Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստացվեց ինչպես միշտ

Մարտ 10,2005 00:00

Այս
տարի «Մարտի 8»-ի կապակցությամբ «ԱրմենՏելն» իր պատմության մեջ առաջին անգամ հաճելի
անակնկալ մատուցեց բաժանորդներին՝ բջջային տեղական զանգերի համար հայտարարելով 50
տոկոս զեղչ: Սակայն փորձն արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ ընկերությունն
ի վիճակի չէ ապահովել տոնական օրերին մեծացող պահանջարկը, եւ ստացվեց այնպես, որ
բաժանորդներն այդպես էլ չկարողացան օգտվել «հաճելի անակնկալից»: Արդյունքում՝ մարտի
8-ի կապակցությամբ ուղարկված տոնական հաղորդագրությունների մեծ մասը միայն հաջորդ
օրը հասավ հասցեատերերին: Համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով շնորհավորանքներով
ու բարեմաղթանքներով հաղորդագրությունների մի մասը երեկ երեկոյան դեռեւս տեղ չէին
հասել: Բաժանորդներից շատերը մտածելով, որ ինչ-որ թյուրիմացություն կա, միեւնույն
հաղորդագրությունը կրկնակի են ուղարկել: Ցանցի գերծանրաբեռնվածության պատճառով տոնական
ողջ օրվա ընթացքում «սիրելի կանանց ու քույրերի» մեծ մասն այդպես էլ անհասանելի մնաց
իրենց մտերիմների համար, փոխարենը՝ մյուս մասը ջերմ մաղթանքները կրկնակի ստացավ:
Եվ, փաստորեն, «հանգամանքների բերումով», բաժանորդներից շատերը ոչ միայն զեղչից չկարողացան
օգտվել, այլեւ կրկնակի «վճարեցին»: Իմիջիայլոց, սա «ԱրմենՏելի» միակ անակնկալը
չէ: Մեր տեղեկություններով, ընկերությունը պատրաստվում է սակագնային նոր փաթեթներ
առաջարկել իր բաժանորդներին: Դրանք մոտավորապես կլինեն «բիզնես», «ուսանողական» եւ
այլ կարգերի, որոնք նախատեսում են սակագնային ճկուն, բաժանորդների համար առավել գերադասելի
մոդելներ: Նորամուծությունները, այնուամենայնիվ, պայմանավորված են բջջային երկրորդ
օպերատորի՝ «Ղ-տելեկոմի» շուկա մուտք գործելով, չնայած «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր
տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հայտարարել էր, որ սակագների իջեցման «հույս չունենանք» (տնօրենը
նկատի ուներ ոչ մի կերպ չբավարարվող պահանջարկը): Սակայն շուկան եւ մրցակցությունը
իրենց պայմաններն են թելադրում: Իսկ տոնական օրերին համակարգի ծանրաբեռնվածության
խնդիրը, ի վերջո, պետք է կարգավորվի: Խնդիրն այն է, որ GSM-900 համակարգի պահանջների
համաձայն («ԱրմենՏելն» այդ համակարգում է), 100 զանգից 95-ն անպայման առանց խափանումների
եւ թերացումների պետք է տեղ հասնի: Այս մասին նշված է նաեւ բաժանորդների հետ կնքվող
պայմանագրերում: Նույնիսկ 94 հաջողված զանգերի պարագայում համակարգն արդեն չի կոչվում
GSM-900: Ըստ երեւույթին ժամանակն է տեխնիկական վերահսկողություն սահմանել, ինչը
կհաշվառի, կչափագրի հաջողված զանգերի քանակը, որը հետագայում հնարավորություն կտա
«ԱրմենՏելի» նկատմամբ պահանջներ ներկայացնել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել