Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԱԺԻՇՏԸ

Մարտ 05,2005 00:00

ԵՐԱԺԻՇՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այսօր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Երեւանի պետկոնսերվատորիայի նախաձեռնությամբ կնշվի կոմպոզիտոր, պրոֆեսոր Գագիկ Հովունցի ծննդյան 75-ամյակը: Որպես մենակատար, կոմպոզիտորի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտի կատարմամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգա գերմանաբնակ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հրաչյա Հարությունյանը: Ջութակահարը ավելի քան 20 տարի համերգային եւ մանկավարժական գործունեություն է ծավալում Եվրոպայում, Ասիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում: 1996-ին Նոյշտադտ քաղաքում հիմնել է արդեն ճանաչում գտած Մասնագետ երաժիշտների վերապատրաստման Crescendo բարձրագույն դպրոցը: Հետաքրքրվեցինք՝ «Դուք Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր եք, որտեղ տարին մեկ-երկու անգամ անցկացնում եք վարպետության դասընթացներ, իսկ մեկ անգամ՝ մենահամերգով հանդես գալիս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այսքանով սահմանափակվո՞ւմ է ձեր գործունեությունը հայրենիքի հետ, հայրենիքի համար»: Հ. Հարությունյանը պատասխանեց. «Գերմանիայում հանգիստ խղճով նստած չեմ: Բացի երաժշտարվեստից, այլ բնագավառների բարձրակարգ մասնագետների հետ էլ ունեմ հրաշալի կապեր: Օրինակ, ձեզ ոչինչ չի՞ ասում Լուիջի Կոլանի անունը: Աշխարհահռչակ այս դիզայներին անվանում են Լեոնարդո դա Վինչի: Շահագրգիռ անձանց հարկ եղած դեպքում կարող եմ ծանոթացնել նրա հետ: Ի դեպ, մեր մտերմությունը Կոլանիին ստիպել է հայոց պատմություն ուսումնասիրել»: Ընդառաջելով մեր խնդրանքին, ջութակահարը փոքր տեղեկություն հաղորդեց դիզայների մասին: Լ. Կոլանին 17 տարի Ճապոնիայի արդյունաբերության գլխավոր դիզայներն է եղել: Ստեղծագործում է համարյա բոլոր ոլորտներում: Օրինակ, ֆանտաստիկ ավտոմեքենաներ է հավաքում: Նա պատրաստ է նոր ձեւի, ոճի, դիզայնի «Shanhay» ավտոմեքենան հավաքել Հայաստանում, որը կշռում է 350 կգ, արագությունը՝ 130 կմ/ժամ, ժամում 80 կմ արագության դեպքում ծախսում է 2 լիտրից պակաս բենզին: Կամ՝ դիզայների նախագծած սաունայի կոմպլեքսը, որն ունի 1 կմ երկարություն, նույնքան էլ լայնություն եւ 200 մետր բարձրություն, ամբողջը ապակեպատ է եւ ունի կնոջ կրծքի ձեւ: Ջութակահարի հավաստմամբ, Կոլանը ձեռնամուխ է եղել նոր ջութակի ստեղծմանը. «Այսօր աշխարհում մշակույթը համերգասրահներից դուրս է գալիս բացօթյա բեմ, որտեղ նույնիսկ հռչակավոր վարպետներ Գվարներիի, Ամատիի պատրաստած ջութակներն իրենց հնչողությամբ չեն կարող ապահովել այդ մեծ լսարանը: Իսկ դիզայների նախագծած ջութակը այդ հնարավորությունն ունի»: Հ. Հարությունյանը նշեց, որ Եվրախորհրդի անդամ պետություն միայն խոսքով չեն դառնում. «Ես չեմ կարող դիզայների հարցով դիմել Հայաստանի նախագահին կամ մյուս իշխանավորներին: Համոզված եմ, որ այն կհետաքրքրի Հայաստանի պետական այրերին ու գործարարներին: Իսկ մեծահամբավ դիզայների հետ պետք է տարվեն բանակցություններ պետական մակարդակով: Խնդրեմ, ես կարող եմ հանդիսանալ միջնորդ այս հարցում»: Անցում կատարելով երաժշտարվեստին, Հ. Հարությունյանը տեղեկացրեց, որ ձեռնամուխ է եղել «լարային գործիքների բազմազգ մենակատարների ակադեմիայի» ստեղծմանը: Այնտեղ կվերապատրաստվեն երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից՝ ստանալով կրթաթոշակ: Մեր հարցին, թե կլինե՞ն երաժիշտներ Հայաստանից, ջութակահարն ասաց. «Իհարկե, ակադեմիան կբացվի 2006-ի հունվարին, մինչ այդ ես անձամբ կգամ Երեւան եւ կոնսերվատորիայում կանցկացնեմ լսումներ: Բնականաբար, ընտրված երաժիշտները կհրավիրվեն Նոյշտադտ»: Հանդիպման ավարտին Հ. Հարությունյանը Գրողների միության եւ համապատասխան նախարարության ուշադրությունը հրավիրեց այսօր աշխարհում հետաքրքրություն առաջացրած «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գրքին: Ըստ արվեստագետի, գիրքը «ուսումնասիրում» են՝ սկսած դպրոցահասակ երեխաներից մինչեւ ծերունիները. «Գրքի իմաստը, խորհուրդը հետեւյալն է՝ պետք է ֆինանսը աշխատի քեզ համար, ոչ թե հակառակը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել