Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊՀ-Ի

Մարտ 05,2005 00:00

ԱՊՀ-Ի ԻՄԱՍՏԸ Լավագույնը, որն այսօր ի վիճակի է անել ԱՊՀ-ն, այդ Համագործակցության անդամ երկրներին պատմականորեն միավորող նշանակալից տարեթվերի հանդիսավոր եւ համատեղ նշումն է: Ըստ էության, հենց այդ թեման էլ ընկած էր այցով Երեւանում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի մատուցած երեկվա ասուլիսի հիմքում: Նա հայտարարեց, որ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով: Իսկ լրագրողների հետ հանդիպմանը նախորդել էր Ռուշայլոյի հանդիպումը Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների հետ: «Ոչ պաշտոնական գագաթաժողովի նախաձեռնողն է Ռուսաստանի Դաշնությունը. ներկայումս տեղի է ունենում հանդիպման շրջանակներում կայանալիք միջոցառումների համաձայնեցում»,- նշեց ԱՊՀ գործադիր քարտուղարը: Նա նշեց նաեւ, որ արդեն մշակվել եւ հաստատվել է տոնակատարության ծրագիրը, իսկ արդեն անցկացվում են ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումներ: Իսկ ի՞նչ է մտածում ԱՊՀ Գործադիր կոմիտեն ՎՈՒՈՒԱՄ-ի անդամների (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) վերջին ակտիվացումների կապակցությամբ: Ի պատասխան այս հարցի՝ Ռուշայլոն նշեց, թե առանձնապես անհանգստանալու պատճառներ չի տեսնում: Ինչպես եւ կարելի էր սպասել, խոսք գնաց նաեւ ԱՊՀ որոշ երկրներում ընթացած հեղափոխական պրոցեսների եւ դրանցում, այսպես կոչված, արեւմտյան քաղտեխնոլոգիաների դերի մասին: Իմաստ ունի՞ այդ իրադարձություններից հետո ԱՊՀ-ի հետագա պահպանումը: Այս հարցը եւս բանախոսին առանձնապես չշփոթեցրեց: «Ես չեմ ուզում դրամատիզացնել իրավիճակը»,- ասաց ԱՊՀ գործադիր քարտուղարը՝ միեւնույն ժամանակ հավելելով, թե առկա են մի շարք ազդանշաններ, «որոնց մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք»: Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ռուշայլոն չբացառեց, որ կարգավորման առումով փորձագիտական կամ այլ կարգի օժանդակություն ցուցաբերելու համապատասխան հանձնարարության դեպքում ԱՊՀ-ն կարող է որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն, նրա ընդգծմամբ, միջնորդ կառույցն այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, թեեւ վերջին շրջանում խնդիրը քննարկվում է նաեւ մի շարք այլ միջազգային կազմակերպություններում: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել