Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբաձայն վիճակախաղ

Մարտ 05,2005 00:00

Ողբաձայն վիճակախաղ Ինչպես են հանուն իրենց «բիզնեսի» օգտագործում մեր կյանքի սեւ կողմերը Սարսռացող հեռուստադիտողի հայացքի առջեւ հառնում է ողբաձայն լացող մի աղջիկ: Առաջին տպավորությունն այն է, թե այդ աղջիկը կորցրել է հարազատներից մեկին: Սակայն ողբի հանդարտմանը զուգընթաց, հեռուստադիտողը աստիճանաբար սկսում է հասկանալ, որ դա ընդամենը «Ընտանեկան լոտո» վիճակախաղի գովազդն է. հերթական գերաղքատ հայ ընտանիքը 300 դրամով դարձել է շքեղ բնակարանի տեր: Հավատո՞ւմ են, արդյոք, այդ լացուկոծի իսկությանը մեր քաղաքացիները: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի փողոցներում: Առեւտուր անող մի կին ասաց. «Դրանք պարապած լացողներ են, հազարից մեկն է շահում: Մեկ- երկու շահումը հավատալի է, իսկ մնացածը սուտ է»: Լոտո վաճառող մի տղամարդ էլ՝ «Ես ինքս չեմ հավատում: Զարմանալի է, մարդիկ ավտո ունենալու մանիայով առնում են «Ընտանեկան զառ» ու տառապում: Ջնջում են ու ոչինչ էլ չեն շահում: Մարդիկ աղքատ են, բայց 300 դրամ տալիս են ոչնչի համար»: Ըստ նրա, լոտո գնում են տարբեր խավի մարդիկ, բայց «գյուղացիներն ավելի շատ են հավատում ու առնում, դրա համար էլ սաղ գովազդներում գյուղացիներին են ցույց տալիս»: Հարցն ուղղեցի կիտրոն վաճառող մի մարդու, որն, ի տարբերություն նախորդների, ներկայացավ՝ «Վաչե». «Այդ գովազդները մեզ նվաստացնում են: Լրիվ հակառակ ազդեցությունն են թողնում: Սկսում եմ ավելի չհավատալ»: Հետաքրքիր է, որ կային նաեւ գովազդում արտասվող աղջկան դրվատող գնահատականներ. «Շատ լավ էլ լացում ա աղջիկը: Շատ լավ ա, թող մեր ղեկավարները տեսնեն՝ ինչքան ողորմելի են ապրում մարդիկ, որ մի հատ լոտոյով շահումի համար կարան սաղ օրը հեռուստացույցով հա լացեն ու անընդհատ պատմեն իրենց պատմությունը»: Վերջերս էլ արտասահմանյան հյուրիս ծանոթացնում էի ընտանիքիս անդամների հետ: Երբ ավարտեցի՝ «Արմենիա» հեռուստատեսությամբ մի մարդ սարսափազդու ձայնով սկսեց գովազդել. «Ձեր ընտանիքի անդամ դարձած հորեղբայր Ալին, Զորաիդեն, Լատիֆան հեռանում են, բայց Ջեյդը վերադառնում է»: Դրանից հետո միամիտ հյուրս զարմացած հարցրեց, թե ինչու ես խուսափեցի իրեն ներկայացնել իմ ընտանիքի մնացած անդամներին՝ նկատի ուներ հորեղբայր Ալիին եւ «Կլոնի» այլ հերոսներին: Դժվարացա բացատրել, որ սերիալների հերոսներին հեռուստագովազդներում համարում են մեր ընտանիքների հարազատներին հավասար անդամներ: Չէր հասկանա: «Ռոմանտիկա» ալիքը գովազդող տեսանյութերից էլ տպավորություն է ստեղծվում, որ հայ կանայք ամբողջ օրը իրենց պատառոտում են սերիալ դիտելու համար, ու դրանից բացի ուրիշ զբաղմունք չունեն: Իսկ TV 5-ի «գլխապտույտ» ձեռքբերումն այն է, որ բացառիկ հնարավորություն է ստացել ցուցադրել «համաշխարհային պրակտիկայում ամենասկանդալային եւ թանկարժեք «Cheathers» (դավաճանություն) հեռուստատեսային նախագիծը», որտեղ մանրամասն ներկայացվում են կնոջ եւ տղամարդու դավաճանությունն ու այն բացահայտող տեսանյութեր: Նշենք, որ հաղորդման ժամանակ ցուցադրվում է «փոխադարձ» ծեծ ու ջարդ, որը գովազդում որակվում է որպես «բնականոն կռիվ, որի Էմոցիաները փոխանցվում են մեզ»: Ուրիշ էմոցիայի կարիք չունե՞նք, չէ՞ որ բազմաթիվ ընտանիքներում դրա պակասը չեն էլ զգում: Նույնը կարելի է ասել ընտանեկան շենքի լոտոյի տոմսի մյուս գովազդի մասին, որտեղ նյարդային ձայնով հարսը ճչում է. «Ի՜շշ, երբ պիտի մի տուն ունենամ, որ հանգիստ ապրեմ»: Հակառակն էլ «ֆշշացնում» է սկեսուրը: Իսկ ըմբշամարտի ինտենսիվ գովազդների եւ դրա հետեւանքների մասին խոսելն արդեն անիմաստ է, այդկերպ կարելի է հանրահավաք ցրողների բանակ պատրաստել: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել