Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի

Մարտ 08,2005 00:00

Րաֆֆի սիրում է, բայց չի կարդում ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը քառօրյա նիստերի ավարտին պատասխանել է «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի հարցերին: – Եռօրյայի համեմատությամբ քառօրյան դժվա՞ր էր: – Ոչ մի տարբերություն չկա: Ի՞նչ ա փոխվում: Դա էական ոչ մի փոփոխություն չի տալիս. երե՞ք շաբաթ, թե՞ 2 շաբաթ, թե՞ 4 շաբաթ: Համենայնդեպս, քվեարկվում են հարցերը եւ փակվում են հարցերը: – ՄԱԿ-ը պնդում է, որ ԱԺ նիստերը պետք է անցկացնել ամեն շաբաթ: Որեւէ խնդիր չկա՞: – Իմ կողմից դա անընդունելի է: Ես գտնում եմ, որ սենց էլ է լավ: – Քանի՞ օրենսդրական նախաձեռնություն եք ներկայացրել ԱԺ-ին: – Երեւի 5-6: – Ի՞նչ նախագծեր եք ներկայացրել: – Տարբեր. ֆինանսական, տնտեսական: – Ձեր հեղինակած նախագծերից մեկը կվկայակոչե՞ք: – Չեմ հիշում: – Ի՞նչ կարող եք ասել ժամանակակից հայ գրողների մասին: – Ժամանակակից գրողների մասին կարող եմ ասել՝ իհարկե, սովետական տարիներից հետո մեր գրականությունը ծանր ժամանակներ ապրեց: Բայց կարծում եմ՝ կվերականգնվի: Դե, երիտասարդ են, կամաց-կամաց կգրեն: Սերնդափոխության ենք գնում մենք: Սովետական կարգերից դուրս եկանք, կարելի է ասել: Նոր կարգեր ա գնում, նոր մոտեցումներ ա գնում: – Իսկ ո՞ւմ եք շատ սիրում հայ գրողներից: – Սիրել եմ եւ սիրում եմ Րաֆֆիին: Բոլոր գործերը: Բայց չեմ կարդում: – Վահան Տերյանի ստեղծագործությունները հավանո՞ւմ եք: – Չեմ կարդում, Սեւակ եմ կարդում: – Սեւակի ո՞ր գործն եք կարդում: – Բոլորը: – Ձեր աշխատասենյակում ո՞ր գիրքը կուզեիք, որ հավերժ դրված լիներ: – Իհարկե, մեր ազգի պատմության մասին: – Ո՞ր հեքիաթն եք շատ սիրում: – Թումանյանի հեքիաթները: Ամենաշատը սիրում եմ «Շունն ու կատուն»: – Հաճա՞խ եք կարդում «Շունն ու կատուն»: – Տարին մի քանի անգամ: – Այս տարի քանի՞ անգամ եք կարդացել: – Այս տարի չեմ հասցրել: Նոր ա սկսվել տարին: – Արտասահմանյան գրականությունից ի՞նչ եք սիրում: – Ռուսականն էլ ա՞ մտնում արտասահմանյանի մեջ: «Աննա Կարենինան»: – Ձեր գործարար ու օրենսդիր գործունեության համադրման պայմաններում հասցնո՞ւմ եք տարին մի քանի անգամ այդքան մեծ վեպեր եւս կարդալ: – Էդ մեկը չեմ կարդացել, ֆիլմն եմ նայել: Զրուցեց ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել