Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԲԵԲԱՆԵՐԸ

Մարտ 05,2005 00:00

ԽԱԲԵԲԱՆԵՐԸ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԷԻՆ «ՎԱՃԱՌՈՒՄ» Ինչպես նաեւ «Իզի քարտեր» Անցյալ տարվա հունիսի 8-ին Հարավ-արեւմտյան Բ2 թաղամասի 120 շենքի իր վարձակալած բնակարանից ՀՀ քննչական վարչություն տարվեց Էլմիրա Ազնավուրյանը: Նրա աղջիկը՝ Նարինե Պինխասովան չհասցրեց տուն մտնել. նրան կալանեցին հենց փողոցում: Այդ օրվանից մայր ու աղջիկ գտնվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կալանավորները Հայաստանում գրանցված չեն: Բաքվի ջարդերից հետո գալով հայրենիք, «ի վիճակի չեն եղել տուն գնել», սեփականություն ձեռք բերել: Սակայն ըստ քրեական գործի վարույթն իրականացնող նախաքննության մարմնի տվյալների, նրանք եւ եւս երկուսը՝ մայր եւ աղջիկ Զարիկ եւ Նաիրա Սարգսյանները, ի վիճակի են եղել անգամ ազգային անվտանգության ծառայության վարչության պետեր «նշանակել», կառավարությունում ամենայուղոտ աշխատանքների համար գումարներ ստանալ: Քննությունն իրականացնում է ՀՀ քննչական վարչությունից քննիչ Լ. Ավետիսյանը, որն էլ մեզ հայտնեց, որ միջնորդություն է ներկայացնելու նախաքննության ժամկետը երկու ամսով երկարացնելու համար: «Առավոտի» տեղեկություններով, տուժողների թիվը հասնում է 200-ի: Ըստ նախնական վարկածի, այս կանայք ոչ միայն ակտիվորեն իրականացրել են հանրապետության «կադրերի վարիչների» գործառույթներ, այլեւ «ԱրմենՏելից» ձեռք բերված իզի, սիմ քարտեր վաճառել: Ուշագրավ է, որ 96500 դոլարի յուրացման մասին է խոսքը: Լ. Ավետիսյանը գտնում է, որ մեղադրանքները հստակեցված չեն եւ յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը դեռեւս չի որոշված: Երեկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետին, ՍԴ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, Եվրամիության Հայաստանյան գրասենյակի պատասխանատուին է դիմել Էլմիրա Ազնավուրյանի աղջիկը՝ Աիդան: Վերջինս ահազանգել է, որ քննությունը ընթանում է 10 ամսից ավելի, որ իր քույրը՝ Նարինեն ունի երեք մանկահասակ երեխա, ավագը 4 տարեկան է, միջնեկը՝ 3, իսկ կրտսերը՝ 2: «Քրոջս կալանավորելուց հետո երեք երեխաները հանձնվել են մանկատուն: Քրոջս նախկին ամուսինը, որը մեկ տարուց ավելի գտնվում էր ՌԴ-ում, լսելով երեխաների անօգնական վիճակի մասին, վերադարձել է Հայաստան, բնակարան վարձել, մեզ ապահովել մինիմում սննդով, որպեսզի երեխաները սովից չմահանան»,- գրում է 17-ամյա Աիդա Մալխասյանը: Նա նաեւ շարունակում է, որ ինքը չի աշխատում եւ լինելով «տակավին երեխա», խնամում է երեք երեխայի, որոնցից մեկը էպիլեպսիկ է, մյուսը՝ բանականությունից զուրկ: «Ես ի վիճակի չեմ երկու կալանավորի հանձնուք տանել»,- շարունակում է նա եւ ապա տեղեկացնում, որ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Զ. եւ Ն. Սարգսյանները կալանքի չեն վերցվել, «որովհետեւ ունեն 16 տարեկան դուստր եւ գրանցված են Երեւանում»: Դիմումատուն նաեւ խնդրում է հանուն երեխաների փոխել իր մոր եւ քրոջ խափանման միջոցը, որպեսզի նրանք կարողանան իրենց երեխաներին եւ թոռներին տերություն անել: «Ինչո՞վ են մեղավոր երեք վատառողջ երեխաները, որ իրենց մայրը հանցանք է կատարել, ինչո՞ւմ է իմ մեղքը, որ կյանք չտեսած՝ պետք է նման բեռ շալակեմ»,- հարցնում է Ա. Մալխասյանը: Ի դեպ, վերջինս խմբագրությանն է տրամադրել տեղեկանքներ երեք երեխաների առողջության մասին: Մեր տեղեկություններով, այս քրեական գործով հայտնաբերվել են նոր ձայնագրառումներ, որոնք տուժողները չէին ներկայացրել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել