Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵ՞Լ, ԹԵ՞ ՉՃԱՆԱՉԵԼ

Մարտ 11,2005 00:00

ՃԱՆԱՉԵ՞Լ,
ԹԵ՞ ՉՃԱՆԱՉԵԼ Ս/թ մարտի 8-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի «Սեւծովյան տարածաշրջանում ժողովրդավարության հեռանկարները» լսումների
ընթացքում սենատոր, հանրապետական Ջորջ Ալենը, որը Եվրոպական տարածաշրջանի գծով ենթահանձնաժողովի
նախագահն է, Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լսումների
մասնակիցներից մեկը՝ Վաշինգթոնի Նիքսոնի կենտրոնի փորձագետ Զեյնո Բարանը ներկայացրել
է ժամանակակից Թուրքիայի հասարակության եւ վերնախավի լայն շրջանակներում տիրող հակաամերիկյան
տրամադրությունները, որոնք չխորացնելու նպատակով առաջարկել է զերծ մնալ Կոնգրեսում
ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունելուց: Մեկնաբանելով փորձագետի առաջարկությունը՝
սենատոր Ալենը նշել է, որ իր անձնական կարծիքն այն է, թե հայերի ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում պատմական իրողություն է, որի ճանաչումը բխում է համայն
մարդկության շահերից: Մեջբերելով նացիստական Գերմանիայում հրեաների ցեղասպանության
նախօրեին Հիտլերի հայտնի խոսքերը, թե «հիմա ո՞վ է հիշում հայերի եղեռնի մասին», Ալենը
նշել է, որ ժամանակակից աշխարհում նույնպես տեղի են ունենում ցեղասպանություններ,
որոնք կանխելու նպատակով պետք է ճանաչել անցյալում տեղի ունեցած դեպքերը: Ըստ Ալենի,
Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը պահանջում է իշխանությունների հատուկ
խիզախություն, սակայն դա այն հարցը չէ, որը կարելի է հեռացնել օրակարգից: Լսումներին
դիտորդի կարգավիճակով ներկա է եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունը:
Միջոցառման մեկ այլ մասնակից՝ «Անցումային ժողովրդավարությունների նախագիծ» կազմակերպության
ղեկավար Բրյուս Ջեքսոնը նշել է թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգում հայկական
հարցի քննարկման անհրաժեշտությունը: «Չի կարելի զերծ մնալ պատմության դասերը քննարկելուց
միայն այն պատճառով, որ թուրք պաշտոնյաների զայրույթն է առաջացնում անցած դարի սկզբում
Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայ քաղաքացիական բնակչության դեմ
ծավալած եղեռնային գործողությունների սոսկ հիշատակումը»,- ասել է նա: Ըստ՝
ՀՀ ԱԳՆ տրամադրած տեղեկատվության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել