Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խոստացան ու խաբեցին»

Մարտ 11,2005 00:00

Մարտունի
քաղաքի բնակիչ Աշոտ Վարդանյանի ընտանիքը շուտով կզրկվի տանիքից, որովհետեւ հավատացել
է իշխանական խոստումներին: Ա. Վարդանյանը 1991 թ., իսկ ավելի ուշ նրա կինը
աշխատանքի են անցել «Հայկոոպի» Մարտունի քաղաքի մասնաճյուղի «Կլոր» սրճարանում: Եվ
քանի որ մութ ու ցուրտ տարիներին վերջիններիս ընտանիքը բնակվելու տեղ չի ունեցել,
«Հայկոոպի» ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս նախագահների համաձայնությամբ, շուրջ
մեկ տասնամյակ ապրել է սրճարանի շենքի մի անկյունում, ձեռքի հետ էլ, ինչպես Ա. Վարդանյանն
է պատմում, անվարձահատույց իրականացրել է օբյեկտի պահակությունը: Նրա պատմելով, «Հայկոոպի»
երկու նախագահներն էլ «Մեզ պարբերաբար հավաստիացրել են, որ սրճարանն ինձ են վաճառելու:
Մենք էլ, որպես ապագա սեփականատեր, այն պահպանել ենք, մեր միջոցներով կատարել վերանորոգման
աշխատանքներ, սրճարանի տարածքը մաքրել աղբից, բարեկարգել, ծառեր տնկել, այգի հիմնել»:
Օբյեկտի սեփականատերը դառնալու հույսով Ա. Վարդանյանը վաճառել է Մարտունի քաղաքում
իր բնակարանը՝ այդ գումարով սրճարանը գնելու համար: Սակայն որոշ ժամանակ անց նրան
տեղեկացրել են, որ «Կլոր» սրճարանը վաճառվել է, որ շենքն արդեն նոր սեփականատեր ունի,
եւ որ նոր սեփականատերը Ա. Վարդանյանի ընտանիքը վտարելու պահանջով դիմել է դատարան:
«Այժմ մեզ վտարում են շենքից, չնայած որ «Հայկոոպի» երկու նախագահներն էլ
խոստացել էին առաջնահերթության իրավունքով սրճարանն ինձ վաճառել: Ընդ որում, նախքան
աճուրդը ես պատրաստակամություն եմ հայտնել օբյեկտի համար վճարել 8 հազար դոլար, անգամ
համաձայնել եմ «Հայկոոպի» ներկայիս տնօրեն Ռաֆայել Բագոյանի առաջարկած 12 հազար դոլարին՝
պայմանով, որ գումարի կեսը վճարեմ 6 ամիս հետո: Որ ես ցանկացել եմ գնել սրճարանը՝
վկայում է նաեւ այն, որ 1999-2000թթ. բյուջեի նկատմամբ պարտականությունները չկատարելու
համար, հարկադիր կատարողների որոշմամբ, «Կլոր» սրճարանը դրվել էր աճուրդի, եւ ես
այն գնելու հայտ էի ներկայացրել: Սակայն վերջին պահին հիմնարկը պարտականությունները
կատարել էր եւ այն հանել արգելանքից ու աճուրդից»,- «Առավոտին» ներկայացրեց Ա. Վարդանյանը:
Ի դեպ, մի քանի անգամ աճուրդի դրվելուց հետո, «Կլոր» սրճարանը վաճառվել է $6000-ով:
Ա. Վարդանյանը պնդում է, որ սրճարանի առուվաճառքի ժամանակ մի շարք անօրինականություններ
են թույլ տրվել. «Ինձ եւ կնոջս ազատել են աշխատանքից առանց մեզ տեղյակ պահելու, բացի
այդ, կնոջս անունն ընդհանրապես նշված չէ ազատվածների ցուցակում, իսկ իմ անունը ավելացված
է հետո՝ լուսանցքում: Աշխատավարձի վերջնահաշվարկ էլ չի կատարվել, մեզ չեն տվել նաեւ
աշխատանքային գրքույկները»: Աճուրդը չեղյալ հայտարարելու հակընդդեմ հայցով Ա. Վարդանյանը
դիմել է դատարան, սակայն անօգուտ: Դատարանը մերժել է աշխատավարձի պահանջը՝ պատճառաբանելով,
որ աշխատավարձը չվճարելու դեպքում հայցվորը պետք է 1 տարվա ընթացքում բողոք ներկայացներ,
այլ ոչ թե՝ 10 տարի անց: Այժմ գործը Վերաքննիչ դատարանում է: Թե ինչու աճուրդի ժամանակ
առաջնահերթությունը չի տրվել Ա. Վարդանյանին, «Մարտունու հասարակական սննդի կազմակերպում
եւ իրացում» լուծարային հանձնաժողովի նախագահ Շիրազ Մանուկյանը մեզ ասաց. «Հայկոոպը»
սեփական հիմնարկություն է եւ իր կանոնադրությամբ չի նախատեսում նախապատվություն տալ
շենքում բնակվողին: Բացի այդ, Վարդանյանը սրճարանը գնելու համար ընդհանրապես դիմում
չի ներկայացրել ինչպես լուծարային, այնպես էլ «Հայկոոպի» հանձնաժողովին: Ավելին,
հիմնարկը պարտավոր չէր աճուրդով այն վաճառել, պարզապես հրապարակայնությունն ապահովելու
համար ենք աճուրդ կազմակերպել, որի հայտարարությունը տրվել է «Ազգ» թերթում»: Ինչ
վերաբերում է աշխատանքից ազատելու, բայց հրաման չլինելու ամուսինների պնդումներին,
Շ. Մանուկյանը մատնանշեց «Հայկոոպի» նախկին տնօրենի արձակած հրամաններն, ըստ որոնց
սրճարանի բոլոր տեխնիկական աշխատողները դեռեւս 1994-95-ին են ազատվել աշխատանքից,
այդ թվում եւ Վարդանյան ամուսինները: «Փոխհատուցում տրվելո՞ւ է ամուսիններին՝ տարիներ
ի վեր շենքը պահպանելու, վերանորոգելու դիմաց» մեր հարցին Շ. Մանուկյանը պատասխանեց.
«Սրճարանի հողը «Հայկոոպի» սեփականությունը չէ, այլ՝ քաղաքապետարանի եւ փոխհատուցելու
հարցը մեր խնդիրը չէ: Իսկ շենքի վերանորոգում չի կատարվել»: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել