Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվեց

Մարտ 10,2005 00:00

Ստացվեց ինչպես միշտ Այս տարի «Մարտի 8»-ի կապակցությամբ «ԱրմենՏելն» իր պատմության մեջ առաջին անգամ հաճելի անակնկալ մատուցեց բաժանորդներին՝ բջջային տեղական զանգերի համար հայտարարելով 50 տոկոս զեղչ: Սակայն փորձն արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ ընկերությունն ի վիճակի չէ ապահովել տոնական օրերին մեծացող պահանջարկը, եւ ստացվեց այնպես, որ բաժանորդներն այդպես էլ չկարողացան օգտվել «հաճելի անակնկալից»: Արդյունքում՝ մարտի 8-ի կապակցությամբ ուղարկված տոնական հաղորդագրությունների մեծ մասը միայն հաջորդ օրը հասավ հասցեատերերին: Համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով հաղորդագրությունների մի մասը երեկ երեկոյան դեռեւս տեղ չէին հասել: Բաժանորդներից շատերը մտածելով, որ ինչ-որ թյուրիմացություն կա, միեւնույն հաղորդագրությունը կրկնակի են ուղարկել: Ցանցի գերծանրաբեռնվածության պատճառով տոնական ողջ օրվա ընթացքում «սիրելի կանանց ու քույրերի» մեծ մասն այդպես էլ անհասանելի մնաց իրենց մտերիմների համար, փոխարենը՝ մյուս մասը ջերմ մաղթանքները կրկնակի ստացավ: Եվ, փաստորեն, «հանգամանքների բերումով», բաժանորդներից շատերը ոչ միայն զեղչից չկարողացան օգտվել, այլեւ կրկնակի «վճարեցին»: Իմիջիայլոց, սա «ԱրմենՏելի» միակ անակնկալը չէ: Մեր տեղեկություններով, ընկերությունը պատրաստվում է սակագնային նոր փաթեթներ առաջարկել իր բաժանորդներին: Դրանք մոտավորապես կլինեն «բիզնես», «ուսանողական» եւ այլ կարգերի, որոնք նախատեսում են սակագնային ճկուն, բաժանորդների համար առավել գերադասելի մոդելներ: Նորամուծությունները, այնուամենայնիվ, պայմանավորված են բջջային երկրորդ օպերատորի՝ «Ղ-տելեկոմի» շուկա մուտք գործելով, չնայած «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հայտարարել էր, որ սակագների իջեցման «հույս չունենանք» (տնօրենը նկատի ուներ ոչ մի կերպ չբավարարվող պահանջարկը): Սակայն շուկան եւ մրցակցությունը իրենց պայմաններն են թելադրում: Իսկ տոնական օրերին համակարգի ծանրաբեռնվածության խնդիրը, ի վերջո, պետք է կարգավորվի: Խնդիրն այն է, որ GSM-900 համակարգի պահանջների համաձայն («ԱրմենՏելն» այդ համակարգում է), 100 զանգից 95-ն անպայման առանց խափանումների եւ թերացումների պետք է տեղ հասնի: Այս մասին նշված է նաեւ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում: Նույնիսկ 94 հաջողված զանգերի պարագայում համակարգն արդեն չի կոչվում GSM-900: Ըստ երեւույթին ժամանակն է տեխնիկական վերահսկողություն սահմանել, ինչը կհաշվառի, կչափագրի հաջողված զանգերի քանակը, որը հետագայում հնարավորություն կտա «ԱրմենՏելի» նկատմամբ պահանջներ ներկայացնել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել