Ջրհեղեղներ Գյումրիում Գյումրիի Անի թաղամասի Արամ Խաչատրյան 31 հասցեի բնակիչները «Առավոտին» դժգոհեցին, որ շենքը բառի իսկական իմաստով իրենց գլխին է փլուզվում: Երեկ այստեղ գրանցվել էր հերթական արտակարգ պատահարը: Բնակիչների ներկայացմամբ, արդեն որերորդ անգամ է՝ «հալված» ջրագծերից խմելու «անարատ» ջուրը շատրվանների նման հոսում է, սակայն պատասխանատու կառույցներից ոչ մեկն իրենց այս հարցում չի օգնում, բացառությամբ՝ «Ջրմուղկոյուղու», որն ընդամենը մի անգամ «բարեհոգություն» է ցուցաբերել: Նրանց պատկերավոր նկարագրությամբ, նկուղներում ավելի մեծ քանակությամբ ջուր կա, քան Սեւանա լճում: «Անտեղի հոսելու փոխարեն գոնե կառավարությունը մի բան աներ՝ ջրերը Սեւան ուղղորդեր. միանգամից համ մենք կպրծնեինք, համ էլ Սեւանի մակարդակը կբարձրանար»,- կատակով առաջարկում են բնակիչները՝ իրականում մոլորվելով, թե վերջապես ում կարելի է դիմել: Մեր տեղեկություններով, այս վիճակը տառացիորեն նույնն է թաղամասի գրեթե բոլոր շենքերում, ավելին՝ մյուս շենքերում ջրերը ոչ միայն ներքեւից են հոսում, այլ նաեւ կտուրներից: «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը պարզաբանեց, որ նմանատիպ վթարների վերացումը վաղուց արդեն իր կառույցի գործառույթը չէ: Նա տեղեկացրեց, որ խնդիրն առկա է քաղաքի մոտավորապես 100 շենքերում: Որպես արդարացում պաշտոնյան մեջբերեց կառավարության 2003թ. թիվ 886 որոշումը՝ բնակարանների ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցերի վթարների վերացման կարգի մասին, ուր մասնավորապես ասվում է, որ բազմաբնակարան շենքերի նկուղներում, ձեղնահարկերում, կտուրներում առաջացած վթարները վերացվելու են կառավարման մարմինների միջոցների հաշվին: Խոսքը համատիրությունների մասին է, իսկ դրա բացակայության դեպքում՝ քաղաքապետարանի: Քաղաքապետարանում էլ մշտապես հիշեցնում են, որ դա համատիրության սուրբ պարտականությունն է: Անի թաղամասի բնակիչները դժգոհում են, որ համատիրության նախագահ Կարապետ Համբարյանը «մատը մատին» չի խփում, չնայած վերջինս համատիրության առաջին ու միակ ժողովի ժամանակ (մի քանի անգամ բնակիչներին հանդիպման է հրավիրել ու չի ներկայացել) «սարեր էր խոստանում»: Վերջինս, ըստ բնակիչների, որոշել էր միանգամից մի քանի կառույցների՝ էլցանցի, ջրմուղի գործը ձեռքներից առնել: Անգամ նպատակադրվել էր Անի թաղամասում տեղակայված տաղավարներից ու խանութներից ստացված եկամուտները հավաքագրել ու համատիրության նպատակներին ծառայեցնել, ավելին՝ թաղամասի փակ դռների տերերին վտարել՝ դատի տալու միջոցով, հետագայում այդ բնակարանները վարձով տալ ու համատիրության բյուջեն համալրել: Սակայն փաստն այն է, որ հավանական ու անհավանական շռայլ խոստումներից գոնե ջրագծերը սարքելու գործը չի կազմակերպվում. բնակիչները ջրի մեջ խեղդվում են: Իսկ Գյումրիի քաղաքապետը ընդամենը սպառնում է, թե համատիրության անպարտաճանաչ նախագահին կփոխեն մեկ ուրիշով: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ