Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագիծն ուղղված է գործադիրի ուժեղացմանը

Մարտ 10,2005 00:00

Սահմանադրական փոփոխությունների
նոր նախագիծն այդպես է բնութագրում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը – Վերջերս դուք
ասացիք, որ սահմանադրական փոփոխությունները, որ պետք է ուղղված լինեին մարդու իրավունքների
մեծացմանը, այս անգամ ավելի շատ ուղղված են իշխանության ուժեղացմանը: Ի՞նչ հիմքեր
ունեք նման պնդում անելու համար: – Նախ՝ այդպիսի հարցադրում չի եղել: Ասել
եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ մինչեւ 2003 թվականի եւ այսօրվա նախագծի գաղափարախոսությունը
մեծապես փոփոխված է: Ես երբեւէ չեմ ասել, որ Սահմանադրության այսօրվա նախագծում մարդու
իրավունքների պաշտպանությունը անտեսվել է եւ մեծապես ուժեղացվել՝ իշխանության դիրքերը:
Ոչ, խնդիրն այլ հարթության վրա է: Սահմանադրական փոփոխությունների գաղափարախոսությունը,
որ սկսվեց 1998-ից, կարող է մեկ գերնպատակ ունենալ, որից բխում են մյուս կարեւոր
քայլերը, արդեն՝ տեքստային իմաստով: Գերնպատակը սկզբնական շրջանում եղել է ամրապնդել
մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների սահմանադրական երաշխիքների ստեղծումը:
Դրանից հետո մտածել են, թե այդ գերնպատակից ելնելով՝ ինչպե՞ս նորովի կառուցենք բարձրագույն
պետական իշխանության մարմինների սահմանադրական կարգավիճակն ու փոխհարաբերությունները:
– Ձեր կարծիքով 2003-ին հանրաքվեի դրված նախագիծն ավելի լա՞վն էր, քան այսօրվա
նախագիծը: – Այո, բայց խնդիրն այն չէ՝ ավելի լավն է, թե՝ ոչ: Այսօրվա նախագիծն
էլ են հմուտ մասնագետներ մշակել, նախորդն էլ: Այսօր, իմ կարծիքով, նպատակը մի փոքր
այլ է եղել: Ելնելով միջազգային, տարածաշրջանային, ներքին-քաղաքական եւ սոցիալական
իրավիճակից, ըստ ամենայնի, եկել են այն եզրակացության, որ դեռ վաղ է գնալ խոշոր փոփոխությունների՝
մարդու իրավունքների, ժողովրդավարության խորացման տեսակետից, քանի որ առավել կարեւոր
է համարվել մեր պետության, կառավարելիության ուժեղացման խնդիրը, այնպես անել, որ
այն չթուլանա: Եվ բոլոր մյուս քայլերն արդեն բխել են դրանից: Այս դեպքում հստակ է,
որ գործադիր իշխանությունը պետք է խիստ ուժեղ լինի: Այս դեպքում բավական թույլ են
լինելու օրենսդիր եւ դատական իշխանությունների դիրքերը եւ, ընդհանրապես, թույլ է
լինելու տեղական ինքնակառավարումը: – Այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանը, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ էլի շատերը
պնդում են, թե այս փոփոխություններում ամրագրված է իշխանության տարբեր թեւերի միջեւ
հավասարակշռումների եւ զսպումների մեխանիզմը: – Ես երբեւէ չեմ մեկնաբանում
իմ հարգելի գործընկերների ասածները: Դա իրենց իրավունքն է: Ես ասում եմ իմ կարծիքը
եւ կարող եմ կոնկրետ օրինակներով ապացուցել իմ ասածի ճշմարտացիությունը: Իշխանության
տարանջատման օպտիմալ տարբերակը դեռեւս չի գտնված ոչ մի երկրում: Կա, այսպես կոչված,
իշխանության մաքուր մոդել. դա նախագահական համակարգն է, օրինակ՝ ԱՄՆ-ն, կա լղոզված
կամ խառը նախագահական համակարգ, որը մերն է: Բայց ես ուզում եմ, որ դուք եւ մեր հարգելի
գործընկերները խորհրդարանում շատ ճշգրիտ պատկերացնեն, որ գործող Սահմանադրության
մեջ դրված կառավարման համակարգը ոչ միայն կիսանախագահական է, այլեւ շատ ճկուն: Խնդիրն
այն է, որ մենք փորձել ենք Սահմանադրության մեջ դնել այնպիսի կառավարման համակարգ,
որը չքանդվի, երբ խորհրդարանում փոփոխվի քաղաքական մեծամասնությունը: Այս դեպքում
երկրի ճկուն կառավարման համակարգը, մենք ասում ենք՝ ճոճանակը, ուղղակի փոփոխվում
է, փոփոխվում է իշխանության կենտրոնը: Եթե խորհրդարանական մեծամասնությունը սատարում
է երկրի նախագահին, ինչպես այսօր, մենք ունենում ենք ուժեղ նախագահական իշխանություն:
Եվ հակառակը՝ եթե ՀՀ նախագահը կորցնում է քաղաքական մեծամասնության աջակցությունը,
մենք ունենում ենք ուժեղ վարչապետական կամ խորհրդարանական իշխանություն: Մեզանում
եղել են երկուսն էլ: Մենք ունեցել ենք մի շարք քաղաքական ճգնաժամեր, բայց սահմանադրական
ճգնաժամ չենք ունեցել: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել