Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿ

Մարտ 11,2005 00:00

Գործարարը
դժգոհում է հարկային տեսչությունից՝ անունը չթաքցնելով Լուսանկարում պատկերվածը
«Տաթեւիկ-2» կոոպերատիվին պատկանող «ֆուրշետ-մարկետն» (խանութ) է: Այն գրանցված է
Մաշտոցի հարկային տեսչությունում, վերանորոգվել-մեծացվել ու վերաբացվել է այս տարվա
հունվարից: Մոտավորապես այդ ժամանակ էլ հարկային տեսուչները «ակտիվանալու» հանձնարարություն
են ստացել: Եվ տնտեսության ստվերային հատվածները կրճատելու նպատակով, բնականաբար,
այս խանութն էլ են ուշադրության տակ առել: Կոոպերատիվի տնօրենը դժգոհ է հարկային
տեսչության հետ իր շփումներից: Նա եւս հաստատում է հարկային տեսչության առնչությամբ
վերջին շրջանում հրապարակված քննադատությունները: Եվ այս դեպքում էականն այն է, որ
տնօրենն անգամ իր անունը չի թաքցնում, ինչպես մինչ այժմ արել են մյուս տնտեսվարողները:
«Տաթեւիկ-2» կոոպերատիվի տնօրենը՝ Հայկ Մնացականյանը նշում է, որ «կարող է
օրերով հերթ կանգնենք, սպասենք, որ հաշվետվություններն ընդունեն: Հերթեր են գոյանում:
Հաշվետվության օրերին է այդպես»: Ավելին, գործարարի ներկայացմամբ, տեսուչները քմահաճ
են, հակված են անիմաստ պատճառաբանություններով հետ վերադարձնել հաշվետվությունները:
Սակայն օրենքը չի պնդում, որ տնտեսվարող սուբյեկտները հաշվետվություններն անձամբ
ներկայացնեն հարկային տեսչություն: Նախատեսված է նաեւ փոստով ուղարկելու տարբերակը,
որից շատ քիչ գործարարներ են օգտվում եւ որի պարագայում հերթերից էլ կարելի է խուսափել,
ավելորդ քաշքշուկներից էլ: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս եղանակից կարելի
է օգտվել բացառապես այն դեպքում, եթե համոզված ես, որ այնտեղ անգամ աննշան թերություն
կամ ավելորդ կետ չկա: Հակառակ դեպքում, այդ հաշվետվությունը եւս չեն ընդունում եւ
տեղյակ էլ չեն պահում տնտեսվարողին. նշանակվում են տուգանքներ, որոնք ժամանակի ընթացքում
մեծանում են: Պարոն Մնացականյանը դժգոհում է նաեւ, որ «ստիպում են վճարումները
կատարել հարկային տեսչությունում, ոչ թե խնայդրամարկղերում (ասենք՝ պարտքերը-հեղ.)»:
Իհարկե, այս դեպքում եւս օրենքը տնտեսվարողին ընտրության հնարավորություն է տալիս,
սակայն տեսուչներին ձեռնտու է, որ վճարումները կատարվեն հարկային տեսչությունում,
որպեսզի փոխանցումները ժամանակին տեղ հասնեն: Գործարարի ներկայացմամբ, վերաբացվելուց
հետո խանութում երկու անգամ ստուգում է անցկացվել. մի անգամ կենսաթոշակային մուծումների
գծով, մյուս անգամ՝ հարկային մուծումների: Նրա պատմելով, հարկային մուծումները ստուգելու
ժամանակ իրենից պահանջել են ավելի մեծ շրջանառություն ցույց տալ եւ կրճատել աշխատողների
թիվը, որպեսզի շահույթն ավելի մեծ ստացվի, իսկ սոցապ վճարները ստուգելիս հորդորել
են աշխատողների քանակը մեծացնել, որպեսզի վճարելիք գումարներն ավելի մեծ ստացվեն:
«Բայց, իրոք, ես գրանցում եմ այնքան շրջանառություն եւ աշխատող, որքան ունեմ: Իսկ
հիմա, փաստորեն, ինչ է ստացվում՝ սոցապը մի բան է ասում, հարկայինը ուրիշ բան»,-
նշեց գործարարը: Ի դեպ, ստուգումներից հետո տեսուչները համոզվել են, որ խանութում
ապրանքային մնացորդը չի գերազանցում 15 միլիոն դրամը, շրջանառության ծավալներն էլ
համապատասխանում են պարզեցված հարկատեսակով աշխատելու պայմաններին: Գործարարին
մեկ անգամ նույնիսկ տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի մոտ են հրավիրել:
Ըստ Հ. Մնացականյանի՝ «որ ինքը քեզ ստիպի ինչքան մուծես: Անկախ գործունեությունից:
Ինձ հետ եղել է նման դեպք»: Պատկերացնելով, թե գործարարի դժգոհությունները
հրապարակավ արտահայտելուց հետո հարկային տեսուչները որքան կհաճախակիացնեն իրենց «քաղաքավարական
այցերը» «ֆուրշետ-մարկետ», հարցրինք, թե արդյոք մտավախություն չունի՞, որ ավելի հաճախ
ստուգումներ կանցկացվեն իր օբյեկտում, Հայկ Մնացականյանն ասաց. «Թող գան ստուգեն,
ես չեմ վախենում: Չնայած իրենց ներկայությամբ խանգարում են առեւտրին: 17 տարի հարկ
եմ տալիս, այնքա՜ն պրոբլեմների միջով եմ անցել»: Գործարարը նաեւ իր տեսակետը
հայտնեց հսկիչ դրամարկղային մեքենաների տեղադրման վերաբերյալ. «պետք է բոլորն ունենան,
չեն հասկանում, որ իրենց օգուտ է»: Այս ամենի վերաբերյալ հաճույքով կտպագրենք նաեւ
հարկային ծառայության պարզաբանումները: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել