Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՏՎԵՑ, ՄՅՈՒՍԸ՝ ԽԼԵՑ

Մարտ 10,2005 00:00

«Հին ընկերը» «դավաճանեց» հաշմանդամ երեխային

Նոր Նորքի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի 522 սենյակը Անուշ Բաբաջանյանին տրամադրել են դաշնակցականները՝ 2001-ին, երբ Անուշն աշխատում էր կուսակցության նախընտրական շտաբներից մեկում եւ անչափահաս հաշմանդամ որդու հետ ապրում մի շենքի նկուղում: «Պայմանագրի համաձայն, ես պետք է վճարեի ամսական 5000 դրամ, բայց ինձ պարետն ասաց՝ մի վճարի, որ երեխայիդ բուժման համար գումար ունենաս: Այդպես էին ասել նաեւ ինձ սենյակ հատկացնող դաշնակցական կուսակցության գլխավորները»,- «Առավոտին» պատմեց երիտասարդ մայրը: Մի կերպ կարողանալով լուծել տղայի վիրահատության խնդիրը՝ արհեստական կերակրափող տեղադրելու հետ կապված, անցյալ տարի աշնանը նա վերանորոգում է իր զբաղեցրած եւ հարեւան՝ 520 սենյակը, որը մինչ այդ ազատ էր: «Ավանի տնօրինությունից մինչ այդ պարբերաբար լսել ենք, որ մեր սենյակները սեփականաշնորհվելու են, ես էլ բանավոր պայմանավորվեցի պարետի հետ, որ պայմանագրով ձեռք կբերեմ կողքի սենյակը, եւ դրանից հետո նորոգում սկսեցի»,- «ոտնձգությունը» պարզաբանեց Անուշը: Վերանորոգել նրան չեն խանգարել, ինչպես հետո է պարզվում՝ նպատակային, որովհետեւ ավարտից հետո է միայն «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ տնօրեն, ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանը «գլխի ընկնում», որ Անուշը երկրորդ սենյակ ունի եւ չվճարված 98 հազար դրամ պարտք, եւ որոշում է նրան տեղափոխել 8-րդ հարկի անբարեկարգ սենյակներից մեկը: Բնակիչը չի համաձայնում: Փոխադարձ վեճը վերաճում է թշնամանքի, ի վերջո, այս տարվա հունվարին գործը վիճարկվում է դատարանում: Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը, ուղղորդվելով պայմանագրից բխող պահանջներով, Անուշին վտարում է զբաղեցրած սենյակներից՝ ընկերությանը պարտավորեցնելով ապահովել նրան այլ բնակելի տարածքով, տվյալ դեպքում՝ սենյակով: ԴԱՀԿ ծառայությունն էլ, առանց բնակչին տեսնելու, զգուշացում-փաստաթուղթը շենքի պահակին ստորագրել տալուց հետո, փետրվարի 28-ին կոտրում է Անուշի տան դուռը՝ առանց տանտիրոջ ներկայության, ու ներս թողնում նոր բնակիչների: Վերջիններս, ըստ մեր բողոքարկուի, կառավարչին վճարելով՝ գնել են իր սենյակները 1000 դոլարով: Նկատենք, որ ավանի 4-րդ ու 5-րդ մասնաշենքերը դեռեւս կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում են, վաճառքի մասին կառավարության որոշում էլ չկա: «Այդ օրը երեկոյան տղայիս հետ վերադարձանք աշխատանքից եւ ի՞նչ՝ իրերիս մի մասը թողել էին նոր տանտերերին, մյուսն էլ, ինչպես հարեւաններս ասացին՝ լցրել են 8-րդ հարկի մի սենյակ ու փակել: Արդեն 10 օր է, ես ու տղաս մնացել ենք մի շոր-կոշիկով: Գնացել եմ ոստիկանություն, որ իրերիս կորստի մասին հայտարարություն տամ՝ չեն ընդունել, ես էլ մենակ չեմ ուզում բացել իրերս՝ իմ ու տղայիս ոսկեղենը մեջն է, նաեւ՝ պարտքով գումար, որ վերցրել էի երկու սենյակիս բնակության վարձը մուծելու համար: Դիմեցի ԱԺ դաշնակցական խմբակցությանը՝ ասացին, մենք այդ մարդու (դաշնակցական կառավարչի.- Ռ. Ա.) հետ ոչինչ չենք կարողանում անել, դու ինչպես կարող ես՝ հարցերդ լուծիր: Ես էլ մնացել եմ այսպես անօգնական: Եթե ինձ ժամանակ տային՝ ես կնորոգեի առաջարկված սենյակն ու ինքս կտեղափոխվեի»,- պատմությունը եզրափակեց Անուշը:

Ավելորդ չէ առանձնացնել իր տնից ու հարազատ իրերից զրկված հաշմանդամ տղայի հոգեվիճակը. այժմ նա ապրում է տատիկի նեղլիկ, ծանրաբեռնված ու մի կերպ գոյատեւող ընտանիքի հետ, ամեն օր սպասելով, թե երբ կվերադառնա տուն, կզբաղվի իր երաժշտական սկավառակներով ու գրքերով: «Ես գիշեր-ցերեկ աշխատել եմ, փող հավաքել ու գնել երաժշտական կենտրոն, որ հիվանդ երեխաս ունենա իր փոքրիկ ուրախությունները, հիմա չգիտեմ նույնիսկ, թե ո՞ւր են դրանք»,- սա միակ վիշտը չէր, որ պատել էր անելանելի վիճակում հայտնված մորը: Նա էլ, մոր ընտանիքին հոգս չդառնալու համար, աշխատում է միայն գիշերային հերթափոխով՝ ամեն գիշեր:

Նոր Նորքի ուսանողական ավանում վաճառվող սենյակների մասին տեղեկությունները պտտվում են արդեն 2-3 տարի, մեկ սենյակի գինն էլ, մեր լսածով, 500 դոլար է: Գնորդներին խոստանում են ապագայում դարձնել տարածքի լիիրավ տեր՝ անհրաժեշտ փաստաթղթերով: Թե ինչպիսի իրավական հիմք ունի այս առուվաճառքը՝ պատկան մարմինները կարող են պարզել: Իսկ ո՞վ պիտի զբաղվի ճակատագրից առանց այդ էլ տուժած այս ընտանիքով, այնքան էլ պարզ չէ:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել