Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերականգնենք դրուժինաները

Մարտ 10,2005 00:00

Առաջարկում
է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ բացահայտելով
իր հայրենասիրության ակունքները: «Սովետական տարիներին ես միշտ մտածում էի՝
պահեստապետը մեքենայով է տանում, բանվորը՝ թոփերով… բա ո՞նց է էս երկիրը կառուցվում»,-
այսպես սկսվեց Տիգրան Ուրիխանյանի եւ «Առավոտի» զրույցը: Ավելի ուշ, իհարկե, պարոն
Ուրիխանյանը գտել էր պատասխանը. «Պապս հայրենադարձության կոմիտեի նախագահն էր: Մեկին
օգնելու համար մի օր նա տուփով խմիչք էր նվեր ստացել: Երբ մի-երկու օրից տատս տուփը
բացեց՝ մեջը հարյուրանոցներ էին լցված: Պապս էդ մարդուն կանչեց, վիրավորեց, փողերն
էլ իրեն շպրտեց: Այ, էդպիսի մարդիկ էին երկիր կառուցում, դա է հայրենասիրությունը»:
Հիմա պարոն Ուրիխանյանը, պապի օրինակին հետեւելով, ուզում է իր՝ ժողովրդավարական
Հայաստանը կառուցել: Դրա համար կուսակիցների հետ մեկտեղ աշխատելու են հասարակական
գիտակցության ձեւավորման ուղղությամբ: Ասենք, առաջարկում են եւ 2002-ին իրենք ստեղծել
են Երեւանի օժանդակ-օրինապահ ջոկատները՝ դրուժինաների օրինակով, որոնց խնդիրն է Երեւանի
մաքրմանն ու բարեկարգմանը մասնակցել, օգնել իրավապահներին: Պարոն Ուրիխանյանը խոստովանեց,
որ ինքը տպավորված է անցյալ ամիս կայացած իրենց համագումարից. «360 պատվիրակներ,
կուսակցությանը հարող ու համակրող անդամներ գալիս ու գալիս էին: Եթե մենք էլ ձեւականորեն
շարեինք ու կանգնեցնեինք, ինչպես եղավ Գեղամյանի կոնֆերանսի ժամանակ… բավականին
լուրջ տպավորություն է թողնում նաեւ ինձ վրա: Կարծում եմ՝ այս կուսակցությունը կարող
է բավականին լուրջ հայտեր ներկայացնել քաղաքական դաշտում գործընթացներին մասնակցելու
համար»: Այս համատեքստում ՀԱԿ նախագահը գտնում է, որ ժամանակի ընթացքում իր ղեկավարած
կուսակցությունը դոմինանտ կդառնա եւ շատերը կմիավորվեն իրենց: Առաջիկա գարնանը ներքաղաքական
կյանքում նա կանխատեսում է «որոշակի խժդժություններ», որոնք կլինեն ավելի լուրջ իրադարձության՝
ՏԻՄ ընտրությունների նախապատրաստություն: Ի դեպ, այս ընտրությունները ՀԱԿ-ը կարեւորում
է, թեեւ դրանց անմիջական մասնակցություն չի ունենա: «Դեռեւս չենք համարում, որ մեր
մարդկային եւ մասնագիտական ռեսուրսները թույլ են տալիս էդ լուրջ խաղի մեջ մտնելու՝
հաղթանակի հասնելու 100 տոկոսանոց երաշխիքներով»,- ասում է նա: Չնայած այնուհետեւ՝
ԱԺ եւ 2008-նախագահական ընտրությունները, ըստ մեր զրուցակցի, կլինեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի
եւ Եվրոպայի շահերի բախման կիզակետը՝ «մենք գտնում ենք, որ Հայաստանը կմնա կայուն
վիճակում, կգտնվեն եւ կհամախմբվեն մեզ պես մտածող ուժերը եւ կկարողանան պահպանել
բնականոն զարգացումը: Դա պետք է արվի ամենահաստատուն ձեւով, որպեսզի չունենանք Վրաստանի
եւ Ուկրաինայի հետընտրական զարգացումները»: Իսկ հավատո՞ւմ է Տ. Ուրիխանյանը
Արամ Կարապետյանի հեղափոխությանը: «Արամ Կարապետյանին ընդունում եմ որպես քաղաքական
գործիչ, որը քայլ կատարելիս երկար ժամանակ նախապատրաստվում է դրան: Բայց երբ ստիպված
է լինում կատարել չնախատեսված, սպոնտան քայլեր, որոնց շուրջ մտորելու կամ վերլուծելու
ժամանակ չի ունեցել, միանշանակ հանգելու է անհաջողության: Սա հենց էդպիսի քայլ է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել