Հեղափոխություն
վերեւից Մոլդովայում իշխանության ղեկին գտնվող կոմունիստների
բանեցրած քաղաքական ճարպիկ հնարքը զարմացրեց անգամ շատ բան տեսած վետերան-քաղաքագետներին:
Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակներով համոզվելով, որ Կրեմլի ցուցաբերած քաղաքական
աջակցությունը էլեկտորատի վրա ունենում է մոտավորապես նույն ազդեցությունը, ինչ որ
որդը՝ «Պոտյոմկին»-ի նավաստիների վրա, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
պաշտոնական Քիշնեւը կտրուկ փոխեց իր ընտրական ռազմավարությունը: Այն է՝ միարժեք եւ
նպատակային խաղադրույք կատարեց Արեւմուտքի վրա՝ զուգահեռաբար կոպտորեն մերժելով ԱՊՀ
կողմից դիտորդական ծառայությունների առաջարկը: Եվ դա այն պարագայում, երբ դեռ շատ
թարմ են Մոլդովայի կոմունիստ նախագահ Վորոնինի երբեմնի ռուսահաճո լոզունգների հետ
կապված հիշողությունները: Այդ հնարքն, ինչպես տեսնում ենք, միանգամայն արդարացրեց
իրեն: Կոմունիստները՝ ձայների 46,11 տոկոսով, գրավեցին առաջին տեղը: Նրանց հաջորդում
է «Ժողովրդավարական Մոլդովա» ընդդիմադիր դաշինքը՝ քվեների 28,41 տոկոսով: Քրիստոնեա-դեմոկրատական
ժողովրդական կուսակցությունը երրորդ տեղում է՝ հավաքելով քվեների մոտ 9,6 տոկոսը:
Մնացյալ կուսակցություններին ու դաշինքներին չի հաջողվել հաղթահարել անցողիկության
արգելանքը, ուստի նրանց տրված քվեները համամասնաբար կբաշխվեն հաղթանակած ուժերին:
Ինչպես տեսնում ենք, Մոլդովայի գործող իշխանությունները հրաշալի դասեր քաղեցին ԱՊՀ-ում
տեղի ունեցած զանազան գույնզգույն հեղափոխություններից՝ արդյունքում, թող որ ոչ լիարժեք,
բայց եւ առանց հեղինակազրկող կեղծիքների ու ավելորդ աղմուկի, պահպանելով իրենց դիրքերը:
Ճիշտ է՝ այժմ նրանք ստիպված կլինեն կառավարման լծակները որոշ չափով կիսել «Ժողովրդավարական
Մոլդովա»-ի իրենց ընդդիմախոսների հետ, սակայն դա ուղղակի երանելի վիճակ է՝ համեմատած
Վրաստանում՝ Շեւարդնաձեի, իսկ Ուկրաինայում՝ Կուչմայի՝ ինքնասպանության եզրին գտնվող
թիմակիցների հետ: Մոլդովական ընտրությունների եւս մեկ՝ ոչ պակաս ուշագրավ
ֆենոմենն այն է, որ, ի հեճուկս ռուս վերլուծաբանների բազմաթիվ կանխատեսումների, ընտրություններին
ակտիվ մասնակցություն բերեցին նաեւ, այսպես կոչված՝ Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության
քաղաքացիները, որոնք հիմնականում իրենց ձայները տվել են «ԺՄ» ընդդիմադիր դաշինքին:
Սա, ինչպես ասում են, եւս մի քար է՝ ճարպկորեն նետված Կրեմլի բոստանը, եւ որի դեմ
Մոսկվան, ըստ էության, որեւէ խելքին մոտ հակաքայլ չունի: Եթե այս ամենին հավելենք
նաեւ, որ ընտրություններին հետեւած ավելի քան 500 եվրոպական դիտորդներն «ընդհանուր
առմամբ դրական» են գնահատել դրանց ընթացքը, ապա հարկադրված կլինենք անել հետեւյալ
եզրահանգումը: Խարխլվող ԱՊՀ-ում օրինաչափորեն տեղի ունեցավ եւս մեկ՝ այս անգամ
մոլդովական տիպի «ապահարզանը», որը թեեւ ձեւով տարբերվելով վրաց-ուկրաինական համարժեքներից՝
բովանդակային առումով հանգեցրեց նույն արդյունքին. այն է՝ հետխորհրդային տարածքում
ծայր առած ժողովրդավարացման նոր շղթան ավելացավ եւս մեկ օղակով:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ