Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԵՐԸ ՎԵՐՋԱՑԱՆ, Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ՓՇԵՐԸ

Մարտ 11,2005 00:00

Վրաստանում
մարել է հեղափոխական ոգեւորությունը Թվում էր, թե 2003-ին Վրաստանում տեղի
ունեցած «Վարդերի հեղափոխությունը», որը ողջունեց միջազգային հանրությունը, արմատապես
նոր էջ կբացի այս երկրի ժողովրդի համար, առավել եւս, որ ժողովրդավարական որակված
նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո Արեւմուտքն ու միջազգային,
այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները լրջագույն միջոցներ հատկացրին Վրաստանի
սոցիալ-տնտեսական ծանր կացությունն արագորեն շտկելու համար: Սակայն նախագահ Սահակաշվիլու
եւ նրա թիմակիցների բարի մտադրություններն ու երկիրը բարեփոխելու խոստումները այսօր
պակաս ոգեւորիչ են թվում այդ երկրի ժողովուրդների համար: Այն «Միշան», որին վրացիները
2004-ի հունվարին բերեցին իշխանության, այսօր համարվում է այդ երկրում հասարակության
համընդհանուր ապատիայի հիմնական պատճառը: Այսօր Վրաստանում ավելի շատ մարդիկ են բարձրաձայնում
մասնավորապես «Վարդերի հեղափոխության» ոչ սահմանադրական լինելու մասին: Վրացի գործիչներից
մեկը՝ Սահակաշվիլու երբեմնի աջակից Պաատա Շեշելիձեն, որն այսօր Վրաստանի նոր տնտեսագիտական
դպրոցի նախագահն է, անցյալ շաբաթ Թբիլիսիում մեր մասնավոր զրույցի ժամանակ զուգահեռներ
անցկացնելով Վրաստանի «վարդերի» եւ Ուկրաինայում տեղի ունեցած «նարնջագույն» հեղափոխությունների
միջեւ՝ կարծիք հայտնեց, թե Ուկրաինայում դա ավելի ժողովրդավարական եւ սահմանադրական
էր, որովհետեւ, նրա ասելով, ուկրաինական ընդդիմությունը նախ կեղծված ընտրությունները
չճանաչելու հայցով օրենքով սահմանված կարգով դիմեց գերագույն դատարան եւ միայն նրա
եզրակացությունից հետո նոր ընտրությունների արդյունքում եկավ իշխանության: Մինչդեռ,
մեր զրուցակցի գնահատմամբ, Վրաստանում ընդդիմությունը՝ Սահակաշվիլու գլխավորությամբ,
նախ գահընկեց արեց Էդ. Շեւարդնաձեին, հետո նոր միայն համապատասխան հայցով մտավ դատարան,
որը ճնշման տակ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեց: Վրաստանում
այսօր շատերն են դժգոհ Սահակաշվիլու վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից:
Եվ քաղաքական ու հասարակական գործիչների, նույնիսկ երիտասարդների վկայությամբ, որոնց
հետ մենք առիթ ունեցանք զրուցելու Թբիլիսիում եւ Բաթումում, Սահակաշվիլին ողջ իշխանությունը
կենտրոնացրել է իր ձեռքում: Տեղական իշխանություններն ինքնուրույնություն եւ ազատ
գործելու քիչ հնարավորություններ ունեն: Փոխարենը, մեր զրուցակիցների ասելով, երկրում
մեծ է ուժային կառույցների, մասնավորապես՝ Օքրուաշվիլու գլխավորած պաշտպանության
եւ Մերաբիշվիլու՝ ներքին գործերի գերատեսչությունների դերակատարությունը: Վրաստանում,
ըստ Սահակաշվիլու երբեմնի աջակիցների, մարդիկ դժգոհում են նաեւ նրա վարած կադրային
քաղաքականությունից: Ոմանք ասում են, որ երկրի նախագահի մտերիմները, համակուրսեցիները
նշանակվում են այնպիսի պաշտոններում, որոնց գործունեության մասին անգամ պատկերացում
չունեն: Այսպիսի իրավիճակ է նույնիսկ Վրաստանի ծայրամասերում, ասենք՝ Աջարիայի ինքնավարությունում,
որի մասին մեզ պատմեց Աջարիայի խորհրդարանի «Հանրապետական» կուսակցությունը ներկայացնող
պատգամավոր Մ. Դումբաձեն: Ի դեպ, նրա հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
Իսկ առայժմ նշենք, որ վրաց երիտասարդների ասելով, ԶԼՄ-ների նկատմամբ վերաբերմունքի
իմաստով եւս Վրաստանում ետընթաց կա անցյալ տարվա համեմատությամբ: Գրաքննության մասին
բարձրաձայն չեն խոսում, բայց բոլորն արդեն գիտեն խաղի կանոններն ու զբաղված են ինքնագրաքննությամբ։
Վրաց հասարակությունն այսօր հիմնականում հիասթափություն է ապրում առավել եւս
երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահից հետո: Այստեղ քչերն են հավատում, որ
կատարվածը դժբախտ պատահար է: Նույնիսկ պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող
մարդիկ, օրինակ՝ մեր զրուցակից, նախարարներից մեկի խորհրդականը ասաց, թե ինքն անձամբ
չի հավատում պաշտոնական վարկածին, բայց չի էլ փորձում քննարկել որեւէ այլ վարկած:
Կոնկրետ անձանց նկատմամբ եղած կասկածների մասին նրանք նախընտրում են չբարձրաձայնել:
Բայց արդյո՞ք Վրաստանում ամեն ինչ այնքան գորշ է, որքան կարելի է պատկերացնել
վերը նկարագրվածից: Թբիլիսիում եղած օրերին մեր ստացած առաջին տպավորությամբ մայրաքաղաքն,
այնուամենայնիվ, լիաթոք կյանքով է ապրում: Շատ նորակառույց շինություններ կան: Այս
օրերին Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում կողք կողքի ներդաշնակորեն կառուցվում
են մի նոր եկեղեցի, մզկիթ եւ սինագոգ: Ի դեպ, ոչ պակաս կարեւոր մի հանգամանք
եւս: Բագրատաշենի անցակետը հատելուց հետո Վրաստանի ողջ տարածքում՝ մինչեւ Թբիլիսի
եւ Բաթում, մենք այդպես էլ ճանապարհներին կանգնած որեւէ ոստիկանի չտեսանք: Այլ էր
Երեւան վերադարձի ճանապարհին՝ արդեն Հայաստանի սահմանից այս կողմ: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել