Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փող ուզեք տուրիստների՛ց

Մարտ 11,2005 00:00

Անցյալ շաբաթ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներն ահազանգեցին, որ ԿԳՆ-ն կրճատել է այգու բոլոր՝ 41 հաստիքների ֆինանսավորումը:

«Բուսաբանական այգին տարիներ շարունակ ունեցել է գիտակրթական ու գիտագործնական նշանակություն: Մեզ մոտ բուհերից գալիս էին պրակտիկայի, աշակերտների համար էքսկուրսիաներ էին կազմակերպվում, ի վերջո նաեւ զբոսաշրջիկների համար էր տեսարժան վայր»,- մեզ հետ զրույցում ասել էր ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանը:

ԿԳՆ գիտության գծով փոխնախարար Արտակ Սահրադյանը տալիս է իր պարզաբանումը. «Իսկ ով ասեց, որ տուրիստներից չեք կարող վերցնել մուտքի տոմսեր, տուրիստներն ամբողջ աշխարհում ուր էլ որ գնում են, վճարում են, առավել եւս նրանք պատրաստ են վճարել, եթե ուզում են ծանոթանալ բուսական աշխարհին, անցյալ տարի մեզ մոտ լուրջ տուրիզմ է եղել: Իսկ ուսանողների պրակտիկայի համար պետությունը հատկացնում է գումարներ»: Այս տարի, ըստ փոխնախարարի, Բուսաբանության ինստիտուտին հատկացվել է 4մլն 581 հազար դրամ ավելի, քան անցյալ տարի: Եվ եթե հաստիքի կրճատման խնդիր է առաջ գալիս, ապա դա, Ա. Սահրադյանի պնդմամբ, տնօրենների սխալ մոտեցման պատճառով է:

«Ի դեպ, գիտնականներն այսօր ավելի շատ խոսում են հաստիքների մասին, բայց հաստիքի ֆինանսավորման խնդիր չկա, այլ կա գիտական ծրագրերի ֆինանսավորման խնդիր»,- ասում է պրն Սահրադյանը: Ֆինանսավորման խելամիտ չափերը որոշում են փորձագիտական հանձնաժողովները: «Իսկ թե այդ ֆինանսավորված ծրագրերն ինչպիսի հաստիքներ կարող են իրենցից վերարտադրել, բարի եղեք մտածեք հաստիքային համակարգի մասին, ինքներդ լուծեք ձեր խնդիրները, որովհետեւ դուք ոչ առեւտրային կազմակերպություններ եք, իրավաբանական անձ եք, ինքներդ կարող եք աշխատավարձերի չափանիշներն ու հաստիքները որոշել: Դա ձեր խնդիրն է, նախարարությունն իրավունք չունի միջամտել»,- տնօրեններին է դիմում Ա. Սահրադյանը: Վերջինս հավաստիացնում է, որ նախարարությունն իրավասու չէ միջամտել այս գործին, որովհետեւ չինովնիկը գիտության դաշտում դիլետանտ է. «Նախարարության դերն այստեղ սահմանափակվում է պետության քաղաքականության իրականացման տեսակետից՝ հետեւելու օրենքի ճշգրիտ կիրառմանը»: ԿԳՆ-ն միջամտում է այն դեպքում, երբ փորձագիտական հանձնաժողովը «ֆանտաստիկ բաներ է գրում»: «Մենք նրանց եզրակացությունները հիմնականում 100 տոկոսով հիմք ենք ընդունում, բայց երբ ստացանք պայմանագրային թեմատիկ ֆինանսավորման ծրագրերը, 6 անգամ ավելի էին ուզում, քան Հայաստանում գիտնականների թիվն է»:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել