Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՏԱՍՆՎԵՑ ԲՈՂՈՔ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Մարտ 10,2005 00:00

2003-2004-ին
ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին
վարչական պատասխանատվության: Հետագա փորձը ցույց տվեց, որ այդ մարդիկ երբեմն
գրեթե մենակ էին մնում դատարանի առջեւ, երբ փորձում էին եռաստիճան դատական համակարգի
աստիճանները հերթով անցնելով՝ արդարության հասնել Հայաստանում: Այժմ նրանցից ոմանք
պատրաստվում են դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արդյոք կուսակցություններն
աջակցելո՞ւ են, որ նրանք փորձեն վերականգնել իրենց խախտված իրավունքները: Այս հարցն
էինք ուղղում այն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին, որոնց շարքերում առավել
շատ էին ձերբակալվածները: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյան.
«Դաշինքը ոչ թե ցույց է տալու աջակցություն, այլ ցույց է տվե՛լ: «Արդարությունը»
բոլոր տուժածներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որքան հնարավոր է եղել
աջակցել է թե՛ բարոյապես, թե՛ նյութապես, թե՛ իրավական առումով: Մենք շատերին աջակցում
ենք նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցում»: «Ազգային
միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյան. «Տեղի ունեցած բռնությունների հետեւանքով
է՛լ ավելի գոտեպնդվեցին «Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվիստները: Նրանք
արդեն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ անօրեն երկրում են ապրում, ինչ բարքեր են տիրում
իշխանական շրջանակներում, եւ իրենց սրբազան պարտքն են համարում է՛լ ավելի հետեւողականորեն
պայքարել, որ օր առաջ թոթափեն այս ապազգային իշխանությունների բեռը: Եվ յուրաքանչյուրը
դա արդեն դարձրել է իր կյանքի նպատակը: Այնպես որ՝ ցավոք, տվյալ դեպքում մենք իրապես
գործ ունենք այն ճշմարտության դրսեւորման հետ, որ չկա չարիք առանց բարիք»: ԱԺՄ
նախագահ Վազգեն Մանուկյան. «Պատասխանատվության հարցը մնացել է օդում կախված: Եվ պետք
է ասեմ, որ մենք շատ հետեւողական էլ չէինք: Երեւի ավելի հետեւողական էր պետք լինել,
բայց ամեն դեպքում՝ որեւէ նորություն չկա այդ առումով»: ԱԺԴ նախագահ Արշակ
Սադոյան. «Մեր կուսակցությունից մի քանի հոգի ենթարկվեցին 3-7-օրյա վարչական կալանքի:
Եղավ նաեւ մի դեպք, երբ Արտաշատում դատապարտեցին 10-օրյա վարչական կալանքի, բայց
հետո, երբ բողոքեցինք եւ լայն արձագանք ստացավ՝ կրճատեցին պատժաժամկետը՝ չնայած դատարանի
որոշմանը: Եվ տարօրինակ վիճակ է՝ չգիտենք, նրան կարո՞ղ են «չնստած» 4 օրերի դիմաց
հետագայում կալանավորել, թե՞ ոչ: Ակնհայտ ապօրինություններ եղան վարչական կալանքի
ենթարկելու գործընթացներում: Եվ մենք իրականացնում ենք գործընթաց, որ Հայաստանի դատական
համակարգի բոլոր ատյաններն անցնելուց հետո՝ դիմենք միջազգային ատյաններին: Կարծում
եմ՝ առաջիկայում մի զգալի խումբ իր նկատմամբ իրականացված անօրինականությունների համար
կպահանջի առնվազն նյութական վնասի փոխհատուցում»: «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան. «Վարչական կալանքների ենթարկվածների առումով մենք
հետեւողական եղանք: Նրանցից մի մասի գործերն անցան բոլոր 3 ատյաններով եւ պատրաստվում
են դիմումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար: Մոտ օրերս
կներկայացվեն դրանցից մի քանիսը: Ավելի որոշակի՝ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը «Հանրապետության»
գրասենյակում տեղի ունեցած դեպքերի մասով ինքս եմ հետեւողական եղել՝ նաեւ որպես տուժող,
եւ հայտարարություն եմ ներկայացրել դատախազությանը կատարված հանցագործության վերաբերյալ:
Հիմա դատական 3 ատյաններն անցնելուց հետո եւ ստանալով դատախազության պատասխանը, որ
քրեական գործը կարճված է՝ դարձյալ պատրաստում ենք նյութեր, եւ մոտ օրերս գանգատը
փոստով կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Փաստաբանների միջազգային
միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հայտնեց, որ վարչական կալանքի եւ քրեական գործերով
(Էդգար Առաքելյանի եւ այլոց գործերը), որոնք առնչվում են երթերին ու հանրահավաքներին՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվելիք դիմումների քանակն «այս պահին
16-ն է», սակայն նաեւ հավելեց, որ բողոքատուները մի քանի տասնյակ են: Նրա հետ զրույցն
ավելի մանրամասն՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել