Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերականգնենք

Մարտ 10,2005 00:00

Վերականգնենք դրուժինաները Առաջարկում է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ բացահայտելով իր հայրենասիրության ակունքները: «Սովետական տարիներին ես միշտ մտածում էի՝ պահեստապետը մեքենայով է տանում, բանվորը՝ թոփերով… բա ո՞նց է էս երկիրը կառուցվում»,- այսպես սկսվեց Տիգրան Ուրիխանյանի եւ «Առավոտի» զրույցը: Ավելի ուշ, իհարկե, պարոն Ուրիխանյանը գտել էր պատասխանը. «Պապս հայրենադարձության կոմիտեի նախագահն էր: Մեկին օգնելու համար մի օր նա տուփով խմիչք էր նվեր ստացել: Երբ մի-երկու օրից տատս տուփը բացեց՝ մեջը հարյուրանոցներ էին լցված: Պապս էդ մարդուն կանչեց, վիրավորեց, փողերն էլ իրեն շպրտեց: Այ, էդպիսի մարդիկ էին երկիր կառուցում, դա է հայրենասիրությունը»: Հիմա պարոն Ուրիխանյանը, պապի օրինակին հետեւելով, ուզում է իր՝ ժողովրդավարական Հայաստանը կառուցել: Դրա համար կուսակիցների հետ մեկտեղ աշխատելու են հասարակական գիտակցության ձեւավորման ուղղությամբ: Ասենք, առաջարկում են եւ 2002-ին իրենք ստեղծել են Երեւանի օժանդակ-օրինապահ ջոկատները՝ դրուժինաների օրինակով, որոնց խնդիրն է Երեւանի մաքրմանն ու բարեկարգմանը մասնակցել, օգնել իրավապահներին: Պարոն Ուրիխանյանը խոստովանեց, որ ինքը տպավորված է անցյալ ամիս կայացած իրենց համագումարից. «360 պատվիրակներ, կուսակցությանը հարող ու համակրող անդամներ գալիս ու գալիս էին: Եթե մենք էլ ձեւականորեն շարեինք ու կանգնեցնեինք, ինչպես եղավ Գեղամյանի կոնֆերանսի ժամանակ… բավականին լուրջ տպավորություն է թողնում նաեւ ինձ վրա: Կարծում եմ՝ այս կուսակցությունը կարող է բավականին լուրջ հայտեր ներկայացնել քաղաքական դաշտում գործընթացներին մասնակցելու համար»: Այս համատեքստում ՀԱԿ նախագահը գտնում է, որ ժամանակի ընթացքում իր ղեկավարած կուսակցությունը դոմինանտ կդառնա եւ շատերը կմիավորվեն իրենց: Առաջիկա գարնանը ներքաղաքական կյանքում նա կանխատեսում է «որոշակի խժդժություններ», որոնք կլինեն ավելի լուրջ իրադարձության՝ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստություն: Ի դեպ, այս ընտրությունները ՀԱԿ-ը կարեւորում է, թեեւ դրանց անմիջական մասնակցություն չի ունենա: «Դեռեւս չենք համարում, որ մեր մարդկային եւ մասնագիտական ռեսուրսները թույլ են տալիս էդ լուրջ խաղի մեջ մտնելու՝ հաղթանակի հասնելու 100 տոկոսանոց երաշխիքներով»,- ասում է նա: Չնայած այնուհետեւ՝ ԱԺ եւ 2008-նախագահական ընտրությունները, ըստ մեր զրուցակցի, կլինեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի շահերի բախման կիզակետը՝ «մենք գտնում ենք, որ Հայաստանը կմնա կայուն վիճակում, կգտնվեն եւ կհամախմբվեն մեզ պես մտածող ուժերը եւ կկարողանան պահպանել բնականոն զարգացումը: Դա պետք է արվի ամենահաստատուն ձեւով, որպեսզի չունենանք Վրաստանի եւ Ուկրաինայի հետընտրական զարգացումները»: Իսկ հավատո՞ւմ է Տ. Ուրիխանյանը Արամ Կարապետյանի հեղափոխությանը: «Արամ Կարապետյանին ընդունում եմ որպես քաղաքական գործիչ, որը քայլ կատարելիս երկար ժամանակ նախապատրաստվում է դրան: Բայց երբ ստիպված է լինում կատարել չնախատեսված, սպոնտան քայլեր, որոնց շուրջ մտորելու կամ վերլուծելու ժամանակ չի ունեցել, միանշանակ հանգելու է անհաջողության: Սա հենց էդպիսի քայլ է»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել