի երկրում:
Հետո տեղեկացա, որ մարտի 8-ը կանանց միջազգային օր է, թեպետ Շվեյցարիայում այն չի
նշվում: Ավելին, մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը Հայաստանում կանանց միամսյակ է: Միանգամից
պետք է նկատեմ, որ հայ տղամարդիկ երջանիկ են: Կրկնում եմ՝ այսքան ծաղիկներ ու ժպտացող
կանանց չէի հանդիպել Եվրոպայի եւ ոչ մի երկրում»,- նշեց երաժիշտը: Նա տեղեկացրեց,
որ Շվեյցարիայում մայիսին նշվում է մայրերի տոնը եւ քննադատաբար նկատեց, որ իրենց
երկրում բացակայում են մտերմիկ, ջերմ մարդկային փոխհարաբերությունները, ինչի ականատեսն
է եղել Երեւանում՝ այս 2-3 օրերի ընթացքում: Մեր հարցին՝ «Ղեկավարելով Վիեննայի,
Փարիզի, Լոնդոնի եւ այլ ճանաչված նվագախմբեր, ստանալով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ
նվագախումբը ղեկավարելու հրավեր, առանց ծանոթ լինելով նվագախմբին, միանգամի՞ց այն
ընդունեցիք», երաժիշտն ասաց. «Նախ բազմիցս շփվել եմ Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի
հետ, հետո՝ լսել եմ հայերի բազմադարյա մշակույթի մասին, ի վերջո, եթե որեւէ սիմֆոնիկ
նվագախումբ ունի պետական կարգավիճակ՝ դա արդեն խոսուն փաստ է»: Թե ինչպես է համատեղում
սիմֆոնիկ նվագախմբի եւ օպերային դիրիժորի աշխատանքը, Է. Սիֆերտը գտնում է, որ դիրիժորը
դիրիժոր է: Ինչ խոսք, պետք է ունենալ նախասիրություն: Բայց մինչ այսօր էլ նա չի կարողանում
իր համար ավելի սիրելի դարձնել օպերային կամ նվագախմբային ստեղծագործությունները
ղեկավարելը: «Լոնդոնում ղեկավարել եմ Բիզեի «Կարմեն», Վերդիի «Ռիգոլետո» օպերաները,
Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը եւ այլ ներկայացումներ, թողարկել եմ CD-ներ Եվրոպայում
ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի հետ, բայց, եթե նույնիսկ ինձ առաջարկեն ղեկավարել
աֆրիկյան զուտ ազգային բարձրարվեստ երաժշտություն, սիրով կհամաձայնեմ: Այսինքն, գնահատում
եմ ցանկացած երաժշտական ժանրի միայն բարձրակարգ ստեղծագործությունները»,- ասաց արվեստագետը:
Զրույցի ավարտին հայերի ջերմությամբ հիացած դիրիժորը խոստացավ հաջորդ այցելությանը
ղեկավարել հայ կոմպոզիտորի ստեղծագործություն. «Մեղքս չթաքցնեմ՝ այնքան էլ ծանոթ
չեմ հայ կոմպոզիտորական արվեստին: Բայց չեմ կասկածում, որ դրանք կլինեն ջերմ, անկեղծ,
ինչպիսին հայերդ եք»: Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել