Նախագիծն ուղղված է գործադիրի ուժեղացմանը Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծն այդպես է բնութագրում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը – Վերջերս դուք ասացիք, որ սահմանադրական փոփոխությունները, որ պետք է ուղղված լինեին մարդու իրավունքների մեծացմանը, այս անգամ ավելի շատ ուղղված են իշխանության ուժեղացմանը: Ի՞նչ հիմքեր ունեք նման պնդում անելու համար: – Նախ՝ այդպիսի հարցադրում չի եղել: Ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ մինչեւ 2003 թվականի եւ այսօրվա նախագծի գաղափարախոսությունը մեծապես փոփոխված է: Ես երբեւէ չեմ ասել, որ Սահմանադրության այսօրվա նախագծում մարդու իրավունքների պաշտպանությունը անտեսվել է եւ մեծապես ուժեղացվել՝ իշխանության դիրքերը: Ոչ, խնդիրն այլ հարթության վրա է: Սահմանադրական փոփոխությունների գաղափարախոսությունը, որ սկսվեց 1998-ից, կարող է մեկ գերնպատակ ունենալ, որից բխում են մյուս կարեւոր քայլերը, արդեն՝ տեքստային իմաստով: Գերնպատակը սկզբնական շրջանում եղել է ամրապնդել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների սահմանադրական երաշխիքների ստեղծումը: Դրանից հետո մտածել են, թե այդ գերնպատակից ելնելով՝ ինչպե՞ս նորովի կառուցենք բարձրագույն պետական իշխանության մարմինների սահմանադրական կարգավիճակն ու փոխհարաբերությունները: – Ձեր կարծիքով 2003-ին հանրաքվեի դրված նախագիծն ավելի լա՞վն էր, քան այսօրվա նախագիծը: – Այո, բայց խնդիրն այն չէ՝ ավելի լավն է, թե՝ ոչ: Այսօրվա նախագիծն էլ են հմուտ մասնագետներ մշակել, նախորդն էլ: Այսօր, իմ կարծիքով, նպատակը մի փոքր այլ է եղել: Ելնելով միջազգային, տարածաշրջանային, ներքին-քաղաքական եւ սոցիալական իրավիճակից, ըստ ամենայնի, եկել են այն եզրակացության, որ դեռ վաղ է գնալ խոշոր փոփոխությունների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության խորացման տեսակետից, քանի որ առավել կարեւոր է համարվել մեր պետության, կառավարելիության ուժեղացման խնդիրը, այնպես անել, որ այն չթուլանա: Եվ բոլոր մյուս քայլերն արդեն բխել են դրանից: Այս դեպքում հստակ է, որ գործադիր իշխանությունը պետք է խիստ ուժեղ լինի: Այս դեպքում բավական թույլ են լինելու օրենսդիր եւ դատական իշխանությունների դիրքերը եւ, ընդհանրապես, թույլ է լինելու տեղական ինքնակառավարումը: – Այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ էլի շատերը պնդում են, թե այս փոփոխություններում ամրագրված է իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռումների եւ զսպումների մեխանիզմը: – Ես երբեւէ չեմ մեկնաբանում իմ հարգելի գործընկերների ասածները: Դա իրենց իրավունքն է: Ես ասում եմ իմ կարծիքը եւ կարող եմ կոնկրետ օրինակներով ապացուցել իմ ասածի ճշմարտացիությունը: Իշխանության տարանջատման օպտիմալ տարբերակը դեռեւս չի գտնված ոչ մի երկրում: Կա, այսպես կոչված, իշխանության մաքուր մոդել. դա նախագահական համակարգն է, օրինակ՝ ԱՄՆ-ն, կա լղոզված կամ խառը նախագահական համակարգ, որը մերն է: Բայց ես ուզում եմ, որ դուք եւ մեր հարգելի գործընկերները խորհրդարանում շատ ճշգրիտ պատկերացնեն, որ գործող Սահմանադրության մեջ դրված կառավարման համակարգը ոչ միայն կիսանախագահական է, այլեւ շատ ճկուն: Խնդիրն այն է, որ մենք փորձել ենք Սահմանադրության մեջ դնել այնպիսի կառավարման համակարգ, որը չքանդվի, երբ խորհրդարանում փոփոխվի քաղաքական մեծամասնությունը: Այս դեպքում երկրի ճկուն կառավարման համակարգը, մենք ասում ենք՝ ճոճանակը, ուղղակի փոփոխվում է, փոփոխվում է իշխանության կենտրոնը: Եթե խորհրդարանական մեծամասնությունը սատարում է երկրի նախագահին, ինչպես այսօր, մենք ունենում ենք ուժեղ նախագահական իշխանություն: Եվ հակառակը՝ եթե ՀՀ նախագահը կորցնում է քաղաքական մեծամասնության աջակցությունը, մենք ունենում ենք ուժեղ վարչապետական կամ խորհրդարանական իշխանություն: Մեզանում եղել են երկուսն էլ: Մենք ունեցել ենք մի շարք քաղաքական ճգնաժամեր, բայց սահմանադրական ճգնաժամ չենք ունեցել: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ