Բայց
այսօր դրանք առաջին հերթին բավարարում են իրենց տեղական վերնախավի շահերը: Այս
եւ այլ խնդիրների, ինչպես նաեւ ոռոգման համակարգում նախորդ տարվա ձեռքբերումներին
էր վերաբերում մարտի 4-ին Ծաղկաձորում կազմակերպված եռօրյա քննարկումը: Համաշխարհային
բանկի վարկային ծրագրով, ինչպես նաեւ մի շարք դրամաշնորհներով ոռոգման համակարգում
իրականացվող բարեփոխումները, որոնցով համակարգը պետք է դառնա ինքնակառավարվող՝ Ջրօգտագործողների
ընկերությունների (ՋՕԸ) միջոցով, արդեն արձանագրում են դրական տեղաշարժեր: Մասնավորապես,
նախորդ տարի առաջին անգամ վարձավճարների գանձումը կազմել է 65 տոկոս կամ 2,5 մլրդ
դրամ, հնարավորություն ստեղծելով հավաքված գումարներից ներդրումներ անել 650 մլն
դրամ: Սակայն խնդիրներ կան, որոնք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում
են պահպանվել, մի մասն էլ՝ խորանալ: Ըստ ոլորտում ՀԲ ծրագրերն իրականացնող գրասենյակի
ղեկավար Ադիբեկ Ղազարյանի, մինչեւ 2001 թիվը ոռոգվող տարածքները կազմում էին 160,
իսկ հետո՝ 120 հա: Թեպետ մատակարարվող ջրի քանակը չի պակասել: Բանախոսը վստահ է,
որ կան «ստվերային»՝ չհաշվառվող հողեր, որոնց սեփականատերերին հաջողվում է առանց
պայմանագրի ու վճարումների՝ ջրել իրենց հողերը: «Ջրօգտագործողների կողմից ընտրված
ներկայացուցիչները՝ Ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհրդի անդամները,
շատ հաճախ մոռանում են, որ պետք է ներկայացնեն ժողովրդի, ոչ թե իրենց շահերը»,- ասաց
ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Տիգրան Քալանթարյանը, ավելացնելով, որ շատ խնդիրներ կարելի
էր լուծել ներսում՝ չհասցնելով երկրի բարձրագույն իշխանություններին, եթե գյուղապետերը
չօգտվեին իրենց իրավունքներից եւ ավելորդ վեճեր չառաջացնեին: Ի դեպ, յուրաքանչյուր
ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամների «բջիջը» հիմնականում կազմում են գյուղապետերը:
Պարոն Քալանթարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, դրա մեջ վատ բան չի տեսնում՝
«անհրաժեշտ է ընդգրկել գյուղում ազդեցություն ունեցող մարդկանց, որ լավագույնս ներկայացնեն
իրենց համայնքի շահերը»: Իսկ ովքե՞ր են «ստվերային» հողերի տերերը. «Ըստ մեր հարցախույզի՝
նույն գյուղական ավտարիտետները»: Իսկ օրենքը սահմանո՞ւմ է պատիժ նման չարաշահումների
համար. պարզվում է՝ ոչ, որովհետեւ «ջրօգտագործողների մասին օրենքը մշակելիս նման
կանխավարկած չէինք մտածում»: ԾԻԳ-ը չունի վերստուգիչ հանձնաժողով, եւ «ստվերի» հայտնաբերումը
վերապահված է ՋՕԸ- ների վարչական խորհուրդներին, այսինքն նրանց, ովքեր «ստվերի» հեղինակներն
են: Պարոն Քալանթարյանը «հուսադրեց», որ իրենք կփորձեն հաշվառման միջոցով
պարզել օրինազանցներին եւ զրկել ջրից կամ էլ՝ ստիպել վճարել: «Մեզ պետք է, որ ապագայում
գյուղացին ինքը հսկի ՋՕԸ-ի աշխատանքը, բայց նա էլ հոգնել է համակարգի կառուցվածքային
շարունակվող փոփոխություններից, բացի այդ՝ ընկերությունների աթոռ ստացած տերերը շատ
դժվար են ընկալում, որ ջուր օգտագործողը պետք է հսկի կամ ուղղորդի ջուր տվողի աշխատանքը:
Այնպես որ, նրանց լիարժեք կոնտակտին հասնելու համար դեռ ժամանակ ունենք անցնելու:
Բայց դա է ճիշտը, նաեւ՝ համաշխարհային պրակտիկայում»: Եվս մի խնդիր, որի լուծման
ձեւը չեն գտնում նույնիսկ ոլորտի պետական կառավարման մարմինները: Բանն այն է, որ
ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի պարտքերի մարման համար օրենքով սահմանվեցին
չափանիշներ, որոնցով մինչեւ 2000 թիվը պարտք ունեցողների համար այն զրոյացվում էր,
իսկ դրանից հետո չվճարածները պետք է վճարեին սահմանված ժամկետներում: Նախատեսված
էր, որ այդ գումարներով պետք է փոխհատուցվեին մինչեւ 2000-ը մուծված կանխավճարները:
Բայց առայսօր այդ խնդիրը լուծելու հնարավորություն չի ստեղծվում, որովհետեւ անհնար
է պարզել, թե ով ինչքան է պարտք՝ ջուրն այդ ժամանակ մատակարարվել է առանց պայմանագրերի
եւ ջրաչափի: Այսպիսով, ստացվում է, որ պարտաճանաչ (մի բան էլ՝ ավելին) վճարողը տուժում
է, իսկ անպարտաճանաչը, ինչպես հաճախ է լինում՝ շահում: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ