Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անապատի

Մարտ 05,2005 00:00

Անապատի գիշերներում-3 Սյուզիի հետ ծանոթացանք «Սայկլոն» դիսկոտեկում՝ որպես երկու ամերիկացիներ: Հաջորդ օրը նրան հեռախոսով հրավիրեցինք «Մուվենպիկ» հյուրանոց: Գնի մասին շատ կարճ խոսելուց հետո ասացինք, որ հայեր ենք եւ փնտրում ենք մեր 18-ամյա ազգականուհուն: Սյուզին ասում էր, թե որտեղ կարող ենք գտնել հայ կանանց: Երբեմն այդ վայրերը այցելում էինք հենց նրա հետ: Եվ, բնականաբար, վճարում էինք այնքան, որ հանկարծ նրա Բոսը (այդպես մարմնավաճառ կանայք կոչում են իրենց ղեկավարին կամ վերահսկողին) դժգոհ չմնա: Սյուզին այն երկու կանանցից մեկն է, ում հետ արդեն մեկ տարի մենք կապ ենք պահպանում: Նրա համար Դուբայում գնել էինք բջջային նոր հեռախոսահամար, որպեսզի մեզ զանգելիս փոխեր քարտը: Դուբայում գտնվող այդ երկու կանանցից ամիսներ շարունակ որոշակի տեղեկություններ էինք ստանում: Սյուզին Հայաստանի մի փոքրիկ քաղաքից է: Նա ամուսնացել է 16 տարեկանում. «Սիրում էինք իրար: Երկու տարի առաջ ամուսինս երկու երեխաներիս թողեց, գնաց Մոսկվա ու էլ չէր ուզում վերադառնալ, ոչ էլ օգնել մեզ: Ես գնացի ծնողներիս մոտ»,- շարունակում է Սյուզին: Սյուզիի հայրը Երեւանում պետական մի հիմնարկում միջին օղակի աշխատող է: «Ես սոցիալապես ծանր վիճակում չէի, իմ գալու պատճառը դա չէր: Ես չէի ուզում ծնողներիս վրա բեռ լինել, ուզում էի իմ տունն ունենալ եւ երեխաներիս հետ այնտեղ ապրել»: Մոսկվայում նրա համար կեղծ ռուսական անձնագիր են սարքել, որտեղ քսանյոթ տարեկան Սյուզին դարձել էր երեսունմեկ տարեկան: Անունը, ազգանունը նույնն էին, այնտեղ ավելացված էր նրա հայրանունը՝ Անդրեեւնա (հայկական անձնագրերում հայրանունը չի նշվում): «Ընկերուհիս իսկապես դիմավորեց օդակայանում եւ ինձ ասաց, թե ինչ գործ պետք է անեմ»,- ասում է կրթություն չունեցող եւ որեւէ օտար լեզու չիմացող Սյուզին: Մարմնավաճառ որոշ կանանց դեմքերից զգացվում էր, որ այդ գործով դժվարանում են զբաղվել: Սյուզին այդպիսին էր, նա միշտ մտամոլոր ու տխուր կանգնած էր դիսկոտեկի մի անկյունում: «Ինչքա՞ն փող ես աշխատել մինչեւ հիմա» հարցին պատասխանում է. «Շատ քիչ, ինձ թույլ չեն տալիս հաշվել: Ես երեք ամիս աշխատել եմ, օր է եղել՝ հաճախորդ չեմ ունեցել: Հետո՝ հաշիվն էլ չեմ կարող պահել, եթե Բոսը տեսնի, որ նշումներ եմ անում, գիտե՞ս ինչ կանի»: Հուլիսին Սյուզիի Բոսը տեղացի էր, ինչպես աղջիկներն են ասում՝ լոկալ: «Ամեն օր 12-ից 1-ն ընկած ժամանակահատվածում գալիս է «չեք» (ստուգում) անում, գնում»: Սյուզին եւ մյուս հայ կանայք ապրում էին «Հայաթ Ռիջինսի» հյուրանոցի դիմացի բնակելի շենքերից մեկում: Մի անգամ այդ ժամին կարողացանք տեսնել Սյուզիի Բոսին՝ 35 տարեկան Ամին անունով սեւամորթ արաբին: Նրան այդպես էլ չկարողացանք նկարել՝ ո՛չ 2004թ. մեր առաջին այցելության, ո՛չ էլ այս ձմռանը Դուբայում գտնվելու ժամանակ: Չնայած՝ 2005-ի փետրվարին մի քանի անգամ նրան տեսանք «Հայաթ Ռիջինսիի» դիսկոտեկում: «Բոլոր բոսերն էլ շատ խիստ են, ուրիշ ոչ մեկի հույսին չեն թողնում: Նույնիսկ երբ պետք է զանգեմ իմ երեխեքին, անպայման պիտի հարցնեմ իրեն՝ կարելի՞ է զանգեմ, թե չէ: Իր ներկայությամբ, ինքը պետք է լսի, թե ես ինչ եմ խոսում»,- ասում է Սյուզին: Սյուզիի հետ աշխատում են եւս 10 կանայք, նրանք 16-28 տարեկան են: «Մեր աղջիկներից մեկը չդիմացավ, գնաց պոլիս՝ հանձնվեց: Ու իրան ուղարկեցին Հայաստան: Բայց ես վախենում եմ գնամ պոլիս: Ինձ որ էդպես ուղարկեն Հայաստան, որ իմանան էստեղ ինչով եմ զբաղված եղել՝ ավելի լավ է մեռնեմ: Հայրս ինձ կսպանի»,- անհույս ասում է Սյուզին: Այնուամենայնիվ, մի քանի ամիս առաջ նա հեռախոսով մորը պատմել է իր վիճակի մասին: Ու մայրն էլ, իր ասելով, չգիտի՝ ինչպե՞ս վարվել. «Ինքն էլ է վախենում՝ չնայած արդեն մեկ-մեկ ուզում եմ գնալ-հանձնվել, էլ չեմ դիմանում, ասում եմ ինչ կլինի՝ թող լինի: Մի երիկամս ցավում է, բժշկի եմ գնում, աշխատածս փողերի մի մասն էլ իրան եմ տալիս: Էդ բժիշկը հայ է՝ անունը Տիգրան»: Իսկ պրոբլեմներ միշտ էլ լինում են: Պատահում է, որ հաճախորդները չեն ուզում պահպանակ օգտագործել, եթե աղջիկները դիմադրում են՝ ծեծում են: Սյուզիի պատմելով՝ հղիացման բազմաթիվ դեպքեր են եղել: Նրա հաճախորդները մեծ մասամբ իրանցիներ են: «Մեր բոսերը թույլ չեն տալիս տեղացի ժողովրդի հետ գնանք, որովհետեւ շատ վտանգավոր է: Օրինակ՝ վերջերս մի հայ աղջկա հետ դեպք է եղել, տարել են, չի իմացել, որ տեղացի են, տարել են Շարժա, մի 10-15 տղամարդ ու էդ մի աղջիկը, պատկերացրեք: Երեւանցի աղջիկ էր, որ արդեն վերջացրել էր բալանսը (այսինքն՝ Բոսին այլեւս պարտք չէր), պասպորտը վերցրել էր եւ առանձին էր աշխատում: էդպես խաբել, տարել են ու տասնհինգ հոգով հետը եղել»: «Աղջիկները իրար հետ չեն կիսվում, ամեն ինչ միանգամից Բոսին են հանձնում: Լինում են կլիենտներ, որ միանգամից երկու աղջիկ են տանում: Եթե չես ուզում աշխատել, ստիպում են, կանչում են Ալիին, նա տանում է, ծեծում, մի քանի հոգով բռնաբարում են, ետ են բերում: Հայ աղջիկները բոլորը գիտեն Ալիին ու սարսափում են նրա ձեռքն ընկնելուց»: «Ես համ ֆիզիկական ցավ ունեմ՝ հոգնածություն, համ հոգեկան, ավելի շատ՝ հոգեկան: Երեխեքիս եմ կարոտում: Շատ եմ կարոտում: Միշտ ասում են՝ շու՛տ արի: Շատ դժվար է, եւ շատ վատ աշխատանք է: Արդեն ստիպված՝ դա բնազդ է դառնում, ուրիշ աղջիկներ կան, որ չեն կարողանում աշխատել, նույնիսկ 20-30 դրահմով նրանց ստիպում են, որ էդ բանն անեն: Արդեն բնազդ է դարձել, ոչ մի բան չես զգում: Անում ես ինչ-որ բաներ, բայց ոչինչ չես զգում», -գլխիկոր պատմում է Սյուզին: Սյուզին Դուբայում մեզ հանդիպած այն քիչ հայ աղջիկներից է, ում միանշանակ կարելի է զոհ համարել: Հիվանդությունները կանխելու համար բոլոր հայ մարմնավաճառները այցելում են բժիշկ Տիգրան Մելիքյանին, որոնց վերջինս սրսկում է: Նա աշխատում է Շարժայի մի կլինիկայում եւ զբաղվում է ամեն ինչով՝ կանանց հիվանդություններից մինչեւ ողնաշարի խնդիրները: Բժիշկ Մելիքյանի հետ ծանոթանալու համար մեզնից մեկը ստիպված էր հիվանդ ձեւանալ: Տիգրան Մելիքյանը ճանաչում է բոլոր հայ բոսերին: Նա ընդգրկված է մարմնավաճառության բիզնեսի հայկական ցանցի մեջ եւ դրա կարեւոր օղակներից մեկն է: Իսկ այդ ցանցը հստակ տեղ ունի Դուբայի սեքս-բիզնեսում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել