Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ

Մարտ 10,2005 00:00

Հայ նկարչի հաջողությունները Նոր խոսք աբստրակցիոնիստական արվեստում Երեւանյան «Ականաթ» արվեստի սրահը «Արիան էսոր» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ (նախագահ՝ ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ժիրարդիե-Առաքելյան) այսօր Հայաստանում առաջին անգամ կներկայացնեն աշխարհի 10 երկրից 15 աբստրակցիոնիստ նկարիչների ստեղծագործություններ: Միջազգային ասոցիացիան նպատակ է դրել աշխարհին ծանոթացնել ժամանակակից աբստրակցիոնիզմի առավել վառ ներկայացուցիչներին եւ տարիներ շարունակ, արդեն ավելի քան 10 երկրում այն հաջողությամբ կատարում է իր առաքելությունը: Ցուցահանդեսում ներկայացված Օտ Ժորժի, Պրատ Ալբերի (Ֆրանսիա), Բարդասի Սոնիայի (Ալժիր), Նաչո դե Վիլալոնգայի (Իսպանիա), Դոկ Միշելի (Բելգիա), Ցուկումո Սինիչիի (Ճապոնիա) եւ այլոց աբստրակտ գործերի կողքին կցուցադրվեն հայ նկարիչ Սուրեն Մալխասյանի աշխատանքները: «Սուրենն ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի բաժինը, մասնակցել է հայաստանյան մի շարք ցուցահանդեսների, ապա Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիայի հրավերով մեկնել է Իտալիա, ուր ներկայումս ուսանում է: 2002-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, նույն թվականին Ֆլորենցիայում ճանաչվել է տարվա լավագույն նկարիչ: Իսկ 2003-ին 30 երկրի 400 մասնակիցներից 14-րդ միջազգային բիենալեում ստացել է բրոնզե մրցանակ: Անցյալ տարի նույնպես հաջողությունը ուղեկցել է նրան. Ֆլորենցիայի «Պրեմիո Ֆրենցե» միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի: Ուրախ եմ նկարչի համար: Ամենակարեւորը՝ նա ապրում է, ինչպես ընդունված է ասել՝ բուռն ստեղծագործական կյանքով»,- տեղեկացրեց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Կարճ հեռախոսազրույցի ժամանակ Ս. Մալխասյանը «Առավոտին» հաղորդեց, որ գերազանց առաջադիմության համար ուսումը անվճար է, մրցութային կարգով Ֆլորենցիայի համալսարանական կրթության իրավունքի մարզային հաստատության կողմից իրեն նշանակվել է կրթաթոշակ, տրամադրվել անվճար սնունդ, բնակարան: «2006-ին կավարտեմ ու, միանշանակ, թե՛ Երեւանի, թե՛ Իտալիայի ակադեմիաներում ձեռք բերած գիտելիքներս կծառայեցնեմ հայ գեղանկարչության մեջ նոր խոսք ասելուն»,- ասաց նկարիչը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել