Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ

Մարտ 08,2005 00:00

«ԻՆՔՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ» Լյուդմիլա Հարությունյանի համոզմամբ, ներկայումս իշխանության ձգտող գործիչները լավ չեն պատկերացնում Հայաստանին նետված մարտահրավերները: «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանի տպավորությամբ, ներկայումս լայն թափով ընթանում է ընտրությունների նախապատրաստական փուլ: Ավելին՝ «բոլոր նշանները կան, որ ոմանց համար ընտրություններն արդեն սկսվել են»,- ասում է նա: Նայելով այդ «տարբեր մարդկանց մակարդակների, ոճերի, մոտեցումների եւ ֆինանսական միջոցներով իրականացվող ինքնաներկայացման շքերթին»՝ Լյուդմիլա Հարությունյանը մի բանի պակաս է զգում. «Չնայած շքերթը հայ հասարակության համար է, բայց այսօր հասարակությունը կենդանության ոչ մի նշույլ ցույց չի տալիս»: Պատճառը նա համարում է այն, որ հասարակության համար միգուցե ընտրությունները դեռ 2-3 տարի հետո են, կամ, որ ավելի հավանական է՝ «հասարակությունը սովոր չէ ընտրություններն իր սեփական շահերի պաշտպանության գործընթաց դարձնելու, այլ գործում է ամենապրիմիտիվ բիզնեսային ճանապարհով»: Վերլուծելով անցյալը եւ նախորդ ընտրությունների արդյունքները՝ պրոֆեսոր Լ. Հարությունյանը չի բացառում, որ հասարակությունը կվերանայի իր մոտեցումները: Մեր զրուցակիցը ինքնաներկայացման շքերթի ելածներին մի շարք հարցեր է ուղղում. «Գիտե՞ն, արդյոք, նրանք, որ եթե անգամ ընտրությունները լինեն սահմանադրական ժամկետներում՝ Հայաստանն այսօր ծանրագույն վիճակում է, որ մոտակա երեք տարում ղարաբաղյան հարցը կարող է չպահանջել փաստաթղթերի ստորագրում, բայց հաջորդ տարիները հնարավոր չէ ձգել, պետք է, որ փոփոխություններ տեղի ունենան, որ Աթկինսոնի զեկույցը վերջապես կարձագանքի երեք տարի հետո, մի շատ կարեւոր որոշմամբ, որի ստորագրողն իրենք կլինեն, որ կոռուպցիան համատարած է, եւ ստեղծված բազմաթիվ հանձնաժողովները վերջին հաշվով կոռուպցիայի առաջ անզոր են դառնում, որ դեմքը, որը կառաջնորդի Հայաստանը, եւ իմաստունները, որոնք Հայաստանի խորհուրդը կլինեն, պետք է իրենց վրա կարողանան վերցնել բարեփոխումների հիմնական բեռը, որովհետեւ Հայաստանը թեւակոխել է մի ժամանակահատված, որ վերջնականապես քանդել է հինը եւ բացարձակապես չի կառուցել նորը: Չկառուցած այլեւս հնարավոր չէ շարունակել: Հաջորդ փուլը սկսվել է՝ օլիգարխները մտել են մեխանիզմների մեջ եւ ծառայեցնում են իրենց, եթե պետությունը չվերցնի դրանք իր ձեռքը՝ Հայաստանը կգնա միջնադար: Վիճակագրությունը մնում է վիճակագրություն, թվերը շարունակում են գեղեցկանալ, սակայն իրականությունը մնում է նույնը: Գիտե՞ն, արդյոք, իրենց առաջարկողները, որ հայ ժողովուրդն այլեւս այն խեղճ ժողովուրդը չէ, որ Բուզանդի փողոցի տների քանդման կապակցությամբ արյուն է թափվում, որ «ՏԷՑ-ի կրուգի» ռազբորկայի կապակցությամբ բոլորն ընդվզում են, որ այլեւս հնարավոր չէ փակել այլախոհ ԶԼՄ-ները, որ ժողովուրդը գիտի Եվրոդատարանի տեղը, որ շատ թե քիչ, բայց ժողովուրդը քայլել է ժողովրդավարության ճանապարհով»: Լ. Հարությունյանը մի տպավորություն էլ ունի՝ «Երազողները շատ լավ գիտեն՝ ինչ են ակնկալում շահել, բայց ի՞նչ ստիպված կլինեն անել եւ ինչի՞ համար պատասխան կտան՝ լավ չգիտեն: Հայաստանում ոչինչ չի մնացել բաժանելու, իսկ վերաբաժանելն ավելի բարդ է»: Մեր զրուցակիցը հարթակում եղածների մեջ չի տեսնում մեկին, որը պատկերացնում է ժամանակակից եվրոպական օրենսդրությունը, սոցիալական խարտիան եւ, ընդհանրապես, խաղի այն կանոնները, որոնց ստիպված է լինելու ենթարկվել: «Գոյություն ունեն ԱՄՆ-ի գերիշխանությամբ եւ Ռուսաստանի պարտվողականությամբ նոր աշխարհ, հօգուտ ժողովրդավարության եւ նրա դրոշի ներքո լուծվող կոնֆլիկտներ: Դրա ցայտուն ապացույցը Լիբանանում սկսվող հեղափոխությունն է: Եվ Հայաստանը չգիտի, թե որ օրը մեր փողոցներում կսկսվեն այդ ցույցերը»,- ասում է Լ. Հարությունյանը: Իհարկե, երեւակայությունը լարելով՝ կարելի է պատկերացնել, որ դա ժեստ է հասարակության հանդեպ՝ «ակնկալում են, որ հասարակությունն իրենց կգնահատի, բայց հասարակության բացակայությունը գործընթացը սխալ ճանապարհով է տանում, եւ ես ընդամենն ուզում եմ լրացնել այդ պակասը»: Ղարաբաղի համար պայքարի Հայաստանի միակ գործիքը Լ. Հարությունյանը համարում է ժողովրդավարական չափանիշների յուրացման աստիճանը: «Բոլորիս քաշն էլ, նպատակներն էլ պարզ են, բայց ժամանակը կարող է աշխատել մեր եւ ԼՂՀ-ի օգտին, եթե ժողովրդավարական գործընթացները ծավալվեն, եթե Ադրբեջանը ԼՂՀ-ին նավթով չվախեցնի, ինչպես եղավ 1918 թվականին: Նավթի միլիարդները հնարավոր է գան Ադրբեջան, բայց դրանք չեն ուժեղացնելու երկիրը, որովհետեւ այն նույնպես չունի ժողովրդավարական մեխանիզմներ: Նավթի գինը հավասարակշռվելու է ժողովրդավարության գնին: Բոլորը նավթի գինը գիտեն, բայց ժողովրդավարության գինը չգիտեն: 21-րդ դարում գին ունեն ժողովրդավարությունը, դերը տարածաշրջանում եւ ալյանսները, որում մասնակցում ես»: Ուստի Լ. Հարությունյանը կարեւորում է աշխատանքը, որի արդյունքում նավթին խոչընդոտող պատերազմն ավելի կարեւոր կդառնա, քան նավթամուղին ուղղված դոլարները: «Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե մի դատավոր արագացված դատ է անում՝ առանց պաշտպանյալ ունենալու իրավունք տալու, այդ դատավորն ուղիղ ձեւով պակասեցնում է մեր շանսերը ղարաբաղյան պատերազմը շահելու համար»,- ասում է Լ. Հարությունյանը: Նա խնդրում է հիշել, թե ինչով ավարտեցին Պինոչետն ու Նուրիեգան եւ թե իրականում ինչքան բարձր է ժողովրդավարության գինը բանակցության սեղանին. «Այն հայերը, որոնք իրենց այդ սեղանին թույլ են զգում, թող հիշեն, որ կարող են ուժեղանալ միայն Հայաստանի ժողովրդավարացմամբ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել