Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏԵՔ ՄԵԶ ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՑ»

Մարտ 11,2005 00:00

Հայաստանի
Ազգագրության պետական թանգարանի գիտական անձնակազմի հայտարարությունը ՀՀ, ԱԺ նախագահներին,
պաշտպանության եւ մշակույթի նախարարներին, ԶԼՄ-ներին: Հայաստանի ազգագրության
պետական թանգարանի բազմամյա տարիների աշխատանքային փորձ ունեցող գիտական անձնակազմի
ճնշող մեծամասնությունը հրաժարվել է աշխատել նորանշանակ տնօրեն Լավրենտի Բարսեղյանի
հետ եւ մշակութային այդ խոշորագույն հիմնարկը այժմ գրեթե առանց գիտական անձնակազմի
է: 1990-ականների համընդհանուր ճգնաժամի տարիներին, երբ դադարեցին նախկին
հստակությամբ գործել տրանսպորտը, ջեռուցման ու էներգասնուցման համակարգերը, վերացավ
հեռախոսային կապը մայրաքաղաքի հետ, վթարային վիճակի հասավ թանգարանի շենքը, մշակույթի
նախարարությունը միջոցներ չէր հատկացնում իրավիճակի շտկման համար: Ուստի 1998թ. թանգարանն
անցավ պաշտպանության նախարարության համակարգ ու միջոցներ գտնվեցին շենքի վերանորոգման,
քայքայված կոմունիկացիաների ու ջեռուցման համակարգի վերականգնման համար: Սակայն այս
համակարգում էլ ծագեց թանգարանի վերակազմավորման, այն ազգային ազատագրական պայքարի
թանգարան վերափոխելու գաղափարը: Թանգարանի գիտական անձնակազմը շուրջ մեկ տարի դիմակայեց
այդ ցանկությանն ու միաժամանակ բարձրացրեց Հայաստանի ազգագրության պետական թանգարանը
ՊՆ համակարգից հանելու եւ մշակույթի նախարարությանը վերադարձնելու հարցը: Արդյունքում
հնարավոր եղավ կասեցնել միայն վերափոխման գաղափարի իրականացումը, բայց ինչ-ինչ պատճառներով
թանգարանը կրկին մնաց ՊՆ համակարգում: Իսկ թանգարանի նորանշանակ տնօրենը գիտական
անձնակազմի հետ առաջին իսկ հանդիպումն սկսել է իրեն հատուկ կոպիտ ու վերջնագրային
հայտարարություններով, իբր իր բացակայության տարիներին թանգարանում ամեն ինչ քանդվել
է, ոչ մեկը գործից չի հասկանում, ինքը եկել է բացահայտելու ինչ-որ չարաշահումներ
եւ այլն: Հաշվի առնելով այս ամենին հաջորդած կադրերի հետագա կամայական կրճատումներն
ու տեղաշարժերը, եւ նկատի ունենալով թանգարանի դերն ու նշանակությունը հայոց մշակույթի
ուսումնասիրման ու ազգային կերպի պահպանման գործում՝ թանգարանի գիտական կազմը անում
է պարզաբանումներ ու հանդես է գալիս հայտարարությամբ՝ – 1986-90թթ. թանգարանի
մասնաճյուղեր են հիմնադրվել Կուրթանում եւ Բերդում, նախագծային աշխատանքներ էին իրականացվել
Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում ու Գորիսում մասնաճյուղերի հիմնադրման համար: Այդ
տարիներին համալրվեցին ու վերափոխվեցին թանգարանի ցուցադրության հիմնական բաժինները,
կազմակերպվեց ավելի քան տասը գիտարշավ՝ Տավուշ, Լոռի, Վայք, Սիսական, Զանգեզուր,
Ջավախք, Մեղրի: 1988թ., երբ Հայաստանում պարետային ժամ էր հայտարարված, թանգարանի
կենտրոնական ցուցասրահում բացվել էր Արցախի կիրառական ու գեղազարդման արվեստին նվիրված
ցուցահանդես: 1995-2004 թվականներին հայոց ազգային ազատագրական պայքարին վերաբերող
թեմաներով կազմակերպվել է հինգ ցուցահանդես: Գրվել է «Մայիսյան հերոսամարտերը» թեմայով
դիորամայի մեկնակետ ու ցուցադրության պլան: Թանգարանի հավաքածուներից մի շարք նմուշներ
ցուցադրվել են Գերմանիայում եւ Ֆրանսիայում, կազմակերպվել է գիտական երկու կոնֆերանս,
թանգարանի գիտաշխատողները հոդվածներ ու հաղորդումներ են հրատարակել հանրապետության
ու արտասահմանյան գիտական մամուլում, զեկուցումներով հանդես են եկել գիտական նստաշրջաններում,
դասախոսական աշխատանք կատարել հանրապետության առաջնակարգ բուհերում: Հրատարակման
են պատրաստ «Պատմաբանասիրական հանդեսի» առաջին երկու թողարկումները ու թանգարանի
ցուցադրության ուղեցույցը: Ավարտական փուլում է ցուցադրության լազերային տեսահոլովակը:
Համոզմունք ենք հայտնում, որ ազգագրության թանգարանի հետագա
համապարփակ ու նպատակային գործունեությունը վտանգի տակ է, ուստի դիմելով ՀՀ պետական
ու օրենսդիր մարմիններին, հայոց գիտամշակութային կյանքով բոլոր հետաքրքրվողներին,
ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին, գտնում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ ազատել նորանշանակ տնօրեն
Լ. Բարսեղյանին ու չեղյալ համարել նրա բոլոր հրամանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել