Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԳԱՐՆԱՆ ՀԵՏ

Մարտ 10,2005 00:00

ՀՖՖ
մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ մայիսի 27-31-ը Հայաստանի մինչեւ
19 տարեկանների հավաքականը Հունգարիայում մասնակցելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի
2004/2005թթ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին: Մեր թիմը
Հունգարիայի, Իտալիայի եւ Բելգիայի հետ ընդգրկված է 4-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստներն
առաջին հանդիպումն անցկացնելու են մայիսի 27-ին Անդրաշիդա քաղաքում՝ Իտալիայի իրենց
հասակակիցների հետ, այնուհետեւ ուժերը կչափեն մայիսի 29-ին Բելգիայի եւ երկու օր
անց Զալեգերշեկում՝ տանտերերի հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում
է նաեւ, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-ին Դուբայում (Միացյալ Արաբական
Էմիրություններ) ընկերական հանդիպում է անցկացնելու Քուվեյթի ազգային հավաքականի
հետ, որի ընթացքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հնարավորություն
կունենա Հայաստան- Անդորրա պաշտոնական հանդիպումից առաջ փորձառու ֆուտբոլիստների
կողքին փորձարկել նաեւ երիտասարդների: Այդ ընկերական հանդիպման պատճառով հանրապետության
գավաթի մարտի 19-ին նշանակված «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը հետաձգվել է մեկ օրով,
իսկ մարտի 20-ին կայանալիք «Փյունիկ»-«Էսթեղլալ Կոտայք» խաղը կկայանա մարտի 19-ին:
Մարտի 26-ին ժամը 18-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք
աշխարհի առաջնության նախընտրական մրցաշարի Հայաստան-Անդորրա հանդիպումը սպասարկելու
է Մալթայի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավար նշանակվել է Յոզեֆ Ատառդը, օգնականներ՝
Ֆիլիպ Ագյուսը եւ Կոնրադ Բորգը, չորրորդ պաշտոնյա՝ Ադրիան Կաշան: Մրցավարների տեսուչը
ռուսաստանցի Սերգեյ Զուեւն է, ՖԻՖԱ-ի տեսուչը՝ հունգարացի Իստվան Հյուզարը: Հայաստանի
ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հորդանանի ֆուտբոլի ասոցիացիայի միջեւ ձեռք բերված նախնական
պայմանավորվածության համաձայն, 2005 թվականի օգոստոսի 30-ին եւ հոկտեմբերի 4-ին Հորդանանում
եւ Հայաստանում տեղի են ունենալու այդ երկրների ազգային հավաքականների ընկերական
հանդիպումներ: Մարտի 8-ին Աշտարակի քաղաքային ստադիոնում կայացավ ֆուտբոլի
այս տարվա անդրանիկ պաշտոնական հանդիպումը հանրապետությունում: Հայաստանի գավաթի
խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին ՖԻՄԱ-ն եւ «Երեւան Յունայթեդը»:
Ամբողջ հանդիպման ընթացքում «Երեւան Յունայթեդը» տարածքային ու խաղային առավելություն
ուներ: Ուսանող մարզիկները հարկադրված էին ավելի շատ հոգալ պաշտպանության մասին:
Իսկ նրանց հազվադեպ հակագրոհները առանձնակի վտանգ չէին պարունակում ու, որպես կանոն,
չէին հասնում եզրափակիչ հարվածի: Դրա փոխարեն մրցակիցը ՖԻՄԱ-ի դարպասը գրավելու բազմաթիվ
ռեալ հնարավորություն ուներ, սակայն վերջին պահին նրանց խանգարում էր կամ ավելորդ
շտապողականությունը, կամ վարպետության պակասը: «Երեւան Յունայթեդի» առավելությունն
ավելի ակնհայտ դարձավ, երբ երկրորդ խաղակեսի միջնամասում մրցակցի հանդեպ կոպիտ վարվելու
համար կարմիր քարտ ստացավ ու դաշտից հեռացվեց ՖԻՄԱ-ի ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հանդիպման
միակ ու հաղթական գոլը վերջին րոպեներին խփեց «Երեւան Յունայթեդի» թխամորթ խաղացող
Ռոբերտոն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել