Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԷՐ ՍՈՒՐԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ

Մարտ 10,2005 00:00

Ոգեւորվելով
«Առեւանգում հարեմից» օպերայի հաջողությունից, միտք հղացա արվեստասեր հասարակությանը
ներկայացնել «Կախարդական սրինգը» օպերան։ 1996 թվականն էր։ Իմ երիտասարդ
երգիչ բարեկամների հետ սկսեցի հավաքել անհրաժեշտ կազմը։ Պարզվեց, որ չունենք Տամինոյի
դերերգի համար թեկնածու։ Մի քանիսն ասացին, որ այդ դերերգը կարող է կերպարանավորել
Սուրեն Զուրաբյանը։ Մինչ այս ես չէի լսել նրա մասին։ Խնդրեցի հրավիրել նրան։ Պայմանավորված
օրը նա եկավ։ Ծանոթացանք: Առաջին անգամ էի տեսնում նրան։ Ուշադիր նայեցի։ Նա վտիտ,
բարալիկ երիտասարդ էր, մոտ 28 տարեկան։ Ուշադրությունս գրավեցին նրա աչքերը։ Ինչ-որ
թախիծ կար նրանցում՝ ազնիվ մի արտահայտության հետ մեկտեղ։ Սկսեցինք փորձերը։
Շատ ճշտապահ էր եւ կարգապահ։ Փորձերին գալիս էր միշտ պատրաստ։ Ձայնը համապատասխան
էր դերին։ Այն ուներ մի գրավիչ մաքրություն, ճիշտ իր հերոսի՝ Տամինոյի պես։ Իմացել
էի, որ ունի երկրորդ մասնագիտություն, որի օգնությամբ այն ծանր տարիներին պահում
էր ընտանիքը։ Լինում էր, որ անհանգստանում էի. կհասցնի՞ ժամանակին, բոլորի հետ, պատրաստել
իր դերերգը։ Առաջարկում էի մեկ ամիս չաշխատել իր երկրորդ մասնագիտությամբ։ Մեղմորեն
ժպտում էր եւ ասում. «Մի անհանգստացեք, մաեստրո, ես ճիշտ ժամանակին պատրաստ կլինեմ,-
ապա ավելացնում,- չեմ կարող չաշխատել, ընտանիքս պահում եմ այդ աշխատանքով»։ Հետագայում
լսեցի, որ լավագույններից էր իր երկրորդ մասնագիտության մեջ։ Երեւան քաղաքի կանանց
համար առաջինը։ Կարծում եմ, նրա գեղապաշտ լինելը իր դերը ունեցավ այդ ասպարեզում։
Ազնիվ տղա էր, ազնիվ հոգու տեր, միշտ հավասարակշռված էր, զուսպ։ Չեմ հիշում մի սխալ
արարք կամ արտահայտություն։ Նա, իհարկե, բոլորի հետ միաժամանակ պատրաստեց իր դերերգն
ու երգեց այն շատ գեղեցիկ, գերմաներենի լավ արտաբերմամբ։ Երբ ունկնդրին ներկայացրինք
Ռոսինիի «Մոխրոտ» օպերայից հատվածներ, շատ հմայիչ Ռամիրո էր ե՛ւ երգեցողությամբ,
ե՛ւ վիզուալ։ Այնուհետեւ պատրաստեցինք եւ նա հիանալի երգեց Ուրիելի պարտիան
Հայդնի «Աշխարհի ստեղծումը» օրիատուրայում։ Սուրիկի ձայնը ուներ լավ emmissia,
այն սլացիկ էր։ Երգարվեստը՝ կիրթ, կուլտուրական։ Այդ օրերից սկսվեց իմ եւ
նրա ստեղծագործական բարեկամությունը, որը, անշուշտ, խմորվում էր գերմանական երաժշտության
ոլորտում։ Լիդեր (երգեր), արիաներ Բախի կանտատներից, հոյակապ էր Ռիխարդ Շտրաուսի
զգացողությունը։ Հատկապես վերջին տարիներին, 18-րդ դարի գերմանական երաժշտության
նկատմամբ հետաքրքրության աճը ինձ, բնականաբար, հանգեցրեց բախյան մտահղացումների։
Անշուշտ, դա կարող էր իրականանալ հոգեւոր երաժշտության փառատոնի դեպքում։
Եվ դա թթվածնի պես դարձավ անհրաժեշտություն։ 1999թ. ապրիլի 10-15-ը մենք իրականացրինք
այդ պատմական ծրագիրը։ Փառատոնի բացումը նշանակալի էր Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու»
պասիոնով։ Հրավիրել էի Ս. Զուրաբյանին մեներգելու տենորի սքանչելի արիաները պասիոնի։
Կատարեց ներքին դիսցիպլինայով, կարգավորված էր տեքստի եւ հնչյունի իմաստը, արծաթյա
տեմբրային երանգով եւ փափուկ կանտիլենայով։ 2001 թվի ապրիլի 19-ին տեղի ունեցավ
հոգեւոր երաժշտության երկրորդ փառատոնը։ Այս անգամ նա կրում էր «Սուրբ Զատիկ» խորագիրը
եւ ընթանում էր Ավագ շաբաթվա ընթացքում, որը մտավ Հայաստանում քրիստոնեությունը որպես
պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների ընթացքում նման ծրագրերի
մեջ։ Ավետարանչի չափազանց բարդ եւ պատասխանատու երգամասը ես առաջարկեցի Սուրեն
Զուրաբյանին՝ առանց որեւէ տատանումների։ Սուրիկը համապատասխանում էր բոլոր չափանիշներին։
Ավետարանիչը, ըստ Բախի, ոչ թե վերացականորեն պատմում է անցած՟գնացած անցքերից, այլ
կարծես ինքը ներկա է եղել կատարվածին, նա մերթ հուզվում է այդ անարդարություններից,
մերթ լաց լինում, երբ Հիսուսի գլխին դնում են փշե պսակը։ Ես ցանկանում էի, որ պատմիչը
դրամատիկ պատմի այդ ամենը, որը կկարողանա կենդանացնել մարդկային տառապանքները, նկարագրվող՝
Բախի կողմից իր «Չարչարանքներում» ստեղծված Սուրբ գրքի հիման վրա։ Այդ առումով Ս.
Զուրաբյանը փայլուն թեկնածու էր իր անկեղծ հավատքով, հուզական ներքինով եւ լեզվական
կուլտուրայով։ Նա կատարման ընթացքում գերազանցեց ինքն իրեն։ Ներքին ուժեղ կենտրոնացում
հոգեկանի եւ հոգեւորի, համատեղված ֆիզիկական դիմացկունությամբ երգելու այդ խոշոր
ծավալի օրատորիան, ճշգրիտ էր դեկլամացիան, ռեչիտատիվների մեջ։ Խոր իմաստավորված,
հստակ շեշտադրումներով ընդգծում էր այն բառը, խոսքը եւ ֆրազները, որոնք տեքստից էին
բխում, միաժամանակ պահպանելով երգեցողության թափանցիկությունը եւ այդ ամենը իրեն
հատուկ սքանչելի գլխային ձայնով ունկնդրին մերձեցնում էր վաղնջական դրամային։ Ս.
Զուրաբյանին հաջողվեց 3 ժամվա ընթացքում լինել միջնորդը եւ միաժամանակ դինամիկ պատմիչը
Սուրբ գրքի։ Բիբլիական մթնոլորտը ապահովված էր այդ պատմական, կենսագրական օրվա ընթացքում,
որը տուրք էր Բախի մահվան 250 տարուն։ Մտքով հաճախ եմ անդրադարձել այդ տարիների
իմ եւ իմ երիտասարդ համախոհների աշխատանքին։ Եվ Սուրիկը միշտ հառնում է իմ աչքերի
առաջ իր ազնիվ ներքին աշխարհով։ Ականջիս մեջ միշտ հնչում է նրա գեղեցիկ, հմայիչ ձայնը։
Զարմանալիորեն գեղեցիկ էին հնչում նրա պիանոները, գլխային ձայները, թախիծով լի տողերը։
Ինչքան չքնաղ էր հնչում «mit leisem und sanftem Schimmer schleichht der Mond rie
stille Nacht hindurch» տակտերը «Աշխարհի արարումը» օրատորիայում, «Կախարդական սրինգում»,
այն հատվածում, որտեղ իմաստուն քուրմը եւ Տամինոն երկխոսում են, Տամինոն թախծոտ ձայնով,
պատանեկան պարզամտությամբ հարցնում է. «O ewige Nacht! wann wirst du schwinren?
Wann wird das Licht mein Auge finden?» (Օ, հավերժ գիշեր, երբ ես անհետանալու, երբ
է Լույսը աչքս գտնելու)։ Իմաստուն քուրմերի երգչախումբը պատասխանում է. «bald, bald,
Jungling, oder nie» (Շուտով, շուտով կամ երբեք)։ Ինչ էր սա, հեռավոր, ճակատագրական
մի նախազգուշացո՞ւմ։ Հիմա էլ որ հիշում եմ այս էպիզոդը նրա կատարմամբ՝ հուզվում եմ։
…Երկրային Լույսը, ավաղ, այլեւս չի գտնի նրա խոր, արտահայտիչ աչքերը։ Բայց
հույս ունենանք, որ երկնային Լույսը կգտնի նրա հոգուն, որն այնքան հուզիչ րոպեներ
է պարգեւել իրեն լսողների հոգիներին։ ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԴիրիժոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել