Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՎԹԸ ՀԱՄԱԴԱՐՄԱՆ ՉԷ

Մարտ 10,2005 00:00

Ադրբեջանն ադրբեջանցիների աչքերով

Մի առիթով ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկը՝ Հիքմեթ Հաջիզադեն, մեր թերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե նավթը Ադրբեջանի համար պատուհաս է, որովհետեւ միջազգային հանրության նավթային շահերը թույլ չեն տալիս համարժեքորեն գնահատել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրական իրավիճակը: Նա կարծիք էր հայտնել նաեւ, թե մինչ Ադրբեջանի պետական վերնախավը օգտվում է նավթային բիզնեսից ստացվող ֆինանսական միջոցներից՝ շարքային ադրբեջանցիների սոցիալական վիճակը մնում է ծանր: Ըստ էության, նույնի մասին վկայեց անցյալ շաբաթ Բաթումում տեղի ունեցած միջազգային սեմինարի մասնակից, Ադրբեջանի իրավական կրթության ասոցիացիայի վարչության անդամ Էլլադա Շիրիեւան: Նրա վկայությամբ, այդ երկրի հասարակությունը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրներ լուծելու անհրաժեշտության առջեւ: Այդ հիմնախնդիրների մասին խոսելով՝ Է. Շիրիեւան նախ առանձնացրեց երկրի կառավարման գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող կոռուպցիան։ Տնտեսական հիմնախնդիրների թվում նա մատնանշեց մենաշնորհային քաղաքականությունը:

«Ադրբեջանում մենաշնորհներ կան տնտեսության շատ ոլորտներում՝ փայտամշակում, մթերքների որոշ տեսակների ներկրում, դեղորայք եւ անգամ մանկական տակդիրներ, ինչը խոչընդոտում է փոքր եւ միջին գործարարությանը»,- ներկայացրեց ադրբեջանցի երիտասարդ գործիչը։ Ադրբեջանում թղթի վրա գրված հակամենաշնորհային օրենքներ կան, որոնք չեն գործում համապատասխան մեխանիզմներ չլինելու պատճառով:

«8 մլն բնակչությունը կենտրոնացած է Բաքվում եւ նրա մերձակա շրջաններում,- շարունակեց Է. Շիրիեւան,- սրան հավելվում են նաեւ փախստականների հիմնախնդիրները: Քանի որ ռեգիոններում զարգացում չկա, նրանց հնարավոր չէ տեղաբաշխել այնտեղ: Ցածր հիմքերի վրա է դրված պայքարը կանանց եւ երեխաների վաճառքի դեմ»:

Այդուհանդերձ, ըստ նրա, երկրից զանգվածային արտահոսք չկա:

Ինչ վերաբերում է քաղաքական հիմնախնդիրներին, ապա վերջինս առաջին հերթին շեշտեց ազատ ընտրությունները՝ որպես ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկը: Ադրբեջանցիները խուսափեցին գնահատական տալ 2003-ին այդ երկրում տեղի ունեցած ընտրություններին: «Խոսքի ազատությունը մեծ հիմնախնդիր է Ադրբեջանում: Պետական օղակների կողմից քաղաքական հետապնդումներ եւ ճնշումներ են իրականացվում ազատ խոսքի կամ կարծիք արտահայտող գործիչների նկատմամբ»,- ասաց Է. Շիրիեւան: Նա ընդգծեց, որ իշխանությունն Ադրբեջանում կենտրոնացած է գործադիր օղակի ձեռքում. «Օրենքներ կան, նույնիսկ լավ օրենքներ, բայց դրանք չեն գործում, իսկ այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, խոսք լինել չի կարող նաեւ խոսքի ազատության եւ մարդու իրավունքների, ազատ ընտրությունների մասին: Այս հիմնախնդիրները փոխկապակցված են եւ պահանջում են համալիր լուծում»:

Հասարակական գործչի ասելով՝ Ադրբեջանի եւ ընդհանրապես տարածաշրջանային զարգացման մասին որեւէ խոսք լինել չի կարող, քանի դեռ կա այնպիսի չկարգավորված հակամարտություն, ինչպիսին է ԼՂ հիմնախնդիրը:

Ադրբեջանի վրա «դրսի» ճնշումների մասին խոսելիս Է. Շիրիեւան մատնանշեց մասնավորապես Կասպից ծովի սեկտորների բաժանման հիմնախնդիրը, ուր որոշակի եւ բացասական դերակատարում ունի Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ նա դժգոհեց միջազգային հանրությունից, հատկապես՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում. «Այդ հիմնախնդրի կարգավորման մասին խոսում են մի քանի տարի, հետո փոխվում է համանախագահող երկրի ներկայացուցիչն ու ամեն ինչ սկսվում է զրոյից: Նա նորից սկսում է ծանոթանալ իրավիճակին, հակամարտությանը: Իսկ դրանից տուժում է տարածաշրջանը: Չկա վստահություն՝ տնտեսական համագործակցություն սկսելու համար: Իհարկե, Ադրբեջանում նաեւ շատ դրական տեղաշարժեր էլ կան, որոնք տեղի են ունենում միջազգային հանրության աջակցության շնորհիվ՝ եւ կրթական, եւ տնտեսական, եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում»:

Իր հերթին «Թուրան» գործակալության ներկայացուցիչ Անար Քանբեյլին փոքր-ինչ սրբագրեց իր հայրենակցին՝ նկատելով, թե Ադրբեջանը 90-95 թվականներին ստագնացիայի վիճակում էր եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարվոք չէր, որովհետեւ ռազմական գործողությունները ետին պլան էին մղել երկրի տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումները: Ըստ նրա, արմատական փոփոխությունները սկսվեցին 94-ի հրադադարից եւ առավելապես 98-ից հետո: Կարճ ժամանակում, նրա ասելով, հնարավոր եղավ մակրոտնտեսական մեծ աճ գրանցել, եւ սկսվեց ժողովրդավարությանն անցման փուլը:

Ա. Քանբեյլին համամիտ չէր հայկական կողմի հայտնած այն կարծիքին, թե ԼՂ հարցի կարգավորումը պայմանավորված է լեգիտիմ իշխանություններով, որովհետեւ, նրա ասելով, Ադրբեջանում ով էլ գա իշխանության՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում կառաջնորդվի այն նույն մոտեցումներով, ինչ ներկայիս իշխանությունները, եւ կառաջադրի նույն պայմանները: Ու թեեւ նա ձեռնպահ մնաց հայկական ուժերը գրավյալ տարածքներից դուրս բերելու պահանջ հնչեցնելուց, այդուհանդերձ ակնարկեց, թե այդ պայմանները հայտնի են:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել