ՄԻ ՕՐԻ, ՄԻ ՀԱԼԻ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդները արձանագրեցին իրենց երկրների խնդիրների ընդհանրությունը եւ առաջարկեցին լուծումների մոդելներ: Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ Վրաստանի նոր տնտեսագիտական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ անցյալ շաբաթ Բաթումում տեղի ունեցած միջազգային սեմինարի շրջանակներում քննարկված առաջին թեման Հարավային Կովկասի երեք երկրների հասարակություններում առկա հիմնախնդիրներն էին, որոնց շուրջ զեկուցումներով հանդես եկան Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդները՝ ուսանողներ եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հենց տեղում ըստ երկրների ձեւավորվեցին աշխատանքային խմբեր, որոնք պետք է համատեղ ի մի բերեին իրենց երկրների հասարակություններում առկա հիմնախնդիրները: Արդյունքում, ինչպես պարզվեց զեկույցներից, տարածաշրջանի բոլոր երեք երկրներում էլ առկա հիմնախնդիրները գրեթե նույնն են։ Կան, իհարկե, առանձին նրբություններ, ինչպիսիք են, ասենք, Վրաստանում «Վարդերի հեղափոխության» արդյունքում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունները եւ կոռուպցիայի դեմ սկսված իրական եւ լայնածավալ արշավը: Ադրբեջանական հասարակության ներսում, հենց ադրբեջանցի երիտասարդների մատնանշած, առկա հիմնախնդիրներին, թերեւս, առանձին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական համաժողովի երիտասարդական կազմակերպության անդամ Սիրանույշ Բարսեղյանն առանձնացրել էր այն գործոնները, որոնք խանգարում են երկրում զարգացնել շուկայական հարաբերությունները, քաղաքացիական հասարակության եւ ընդհանուր առմամբ՝ իրավական պետության կայացմանը. ոչ ժողովրդավարական ընտրություններ, օրենքի գերակայության բացակայություն, մեծ չափերի հասնող ստվերային տնտեսություն ու տնտեսական կլանային համակարգ, մենաշնորհային քաղաքականություն, կոռուպցիա: Որպես ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձեւավորման խոչընդոտներ` զեկուցողը մատնանշեց հասարակության ակտիվության ցածր մակարդակը, այսօր տիրող համընդհանուր ապատիայի մթնոլորտը, ԶԼՄ-ների կախվածության հանգամանքը եւ այլն: Բնական է, որ թե հայկական եւ թե ադրբեջանական կողմը մատնանշեցին նաեւ ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը: Վրաստանի ներկայացուցիչները, որպես առկա հիմնախնդիրներ, մատնանշեցին երկրի սոցիալական վիճակը, գործազրկությունը, կրթական համակարգի կայացած չլինելու հանգամանքը, պետական օղակներում կոմպետենտ կադրերի պակասը, վատ օրենսդրությունը, կուսակցությունների ազատության խնդիրը, երկրում ընթացող իշխանության կենտրոնացումը, Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: Զարմանալի կարող է թվալ, բայց վրաց զեկուցողը իր երկրի հիմնախնդիրների շարքում ընդգծեց նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ կատարվող ճնշումները եւ հասարակության կողմից տնտեսական բարեփոխումների հանդեպ ունեցած եւ դեռեւս չարդարացված սպասելիքները: Սեմինարի ընթացքում կազմակերպիչների նախաձեռնությամբ ձեւավորվեցին Հարավային Կովկասի երեք երկրների ներկայացուցիչներից բաղկացած խառը աշխատանքային խմբեր, որոնք պետք է համատեղ մշակեին եւ առաջարկեին ապագայում Հարավային Կովկասի ինտեգրացման, ազատ տնտեսության եւ հասարակության ձեւավորման մոդելներ: Արդյունքում երեք երկրների երիտասարդներն էլ համամիտ էին, որ տարածաշրջանային ինտեգրացիան պետք է սկսել իրենց երկրների ժողովրդավարացման գործընթացով եւ տնտեսական համագործակցությամբ՝ չսպասելով առկա հակամարտությունների քաղաքական լուծումներին: Իհարկե, այս իմաստով որոշակի վերապահում ուներ ադրբեջանական կողմը, որը սա իդեալական մոդել համարելով հանդերձ` կարծիք հայտնեց, թե դա իրատեսական չէ, որովհետեւ փոխադարձ վստահություն չկա հակամարտող կողմերի միջեւ: Բայց որպես առաջին քայլ` հնարավոր համարվեց ազատ առեւտրական գոտիներ ձեւավորել Զուգդիդիում, Էրգնիթիում եւ Սադախլոյում: Խմբերից մեկի զեկուցող Զոհրաբ Իսմայիլովը նկատի ունենալով, որ քանի դեռ Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող ազատ առեւտուր անել, առաջարկեց, որ Վրաստանի կառավարությունը նպաստի դրան: Որպես Հարավային Կովկասի ինտեգրացիայի վերջնական հանգրվան` բոլոր երեք երկրների երիտասարդները համարեցին ԵՄ-ն եւ ինտեգրումը ՆԱՏՕ-ում: Ի դեպ, միջազգային այս սեմինարը, թերեւս, միակն էր, որտեղ ի տարբերություն որեւէ այլ մակարդակներում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ քննարկումների՝ ադրբեջանական կողմը չբարձրաձայնեց իր տարածքների 20 տոկոսի գրավման, հայկական ռազմական ուժերը գրավյալ տարածքներից դուրս բերելու մասին: Ադրբեջանցիները դիվանագիտորեն շրջանցեցին այդ թեման՝ կառուցողական երկխոսությունը չվտանգելու համար: Եվ առհասարակ, սկզբում դժվարին թվացող շփումը, ի վերջո, ստացվեց նաեւ Վրաստանի նոր տնտեսական դպրոցի նախագահ Պաատա Շեշելիձեի ծննդյան կապակցությամբ հրավիրված խնջույքի շնորհիվ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ