Առայժմ ֆեոդալիզմ է Այդ ճանապարհով են գնում Հայաստանն ու Ադրբեջանը Այնպես զուգադիպեց, որ ընդդիմադիր լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության լուրի հետ միասին ստացա «Իզվեստիա» թերթը՝ «Ադրբեջան» հավելվածով: Այստեղ կար մի ամբողջ էջ, որում պատկերված էին Ադրբեջանի շրջանների ղեկավարների կերած-խմած դեմքեր: Նրանցից յուրաքանչյուրը զուտ կոմունիստական ոճով ներկայացնում է, թե ինչպես է կատարել-գերակատարել պլանը ձվի, կաթի, բրդի եւ այլ ոլորտներում: Ճչացող հակասությունը միանգամից աչքի զարնեց. մի կողմից կոռումպացված եւ ինքնագոհ «բեկերը», որոնք առաջ կոմունիստական, իսկ հիմա ժողովրդավարական «կեղեւով» են հանդես գալիս, մյուս կողմից՝ Էլմարի նման մտավորականը, որը չէր վախենում գրել սեփական երկրի թերությունների մասին: Եվ, ի դեպ, դրա համար մեղադրվում էր «ոչ հայրենասեր» լինելու մեջ, իբր՝ ջուր է լցնում թշնամու (այսինքն՝ մեր) ջրաղացին: Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների փաստարկները զարմանալիորեն նույնն են. «Թողեք մեզ անենք, ինչ ուզում ենք, թե չէ ձեզ կմեղադրենք ազգային դավաճանության մեջ»: Իհարկե, մեր մարզպետերն ու քաղաքապետերն էլ «մի բարի պտուղ չեն»: Բայց մեր իշխանավորների գոնե խելքը հասնում է՝ մակերեսներ չգնել «Իզվեստիա» թերթում՝ իրենց հաջողությունների մասին զեկուցելու համար: Հասկանում են, որ դրա քարոզչական էֆեկտը զրո է՝ նման հիմարություններ ոչ ոք չի կարդում, իսկ կարդացողի մոտ էլ այդ վարդագույն պատկերները պարզապես ծիծաղ են առաջացնում: Սա թեեւ փոքրիկ, բայց եւս մի ապացույց է, որ մեր հասարակությունն իր զարգացման աստիճանով փոքր-ինչ առաջ է ադրբեջանականից: Վերջերս Վազգեն Մանուկյանը նկատել է, որ Ղարաբաղի հարցը վաղը կամ մյուս օրը չի լուծվի, եւ մեզ սպասում է «սառը պատերազմի» նման մի երկարատեւ ժամանակաշրջան: Կարծում եմ, զուգահեռն այնքան էլ աշխատող չէ՝ նախ եւ առաջ այն պատճառով, որ նախորդ դարի 50-80-ական թվականներին Խորհրդային Միությունից եւ ԱՄՆ-ից հզոր տերություններ աշխարհում չկային, եւ ոչ ոք դրսից նրանց չէր կարող թելադրել, թե որ ուղղությամբ պետք է գնալ: 21-րդ դարի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատ շատ հեռու են գերտերություններ լինելուց, եւ աշխարհի զարգացման «խաղի կանոնները» մշակվում են այդ երկու երկրներից դուրս: Հիմնական կանոններն են ազատ շուկան եւ ժողովրդավարությունը, որոնք, վստահ եմ, բոլոր վայրիվերումներով հանդերձ, ազգերին տանում են դեպի քաղաքակրթություն եւ բարգավաճում: Այդ ճանապարհին մենք որոշակի առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ (ի դեպ, նավթը տվյալ դեպքում ոչ թե օգնում է, այլ խանգարում), բայց ի վերջո ճանապարհը անցնելու ենք միասին՝ տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների մեղքով մենք առայժմ գնում ենք ճիշտ հակառակ՝ կոմունիստա-ֆեոդալական ուղղությամբ: Իսկ ֆեոդալներին (իշխանիկներին) ձեռնտու են թշնամանքը, հարեւանի հասցեին սուր ճոճելը, կեղծ հայրենասիրական ճառերը, հասարակության պարզունակ բնազդներին տուրք տալը: Բայց այդ ամենը, իհարկե, ժամանակավոր է. մեծ, պատմական հեռանկարով քաղաքակրթությունը այլընտրանք չունի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ