ԱԺ
պատգամավոր Մուրադ Գուլոյանը քառօրյա նիստերի ավարտին պատասխանել է «Տարեգիր» էլեկտրոնային
օրաթերթի հարցերին: – Եռօրյայի համեմատությամբ քառօրյան դժվա՞ր էր: –
Ոչ մի տարբերություն չկա: Ի՞նչ ա փոխվում: Դա էական ոչ մի փոփոխություն չի տալիս.
երե՞ք շաբաթ, թե՞ 2 շաբաթ, թե՞ 4 շաբաթ: Համենայնդեպս, քվեարկվում են հարցերը եւ
փակվում են հարցերը: – ՄԱԿ-ը պնդում է, որ ԱԺ նիստերը պետք է անցկացնել ամեն
շաբաթ: Որեւէ խնդիր չկա՞: – Իմ կողմից դա անընդունելի է: Ես գտնում եմ, որ
սենց էլ է լավ: – Քանի՞ օրենսդրական նախաձեռնություն եք ներկայացրել ԱԺ-ին:
– Երեւի 5-6: – Ի՞նչ նախագծեր եք ներկայացրել: – Տարբեր. ֆինանսական,
տնտեսական: – Ձեր հեղինակած նախագծերից մեկը կվկայակոչե՞ք: – Չեմ հիշում:
– Ի՞նչ կարող եք ասել ժամանակակից հայ գրողների մասին: – Ժամանակակից
գրողների մասին կարող եմ ասել՝ իհարկե, սովետական տարիներից հետո մեր գրականությունը
ծանր ժամանակներ ապրեց: Բայց կարծում եմ՝ կվերականգնվի: Դե, երիտասարդ են, կամաց-կամաց
կգրեն: Սերնդափոխության ենք գնում մենք: Սովետական կարգերից դուրս եկանք, կարելի
է ասել: Նոր կարգեր ա գնում, նոր մոտեցումներ ա գնում: – Իսկ ո՞ւմ եք շատ
սիրում հայ գրողներից: – Սիրել եմ եւ սիրում եմ Րաֆֆիին: Բոլոր գործերը: Բայց
չեմ կարդում: – Վահան Տերյանի ստեղծագործությունները հավանո՞ւմ եք: –
Չեմ կարդում, Սեւակ եմ կարդում: – Սեւակի ո՞ր գործն եք կարդում: –
Բոլորը: – Ձեր աշխատասենյակում ո՞ր գիրքը կուզեիք, որ հավերժ դրված լիներ:
– Իհարկե, մեր ազգի պատմության մասին: – Ո՞ր հեքիաթն եք շատ սիրում:
– Թումանյանի հեքիաթները: Ամենաշատը սիրում եմ «Շունն ու կատուն»: –
Հաճա՞խ եք կարդում «Շունն ու կատուն»: – Տարին մի քանի անգամ: – Այս
տարի քանի՞ անգամ եք կարդացել: – Այս տարի չեմ հասցրել: Նոր ա սկսվել տարին:
– Արտասահմանյան գրականությունից ի՞նչ եք սիրում: – Ռուսականն էլ ա՞
մտնում արտասահմանյանի մեջ: «Աննա Կարենինան»: – Ձեր գործարար ու օրենսդիր
գործունեության համադրման պայմաններում հասցնո՞ւմ եք տարին մի քանի անգամ այդքան
մեծ վեպեր եւս կարդալ: – Էդ մեկը չեմ կարդացել, ֆիլմն եմ նայել: Զրուցեց
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ