Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵ՞Ր «ԵՐԵՎԱՆ» ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ

Մարտ 08,2005 00:00

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ Ալեքսան Հարությունյանը պարզաբանում է «Երեւան» ստուդիային եւ հեղինակային
իրավունքներին առնչվող որոշ խնդրահարույց հարցեր: «Երեւան» ստուդիայի արդեն
նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանը հայտարարել էր. «Իմ ներկայությունը հեռուստատեսությունում
շատերին խանգարում էր»։ Քանի որ այդպես էլ հայտնի չեն նրա պաշտոնանկության պատճառները՝
Ալեքսան Հարությունյանից նախ պարզաբանում խնդրեցինք, թե ինչու են աշխատանքից ազատել
նրան: «Խնդիրը ոչ այնքան իր անձին էր վերաբերվում, որքան «Երեւան» ստուդիայի ապագային:
Որպես ռեժիսոր՝ Տիգրան Խզմալյանի մասին բավական լավ կարծիքի եմ՝ շնորհքով մարդ է
ու նրա ստեղծած ֆիլմերի գոնե մի մասը ներկայացնում է որոշակի արժեք,- ասաց նա:- Խնդիրը
վերաբերում է մենեջեր Տիգրան Խզմալյանին: «Երեւան» ստուդիան հայտնվել է բավական տխուր
վիճակում: Ես պատրաստվում եմ հրավիրել լրագրողների, որ տեղում տեսնեն, թե ինչի է
վերածվել այդ ստուդիան: Երկար տարիներ այն անտեր-անտիրական են թողել եւ գուցե շատ
խնդիրներ առաջացել են սրանից: Տարբեր մեկնաբանություններ եղան, թե ստեղծվել է «Երեւան»-ի
ստուգման հանձնաժողով: Սա թյուրիմացություն է՝ իրականում ՀՀՌԽ անդամ Ստեփան Պողոսյանի
գլխավորությամբ ստեղծվել է ստուդիայի վիճակը բարելավելու համար ուսումնասիրություններ
կատարող հանձնաժողով: Այս ստուդիայում երկար տարիներ չեն կատարվել ներդրումներ՝ ահավոր
վիճակում են նեգատիվները: Նաեւ վտանգ կա, որ ինչ-որ կորուստներ կարող ենք ունենալ
կամ արդեն ունեցել ենք: Շենքը ողորմելի վիճակում է՝ չի ջեռուցվում, թեեւ հնարավորություն
կար գոնե դա անելու: Վերջապես՝ տեխնիկական բազան է վատ վիճակում: Եվ մի շարք հարցեր
կան, որոնց պատասխանները ո՛չ Տիգրան Խզմալյանն այն ժամանակ ուներ, ո՛չ էլ ես՝ հիմա»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ հարցերի մասին է խոսքը, եւ Ալեքսան Հարությունյանը պարզաբանեց՝
ստուդիայի որոշ սարքերի «ճակատագիրը» մութ է. «Օրինակ՝ չկա «Լիխտվագեն» սարքը (սա
մի մեծ համալիր է, որով լուսավորություն է ապահովվում բացօթյա նկարահանումների ժամանակ):
Հետո պարզվեց, որ այս ամբողջական համալիրի տարբեր մասեր արդեն ունեն սեփականատերեր:
Կամ՝ 16 մմ-անոց կինոխցիկը վաճառվել է մոտ 300 դոլարով: Կան բազմաթիվ նման խնդիրներ»:
Քանի որ իր նշած փաստերը քրեական հանցակազմ պարունակող մեղադրանքներ էին՝ հետաքրքրվեցինք,
թե ինչու դրանց չի տրվում իրավական ընթացք: «Դրանք կարող են դառնալ քրեական մեղադրանքներ,
երբ ուսումնասիրությունները կավարտվեն,- ասաց ՀՀՌ խորհրդի նախագահը:- Այս պահին որեւէ
մեկին՝ այդ թվում եւ Տիգրան Խզմալյանին, չեմ ներկայացնում որեւէ մեղադրանք: Եվ հանձնաժողովն
էլ խնդիր չունի ստուգելու այդ փաստերը: Սա այլ ոլորտի ստուգումների խնդիր է՝ դրա
համար կան ֆինանսիստներ, աուդիտորներ եւ այլն: Որոշակի աշխատանքներ՝ գույքագրում
եւ այլն, արդեն իսկ կատարվում են, եւ այդ ուսումնասիրությունների ավարտից հետո պարզ
կդառնա՝ սա միջոցների վատնո՞ւմ է, թե՞ ինչ»: Տիգրան Խզմալյանը, սակայն, այս
առնչությամբ հիշեցրել էր 2000-ի իրադարձությունները, երբ հրահանգ էր եղել ազատել
«Երեւան» ստուդիայի տարածքը եւ այն դարձնել մեկ սրահ՝ հեռուստալոտո նկարելու համար։
«Այդ ամենը սուտ է: «Երեւան» ստուդիան, որպես շենք, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում:
Հին եւ քանդվող շենք է, եւ մեծ ներդրումներ են պետք այն վերականգնելու համար,- ասաց
Ալեքսան Հարությունյանը:- Բացի այդ՝ կարծում եմ, որ ճիշտ չէ խոսել մի շրջանի մասին,
որի ղեկավարն այսօր չկա: Սակայն քանի որ տեղյակ եմ այդ ամենին՝ ուղղակի կասեմ, որ
Խզմալյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը»: Առիթից օգտվելով՝
պարզաբանումներ խնդրեցինք «Երեւան» ստուդիայի նկարահանած կինոնկարների հեղինակային
իրավունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս հարցը խնդրահարույց էր դիտել «Ար» եւ
«Հայրենիք» հեռուստաընկերությունների սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ նշելով, թե տասնամյակներով
ստեղծված հեռուստաֆիլմերի մշակութային ժառանգությունը դարձել է մի քանիսի սեփականությունը:
Ալեքսան Հարությունյանն ի պատասխան՝ նշեց, թե այդ կինոնկարների հեղինակային իրավունքները
միշտ էլ եղել են «Երեւան» ստուդիայինը, եւ անգամ Հանրային հեռուստաընկերությունը
դրանք ցուցադրում է պայմանագրով. «Իսկ ժառանգության կամ ազգային արժեքների մասին
թերեւս արժեր ձեռնպահ մնալ խոսելուց, քանի որ ազգային շատ ավելի մեծ արժեքներ են
ստեղծվել, որոնք այսօր մասնավոր տնօրինման ներքո են»: Հիշեցրինք անցած տարվա
իրադարձությունները, երբ ՀՌԱՀ-ը մասնավոր հեռուստաընկերություններին զգուշացրեց չարտոնագրված
կինոնկարներ ցուցադրելու անթույլատրելիության մասին: Հանձնաժողովի ղեկավարները չէին
թաքցնում, որ այդ քայլի պատճառը Հ1-ի բողոքն է, թե մասնավորները ցուցադրում են այն
կինոնկարները, որոնց հեռարձակման իրավունքն իրենք են ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան,
թե սեփական տնտեսական շահագրգռություններից ելնելով՝ որքանո՞վ է կարողանում ներազդել
այլ հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վրա՝ Ալեքսան Հարությունյանը
պատասխանեց. «Խոսքը Հանրային հեռուստաընկերության տնտեսական շահագրգռությունների
մասին չէ: Եթե մենք մեզ համարում ենք աշխարհից կտրված, մեկուսացած ինչ-որ գետտո,
որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում եւ ամեն ինչ կարելի է՝ այդ ժամանակ կարելի
է վերցնել եւ ցուցադրել, ասենք, Հոլիվուդի կինոնկարները՝ թքած ունենալով, թե արդյոք
ունե՞նք իրավունք: Բայց բարեբախտաբար այդպես չէ, եւ եթե այդ դաշտը չկարգավորենք էլ՝
մեզ պարտադրելո՛ւ են կարգավորել: Հայաստանը կարող է հեղինակային իրավունքների ոտնահարման
համար այնպիսի՜ տուգանքների արժանանալ, որ ուղղակի երանելի կթվան ՀՌԱՀ-ի հիմա սահմանած
տույժերը: Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու սպասել՝ մինչեւ մեկը կգա Եվրոպայից եւ
մուրճով կհարվածի բոլորի գլխին, պետք է աստիճանաբար կարգավորել այս ոլորտը: Սակայն
մշակույթի որոշ գործիչներ «Մեցցո»-ի վերահեռարձակման առնչությամբ այժմ հայտարարում
են, թե ի՞նչ անենք, որ օրինական չէ՝ պետք է ցույց տանք, գրքի գողը գող չէ եւ այլն:
Այդ մտավորականները երկար տարիներ են ապրել Սովետական Միության մեջ եւ թերեւս ունեն
ծայրամասի մտավորականի բարդույթ, որը չի կարող ունենալ նույն խնդիրներն ու պարտավորությունները,
ինչ մայրաքաղաքի գործիչը: Իմ կարծիքով, այս ամենը դրա արտահայտությունն է: Իրենց
թվում է, թե Հայաստանն ինչ-որ աղքատ ծայրամաս է, ու ջհանդամը օրինականությունը՝ թող
ցույց տան, մեր ժողովուրդը նայի: Սա գավառակա՛ն մտածողություն է»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել