Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 05,2005 00:00

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Պարզաբանում է Վերջերս արհեստականորեն չարչրկվում է «Ազգային միաբանություն» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանի դուրս գալու հարցը: Մենք պարտավորված ենք հասարակությանը տեղեկացնել մեր կարծիքն այս հարցի կապակցությամբ: Ս/թ փետրվարի 17-ին, շուրջ 2 տարի ընդմիջումից հետո, Արտաշես Գեղամյանին հնարավորություն ընձեռվեց «ԱԼՄ» հեռուստակայանով, ուղիղ եթերով հանրությանն իրազեկել 2003թ. Հայաստանի Հանրապետությունում կատարված խոշորածավալ հնարավոր հանցագործության մասին: Այն է՝ շուրջ 150.000 տոննա Հայաստան ներկրվող ցորենի՝ մաքսային եւ հարկային ծառայությունների կողմից չգրանցված լինելու հավանականության մասին, որի արդյունքում պետական բյուջեին եւ սոցիալական ապահովության հիմնադրամին հասցված վնասը, ամենանվազագույն հաշվով, կազմել է շուրջ 3,5 մլրդ դրամ: Ավելին, Արտաշես Գեղամյանն իր հեռուստաելույթում հիմնավորեց նաեւ այն փաստը, որ 2004 թ. պետական բյուջե եւ սոցիալական ապահովության հիմնադրամ չի մուտքագրվել ավելի քան 37 մլրդ դրամ: Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թ. հունվար-դեկտեմբերին՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական զեկույցը, նշվեց, որ բոլոր կատարողական վարույթներով չվերականգնված մնացորդ գումարը 2004 թ. կազմել է 31 մլրդ 534 մլն դրամ: Գեղամյանի հիշատակած այս բոլոր փաստերն անտեսելը, դրանց հետեւում կանգնած հանցավոր տարրերին չբացահայտելը իրավապահ մարմինների եւ, առաջին հերթին, հանրապետության դատախազության անզորության հիմնավոր ապացույց են: Թվում էր, թե իշխանությունները, որոնք իրենց երգը երգող լրատվամիջոցներով, որ բազմաթիվ անգամ հորդորում էին ընդդիմությանը չքննադատել միայն պարոններ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, այլ նաեւ կոռուպցիայի եւ կաշառակերության օջախներն ու այդ ամենը հանդուրժողներին, կսկսեն իրենց իսկ կողմից հայտարարած անողոք պայքարը Գեղամյանի հիշատակած մեծածավալ կոռուպցիայի դեպքերի դեմ: Դրա փոխարեն ընտրվեց պարոն Քոչարյանին հաճոյանալու մեկ այլ ճանապարհ. այն է՝ փորձ կատարվեց արհեստածին խնդիրներ առաջացնել «Ազգային միաբանություն» պատգամավորական խմբակցությունում: Նպատակը մեկն էր՝ շեղել հանրության ուշադրությունը Գեղամյանի բացահայտումներից՝ փորձելով խմբակցությանը ներքաշել անպտուղ մեկնաբանությունների մեջ: Այնուամենայնիվ, մենք չենք կարծում, որ ա յս դեպքում հրահանգներն իջեցվել են նախագահական պալատից: Պարզապես գործ ունենք, ավա՜ղ, մեր իրականությունում արդեն իսկ դասական դարձած այն դեպքի հետ, որ պաշտոնյաները փորձում են իրենց շեֆին դուր գալ ոչ թե ծառայողական պարտականություններն անթերի կատարելու շնորհիվ (նման գործելակերպը խորթ է նրանց համար, ավելին՝ այստեղ նրանք թե՛ խիստ վախվորած են եւ թե՛ անզոր), այլ խուզարկություններ կազմակերպելով ընդդիմադիր գործիչների տներում, ինտրիգներ սկսելով ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունում, էլ չենք ասում, կրակապաշտներին հատուկ եւ բնորոշ շուրջպար կազմակերպելով: Եթե սա իշխանությունների բարոյալքության եւ խուճապի նոր դրսեւորում չէ, ապա ի՞նչ է…8230 «Ազգային Միաբանություն կուսակցությունը» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունը նման ցանկացած իրավիճակից դուրս է գալիս շատ ավելի համախմբված, շատ ավելի զորեղ, քաջ գիտակցելով, որ իշխանությունների ոտնձգություններն «Ազգային Միաբանություն կուսակցության» հանդեպ ինքնին ամենավառ ապացույցն են մեր կուսակցության ուժի, հզորության եւ օրըստօրե աճող ժողովրդականության: Հիշեցնենք նաեւ, որ կուսակցությունն այսօր համախմբում է չվհատվող, չընկճվող եւ, որ ամենակարեւորն է, իշխանությունների համար աքիլլեսյան գարշապար չունեցող 41 հազար անդամ: «Ազգային միաբանություն կուսակցության» լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել