ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ՎՍՏԱՀԵԼԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ» Բոլորը հասկանում են, թե Հայաստանի պայմաններում ինչ է նշանակում այդ կառույցներին վստահել ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործը: Երեկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, որ արդեն երկու օր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եւ խորհրդարանական մյուս ուժերի հետ մասնակցում էին ԱԺ-ում ընթացող «Ընտրական օրենսգրքի» քննարկումներին, քննարկումների ժամանակ դուրս են եկել սրահից, քանի որ կտրուկ անհամաձայնություն են ունեցել ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի ելույթում հնչած տեսակետներին: «Ընտրական օրենսգրքի» քննարկումների առանցքը ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցն է, որի հետ կապված սկզբունքային անհամաձայնություն կա ոչ միայն ընդդիմության եւ կոալիցիայի, այլ նաեւ՝ կոալիցիայի անդամ կուսակցությունների, կոալիցիայի չորրորդ կողմ՝ երկրի նախագահի միջեւ: Եվ ամենեւին պատահական չէ, որ հատկապես այդ հարցի քննարկմանն էր ներկայացել նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը: Հարցի քննարկումներից հետո, ամփոփման փուլում, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, նշելով հնարավոր տարբերակները, անտեսել է ընդդիմության կողմից արված առաջարկները հարցի կապակցությամբ: Իսկ ի՞նչ էր ասում ընդդիմությունը: Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ, ընդդիմության առաջարկները հետեւյալն էին. «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը: Դրա մեխանիզմը, իհարկե, պետք է ամեն անգամ ճշտվի: Բայց, այնուամենայնիվ, մենք նույնիսկ համաձայն կլինեինք, եթե հանձնաժողովների անդամներին ներկայացնեին խմբակցությունները: Ընդ որում, քանի որ իշխանական կամ ընդդիմադիր ասելը շատ վիճելի է, կա մի շատ պարզ մեխանիզմ՝ ով մասնակից է կառավարությանը՝ ուրեմն իշխանական է: Մենք առաջարկում ենք, որ այս փուլում խմբակցությունները ներկայացնեն երկուական անդամ: Կարեւոր է նաեւ հանձնաժողովների ղեկավար կազմի հարցը: Առաջարկում ենք այդ հարցը լուծել վիճակահանությամբ: Եվ եթե հանձնաժողովի նախագահի տեղը բաժին է հասնում իշխանություններին, ապա տեղակալները պարտադիր է, որ լինեն ընդդիմադիր: Եվ՝ հակառակը: Սրանք էին մեր առաջարկները: Եվ երբ մենք բողոքեցինք, որ մեր առաջարկները չներկայացվեցին, ելույթ ունեցավ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը, որի ասելիքը մոտավորապես հետեւյալն էր՝ էս ի՞նչ եք քննարկում, մենք պետք է քննարկենք միայն փորձագետների առաջարկությունները, ավելին՝ այն, ինչ մենք ներկայացրել ենք՝ քաղաքական համաձայնություն է, որը տեղի է ունեցել նախագահի եւ կոալիցիայի միջեւ: Այսինքն՝ նա այդպիսով նշեց, որ «Ընտրական օրենսգրքի» նախագծի ակտիվ մասնակիցը նախագահն է: Ստացվեց, որ այս քննարկումներին ընդդիմության մասնակցությունը ընդհանրապես անիմաստ է: Մոտավորապես դա էլ հասկացվեց՝ իբր ընդդիմությունը ի՞նչ գործ ունի այստեղ: Միանգամից հայտարարեցինք, որ այդտեղ ներկա ենք մեկ պատճառով, քանի որ մեզ հրավիրել են եվրոպական կառույցները: Մենք ստացել ենք նամակ ԵԱՀԿ գրասենյակից եւ մասնակցում ենք: Բայց նախագահի խորհրդականի ելույթը ցույց է տալիս, որ այս ամենն անիմաստ է»: Ինչպես ճշտեցինք, երեկ այս ամենից հետո ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր մոտ զրույցի է հրավիրել Շավարշ Քոչարյանին: Մանրամասները չներկայացվեցին: Քննարկումներից հետո ԱԺ նախագահի մոտ առանձին փակ հանդիպում ունեցան նաեւ կոալիցիայի անդամ խմբակցությունների ներկայացուցիչները: Ըստ ամենայնի, «Ընտրական օրենսգրքի» շուրջ թեժացող իրավիճակը կստանա այս պահի համար տրամաբանական լուծում՝ կոալիցիան կողմ կլինի այն օրենսգրքին, որը արդեն «նկարված» է նախագահականում: Այս դեպքում ո՞ւր մնացին Դաշնակցության հոխորտանքները, որ եթե իրենց սրտի ուզած «Ընտրական օրենսգիրքը» չստանան, դուրս կգան կոալիցիայից: Կամ՝ ո՞ւր մնացին ՕԵԿ-ի ժողովրդավարության մասին վերամբարձ ճառերը: Ուրեմն ճիշտ է, որ մկան վազքը մինչեւ մարագն է: ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի վերաբերմունքը երեկվա կատարվածին խիստ հանգիստ էր. «Նախագահի խորհրդական է, կարող է մի բառ այսպես կամ այնպես ասի»: Այսինքն՝ որեւէ սկանդալ չկա՞: Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ. «Քանի որ եվրոպական կառույցները խոսում են արհեստավարժ, ոչ կուսակցական համակարգ ձեւավորելու հնարավորության մասին, որտեղ մասնակից կարող են դառնալ, այսպես կոչված՝ վստահելի կառույցները, մենք մտածում էինք դրան համահունչ մեխանիզմ առաջարկել: Սա կարող է լավ աշխատել, որովհետեւ երկու առավելություն ամեն դեպքում ունենում է: Նախ, ավելի հստակ է դառնում պատասխանատվությունը, որովհետեւ կուսակցությունների կողմից ձեւավորված հանձնաժողովը մի տեսակ կոլեկտիվ անպատասխանատվության էլեմենտ է իր մեջ պարունակում: Մյուս հարցը, որը ես շատ կարեւոր եմ համարում՝ այն է, որ կարելի է վերահսկողության մակարդակը բարձրացնել առավելագույն աստիճանի: Այսինքն՝ լինի մի կորիզ, որտեղ կլինեն այդ արհեստավարժ անձինք, բայց՝ լինի նաեւ հնարավորություն, որ կուսակցությունները ներկայություն ունենան խորհրդակցական ձայնի մակարդակով»: Իսկ համաձա՞յն է Արմեն Ռուստամյանը ընդդիմության այն պնդմանը, որ այսպիսով՝ հանձնաժողովների ձեւավորման բոլոր լծակները տրվում են նախագահին, քանի որ մեզ նման երկրում, այսպես կոչված՝ «վստահելի կառույց» ոչինչ չասող արտահայտության ետեւում միայն մեկ մարդ կստանա լիարժեք իրավունքներ: Հասկանալի պատճառներով Արմեն Ռուստամյանը համաձայն չէ. «Իրենք մտածում են, որ բոլոր վստահելի կառույցները լինելու են նախագահինը: Ընդդիմությունը, բնական է, որ այդպես կմտածի: Այսինքն՝ սա ընդհանուր անվստահություն է պետական համակարգին: Դաշնակցության մոտեցումը հետեւյալն է, որ մենք ի սկզբանե ունենանք Ընտրական օրենսգիրք, որ անխոցելի լինի միջազգային փորձագետների տեսանկյունից: Եթե իրենք որեւէ մոդել ընդունում են, ես չունեմ փաստարկ՝ ասելու, թե ինչո՞ւ պետք է այդ մոդելը չաշխատի: Իսկ ինձ համար չափանիշ է իրենց հետ համագործակցության միջոցով օրենսգիրք ստանալը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ