Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼՆ

Մարտ 10,2005 00:00

ՖՈՒՏԲՈԼՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԳԱՐՆԱՆ ՀԵՏ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ մայիսի 27-31-ը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Հունգարիայում մասնակցելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի 2004/2005թթ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին: Մեր թիմը Հունգարիայի, Իտալիայի եւ Բելգիայի հետ ընդգրկված է 4-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստներն առաջին հանդիպումն անցկացնելու են մայիսի 27-ին Անդրաշիդա քաղաքում՝ Իտալիայի իրենց հասակակիցների հետ, այնուհետեւ ուժերը կչափեն մայիսի 29-ին Բելգիայի եւ երկու օր անց Զալեգերշեկում՝ տանտերերի հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-ին Դուբայում (Միացյալ Արաբական Էմիրություններ) ընկերական հանդիպում է անցկացնելու Քուվեյթի ազգային հավաքականի հետ, որի ընթացքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հնարավորություն կունենա Հայաստան- Անդորրա պաշտոնական հանդիպումից առաջ փորձառու ֆուտբոլիստների կողքին փորձարկել նաեւ երիտասարդների: Այդ ընկերական հանդիպման պատճառով հանրապետության գավաթի մարտի 19-ին նշանակված «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը հետաձգվել է մեկ օրով, իսկ մարտի 20-ին կայանալիք «Փյունիկ»-«Էսթեղլալ Կոտայք» խաղը կկայանա մարտի 19-ին: Մարտի 26-ին ժամը 18-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական մրցաշարի Հայաստան-Անդորրա հանդիպումը սպասարկելու է Մալթայի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավար նշանակվել է Յոզեֆ Ատառդը, օգնականներ՝ Ֆիլիպ Ագյուսը եւ Կոնրադ Բորգը, չորրորդ պաշտոնյա՝ Ադրիան Կաշան: Մրցավարների տեսուչը ռուսաստանցի Սերգեյ Զուեւն է, ՖԻՖԱ-ի տեսուչը՝ հունգարացի Իստվան Հյուզարը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հորդանանի ֆուտբոլի ասոցիացիայի միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, 2005 թվականի օգոստոսի 30-ին եւ հոկտեմբերի 4-ին Հորդանանում եւ Հայաստանում տեղի են ունենալու այդ երկրների ազգային հավաքականների ընկերական հանդիպումներ: Մարտի 8-ին Աշտարակի քաղաքային ստադիոնում կայացավ ֆուտբոլի այս տարվա անդրանիկ պաշտոնական հանդիպումը հանրապետությունում: Հայաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին ՖԻՄԱ-ն եւ «Երեւան Յունայթեդը»: Ամբողջ հանդիպման ընթացքում «Երեւան Յունայթեդը» տարածքային ու խաղային առավելություն ուներ: Ուսանող մարզիկները հարկադրված էին ավելի շատ հոգալ պաշտպանության մասին: Իսկ նրանց հազվադեպ հակագրոհները առանձնակի վտանգ չէին պարունակում ու, որպես կանոն, չէին հասնում եզրափակիչ հարվածի: Դրա փոխարեն մրցակիցը ՖԻՄԱ-ի դարպասը գրավելու բազմաթիվ ռեալ հնարավորություն ուներ, սակայն վերջին պահին նրանց խանգարում էր կամ ավելորդ շտապողականությունը, կամ վարպետության պակասը: «Երեւան Յունայթեդի» առավելությունն ավելի ակնհայտ դարձավ, երբ երկրորդ խաղակեսի միջնամասում մրցակցի հանդեպ կոպիտ վարվելու համար կարմիր քարտ ստացավ ու դաշտից հեռացվեց ՖԻՄԱ-ի ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հանդիպման միակ ու հաղթական գոլը վերջին րոպեներին խփեց «Երեւան Յունայթեդի» թխամորթ խաղացող Ռոբերտոն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել