7 ՏԱՐԻ ԱՆՑ Որքա՞ն հաճախ պիտի Ռոբերտ Քոչարյանն իր մոտ հրավիրի հարկային եւ մաքսային ծառայությունների ղեկավարներին, որ նրանք կարգին հավաքեն հարկերը եւ բացահայտեն մաքսանենգության դեպքերը: Բավական էր, որ տարեսկզբին Ռոբերտ Քոչարյանն իր մոտ հրավիրեր պետական եկամուտները հավաքող ծառայություններին եւ նրանց խիստ հանձնարարականներ տար՝ հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարներն ամիսներ անց սկսեցին հերթով զեկուցել, թե որքան է ավելացել հարկերի գանձումը, մաքսանենգությունների բացահայտումը եւ այլն: Սակայն ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման միայն 7-րդ տարում դիմեց նման քայլի: Եվ ի՞նչ պարբերականությամբ նա պիտի իր մոտ կանչի ու «մատ թափ տա» այս ծառայությունների ղեկավարների վրա, որ պետբյուջեի մուտքերի նման եռանդով ավելացումը չլինի մեկանգամյա գործողություն: «Առավոտը» երեկ այս հարցերն էր ուղղում խորհրդարանական կազմավորումների ներկայացուցիչներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան. «Կարծում եմ՝ հարցը վերաբերում է նրան, թե ինչու առաջ այդպես չէր, հիմա այսպես է: Առաջ էլ է այդպես եղել, պարզապես պիտի համահունչ լինեին օրենսդրությունն ու նախագահի հանձնարարականները»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյան. «Երբ նախագահն արդեն հստակ դնում է խնդիրներ եւ նկատվում են արդյունքներ՝ դրան նախորդում է երկար եւ լուրջ աշխատանք: Հայաստանի Հանրապետության համար կառավարման ոլորտում այդ աշխատանքը նախ եւ առաջ սկսվեց կառուցվածքային փոփոխություններից, որոնք աստիճանաբար հստակեցնում են հոսքագծերը, արձանագրվում որոշակի պատասխանատուները: Եվ այդ փոփոխությունների հիման վրա արդեն հնարավոր է, որ երկրի առաջին դեմքն առաջադրի նոր խնդիրներ: Այդ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, թե ինչո՞ւ 4-5 տարի առաջվա բյուջեն այսքան է, այժմ՝ այսքան… Եթե ուշադրություն դարձրել եք, այս 4-5 տարիների ընթացքում Հայաստանում հաստատվեցին կառուցվածքային մի քանի աստիճանի ձեւաչափեր: Եվ, օրինակ, փոխվեց Կենսաթոշակային հիմնադրամի ամբողջ գործունեությունը եւ դրա մի զգալի ծավալ ամբողջությամբ փոխանցվեց հարկային ծառայության տնօրինությանը, որը մի քանի անգամ ավելացրեց ստվերից գանձվող եկամուտների մուտքագրումը բյուջե: Կարելի է շատ բերել նմանատիպ փաստեր»: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյան. «Կարծում եմ, որ հարկային ու մաքսային օրենսդրության փոփոխություններն ու այս մոտեցումները կապված են նաեւ տնտեսության զարգացման որոշակի տեմպերի հետ: Բնականաբար՝ ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մարմինների գործունեության հստակությունն ու խստությունը այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք թաքցնում են խոշոր հարկերը՝ պիտի դրսեւորվեն մշտապես»: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյան. «Հարկավոր է որքան հնարավոր է կրճատել անհատի դերակատարությունը երկրի կայացման վրա եւ առավել հզորացնել մեխանիզմները: Ցավոք, շատ վատ է, որ ակնառու է երեւում՝ երբ անհատը առանձնազրույցներ է ունենում, հաջորդ օրն իսկ լինում են ինչ-որ դրական տեղաշարժեր: Այս դեպքում, կարող եմ ասել, որ ավելի ուշադիր լինելու վերաբերյալ այդ հանձնարարականները պայմանավորված էին հարկային վերջին փոփոխություններով (որոնց չեմ կարող վերաբերվել բացարձակ դրական): Սակայն իմ կարծիքով, նման ծառայությունները չպետք է սպասեն հանձնարարականների, այլ պետք է իրականացնեն իրենց գործառույթները: Հարկային դաշտում բավական լուրջ խնդիրներ ունենք. 7 տարի առաջ, իհարկե, դրանք ավելի շատ էին, բայց հիմա էլ չեն կանոնակարգված լիովին եւ լիարժեք: Թեեւ նաեւ համաձայն չեմ, որ 7 տարի անց տրվեցին նման հանձնարարականներ. կարծեմ՝ հաճախակի, ամեն տարի կամ 2 տարին մեկ լինում էին նման հանդիպումներ եւ հանձնարարականներ»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյան. «Քոչարյանը հարկային մարմինների ներկայացուցիչներին հանձնարարեց, թե սկսեք ձեր բարեկամներից: Բայց չասաց, թե սկսեք ի՛մ բարեկամներից: Սակայն, իմ կարծիքով՝ պետք է սկսեին Քոչարյանի բարեկամներից: Այս ամենն ինձ հիշեցնում է շատ պարզունակ ֆարս: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանի խոշոր հարկատուների ընդամենը 23 տոկոսն է վճարում հարկերը: Այնինչ՝ նրանց հարկային մուտքերը պետք է կազմեին 75-78 տոկոս: Այսինքն՝ ստվերում է մնացել ավելի քան 300 մլն դոլար: Բացի այդ՝ Հարկային պետական ծառայության ղեկավարի տվյալներով, 65 մլն դոլար տարեկան մուտք չի արվում պետբյուջե: Եվ ամենակարեւորը՝ իսկ ո՞վ է ասում, թե այդ գումարներն այդքան են, միգուցե ավելի՞ շատ են… Ընդամենը կատարվում են մարտավարական քայլեր: Խոսքը միայն մանր-մունր «ձկնիկների» նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ