Հեղափոխություն վերեւից Մոլդովայում իշխանության ղեկին գտնվող կոմունիստների բանեցրած քաղաքական ճարպիկ հնարքը զարմացրեց անգամ շատ բան տեսած վետերան-քաղաքագետներին: Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակներով համոզվելով, որ Կրեմլի ցուցաբերած քաղաքական աջակցությունը էլեկտորատի վրա ունենում է մոտավորապես նույն ազդեցությունը, ինչ որ որդը՝ «Պոտյոմկին»-ի նավաստիների վրա, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտոնական Քիշնեւը կտրուկ փոխեց իր ընտրական ռազմավարությունը: Այն է՝ միարժեք եւ նպատակային խաղադրույք կատարեց Արեւմուտքի վրա՝ զուգահեռաբար կոպտորեն մերժելով ԱՊՀ կողմից դիտորդական ծառայությունների առաջարկը: Եվ դա այն պարագայում, երբ դեռ շատ թարմ են Մոլդովայի կոմունիստ նախագահ Վորոնինի երբեմնի ռուսահաճո լոզունգների հետ կապված հիշողությունները: Այդ հնարքն, ինչպես տեսնում ենք, միանգամայն արդարացրեց իրեն: Կոմունիստները՝ ձայների 46,11 տոկոսով, գրավեցին առաջին տեղը: Նրանց հաջորդում է «Ժողովրդավարական Մոլդովա» ընդդիմադիր դաշինքը՝ քվեների 28,41 տոկոսով: Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը երրորդ տեղում է՝ հավաքելով քվեների մոտ 9,6 տոկոսը: Մնացյալ կուսակցություններին ու դաշինքներին չի հաջողվել հաղթահարել անցողիկության արգելանքը, ուստի նրանց տրված քվեները համամասնաբար կբաշխվեն հաղթանակած ուժերին: Ինչպես տեսնում ենք, Մոլդովայի գործող իշխանությունները հրաշալի դասեր քաղեցին ԱՊՀ-ում տեղի ունեցած զանազան գույնզգույն հեղափոխություններից՝ արդյունքում, թող որ ոչ լիարժեք, բայց եւ առանց հեղինակազրկող կեղծիքների ու ավելորդ աղմուկի, պահպանելով իրենց դիրքերը: Ճիշտ է՝ այժմ նրանք ստիպված կլինեն կառավարման լծակները որոշ չափով կիսել «Ժողովրդավարական Մոլդովա»-ի իրենց ընդդիմախոսների հետ, սակայն դա ուղղակի երանելի վիճակ է՝ համեմատած Վրաստանում՝ Շեւարդնաձեի, իսկ Ուկրաինայում՝ Կուչմայի՝ ինքնասպանության եզրին գտնվող թիմակիցների հետ: Մոլդովական ընտրությունների եւս մեկ՝ ոչ պակաս ուշագրավ ֆենոմենն այն է, որ, ի հեճուկս ռուս վերլուծաբանների բազմաթիվ կանխատեսումների, ընտրություններին ակտիվ մասնակցություն բերեցին նաեւ, այսպես կոչված՝ Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության քաղաքացիները, որոնք հիմնականում իրենց ձայները տվել են «ԺՄ» ընդդիմադիր դաշինքին: Սա, ինչպես ասում են, եւս մի քար է՝ ճարպկորեն նետված Կրեմլի բոստանը, եւ որի դեմ Մոսկվան, ըստ էության, որեւէ խելքին մոտ հակաքայլ չունի: Եթե այս ամենին հավելենք նաեւ, որ ընտրություններին հետեւած ավելի քան 500 եվրոպական դիտորդներն «ընդհանուր առմամբ դրական» են գնահատել դրանց ընթացքը, ապա հարկադրված կլինենք անել հետեւյալ եզրահանգումը: Խարխլվող ԱՊՀ-ում օրինաչափորեն տեղի ունեցավ եւս մեկ՝ այս անգամ մոլդովական տիպի «ապահարզանը», որը թեեւ ձեւով տարբերվելով վրաց-ուկրաինական համարժեքներից՝ բովանդակային առումով հանգեցրեց նույն արդյունքին. այն է՝ հետխորհրդային տարածքում ծայր առած ժողովրդավարացման նոր շղթան ավելացավ եւս մեկ օղակով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ