Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտ 05,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ հինգերորդ

ՍՈՒՐՃ ԿՆՈՋ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

Վարվառան ճիչ արձակելուց հետո ու արաղը կում անելուց առաջ մեզ ասաց, ու Ժիրոն էլ Վարվառայի արագ ռուսերենն ինձ համար արագ թարգմանեց, եւ ես իմացա, որ «ԽԿՂժ» մակագրությամբ մետաղյա տուփի մեջ ոչ թե սուրճ է եղել, այլ՝ բոլորովին ուրիշ բան, ու էդ բոլորովին ուրիշ բանը Անաստասիա Դավիդովնայի ամուսնու աճյունն էր, բայց ես էդ ժամանակ ոչ Վարվառայի արտաբերած «տՐՈւ» բառի իմաստն էի հասկանում եւ ոչ էլ մանավանդ Ժիրոյի թարգմանած «աճյուն» բառի իմաստը, ու իմ երջանիկ անգիտության մեջ դեռեւս ձախս Վարվառայի ազդրից որեւէ տեղ չէի տեղափոխել, ու արդեն մահճակալիս նստած՝ Վարվառան մանրամասն պատմեց, ու Ժիրոն էլ ինձ համար մանրամասն թարգմանեց, որ Դավիդովնայի ամուսինը տարիներ առաջ զոհվել է Վիետնամի պատերազմում, եւ Դավիդովնայի գնդապետ ամուսնու դիակը վիետնամցիների ադաթի համաձայն վառել ու աճյունափոշին համապատասխան տուփով ուղարկել են Սովետ, որ, ուրեմն, Դավիդովնան Յալթայի իրենց գերեզմանոցում թաղեր, բայց Դավիդովնան աճյունափոշին չէր թաղել ու մինչեւ էդ չարաբաստիկ իրիկունն իր նախավերջին դարակում «ԽԿՂժ» մակագրությամբ մետաղյա տուփի մեջ աշխարհից թաքուն պահում էր, ու երբ ես իմացա, որ սուրճի տեղակ գնդապետի աճյունափոշին ենք, ուրեմն, խմել, ո՛չ Վարվառայի պես նոպայի մեջ ընկա եւ ո՛չ էլ Ժիրոյի պես սարսռացի ու սփրթնեցի, որովհետեւ երբ Վարվառան էդ ամենը մանրամասն ու հուզված պատմեց, եւ Ժիրոն էլ ինձ համար մանրամասն ու հուզված թարգմանեց, ձախս դեռեւս Վարվառայի աջ ազդրին էր, եւ հիվանդությունս ու տաքությունս էլ չքվել էին գրողի ծոցն ու արդեն չկային, ավելի ճիշտ՝ մեջս էդ պահին առավել սաստիկ տաքություն էր, բայց դա միանգամայն այլ տաքություն էր, որ Վարվառայից հորդում էր իմ մեջ, ու երեւի հենց դա էր պատճառը, որ օղու երկրորդ բաժակից հետո Վարվառայի դեմքից սարսափը չքվել էր, ու գույնն էլ տեղն էր եկել, ու հիմի մի բան էլ ինքն էր Ժիրոյին ու ինձ հանգստացնում՝ ասելով. «Ոչինչ. ես կակաոյի ու աղացած գարու խառնուրդ կսարքեմ, կլցնեմ էդ կոֆեի բանկայի մեջ, ու մորքուրս ոչ մի բան գլխի չի ընկնի»: «Բա հոտից գլխի չի ընկնի՞. էդ աճյունափոշին հոտ չունե՞ր»,- հարցրի ես՝ ափս Վարվառայի ազդրին ավելի ամուր սեղմելով: «Մի քանի տարի առաջ հոտը դեռ կար, ինչ-որ խանձվածի հոտ էր, բայց վերջին տարիներին էդ հոտը լրիվ ցնդել էր, էնպես որ՝ շատ մի անհանգստացեք»,- Ժիրոյին ու հատկապես ինձ հանգստացրեց Վարվառան՝ զգուշությամբ իմ ձեռքն իր ազդրից իմ ծնկին տեղափոխելով, բայցեւ՝ իր ափն իմ ծնկի ու իմ ափի արանքում տեւականորեն պահելով, ու էդ պահին էր, որ Ժիրոն իրեն հարցրեց. «Վարվառա Նիկիֆորովնա, բա էդ աճյունն ինչի՞ մի տեղ չէր թաղում. ինչի՞ էր տանը պահում»: «Ժիրո դառագոյ,- ասաց Վարվառան,- ինքը մի ժամանակ հույսեր էր փայփայում, որ մի գեղեցիկ օր ոտը կընկնի Իսրայել, ու էդ աճյունն իրա ու իրա մարդու հայրենիքում կթաղի, բայց հիմի որ ինքը լրիվ ծերացել ա, էդ հույսը լրիվ կորցրել ա ու մենակ իմ հետ ա կապում հույսը, որ օրերից մի օր ոտս Իսրայել կընկնի: Տա՛ Աստված, իհարկե, չնայած, մեր մեջ ասած, ես ոչ մի հույս չունեմ, բայց ինքը երեւի հենց էդ մտքով ա տունն իմ անունով կտակել»: «Էս էլ տուն ա, հա՞,- ասացի ես.- էս քոսոտ խրճիթը տուն ե՞ս համարում»: «Իզուր ես էս խրճիթը թերագնահատում, Արմե՛նչո,- ուսը ուսիս քնքշորեն հպելով՝ ասաց Վարվառան,- քո ասած էս քոսոտ խրճիթը սեզոնին մոտավորապես հազար մանեթ մաքուր եկամուտ ա բերում»: «Բա ինքը խի՞ էսքան ուշացավ»,- հարցրի ես: «Երեւի մորս մոտ ա գնացել. որ էրկու պառավներով սկսում են խոսալ ու հիշել, ժամեր ա տեւում»,- ասաց Վարվառան, ու իր ռուսերենն արդեն դանդաղ, հասկանալի ու սիրելի էր ինձ: «Լավ ա, որ մորդ մոտ ա գնացել. իմ ու քո բախտից ա»,- ասացի ես՝ ժպտալով ու ափս իր պարարտ կրծքին հպելով: «Հիմի ուր-որ ա՝ կգա»,- ասաց Վարվառան՝ կուրծքը կիսով չափ հեռացնելով: «Ինքը կույր ա. էս մթնով ո՞նց ա գալու»,- ասացի ես՝ ափս դանդաղ առաջ տանելով: «Մերս իրան մինչեւ ավտոբուս հասցնում ա, ու ինքն էս իրանց կանգառից հեչի պես տուն ա հասնում. ճամփեն արդեն անգիր գիտի»,- ասաց Վարվառան: «Մի շիշ էլ չբերե՞նք, Վարվառա Նիկիֆորովնա»,- ներս մտնելով՝ ասաց Ժիրոն, որ մինչ այդ անիմաստ ներսուդուրս էր անում՝ երեւի հնարավորություն ընձեռելով, որ ես ու Վարվառան մեզ ազատ զգանք: «Կարծում եմ՝ չի խանգարի»,- ասաց Վարվառան՝ տեղից կտրուկ վեր կենալով ու Ժիրոյի ձեռքից հինգանոցը վերցնելով:

«Քեզ ազատ զգա, հենց որ մտքիդ ըլնի՝ ես կցվրվեմ»,- Վարվառայի դուրս գալուց հետո ասաց Ժիրոն: «Հա»,- համաձայնվեցի ես: «Տարիքը մի քիչ էն չի, բայց ընենց օբշի՝ ոչինչ»,- ասաց Ժիրոն:

Երբ Վարվառան վերադարձավ, Ժիրոն մեր նախորդ շշի վերջին կաթիլներն արդեն լցրել էր մեր բաժակների մեջ, ու երբ մենք երեքով ոտքի վրա մեր բաժակները չխկացրինք ու խմեցինք, Վարվառան նորից եկավ-տեղավորվեց իմ մահճակալին, եւ դա նշան էր, որ ինքն էս ամենի շարունակությունն է հենց ուզում, ու ես էդ պահին նայեցի պատի ժամացույցին՝ արդեն տասնմեկի կողմերն էր, եւ երբ Ժիրոն նորից մեր բաժակները լցրեց ու ինքը դուրս եկավ, ես ու Վարվառան մեր բաժակները չխկացրինք, եւ երբ ես գրկեցի նրա մեջքը, հենց էդ պահին սենյակ ներխուժեց Ժիրոն ու գուժեց, որ Դավիդովնան գալիս է՝ ահա-ահա հասնում է տուն, ու երեւի Վարվառան ամեն ինչ նախապես նկատի էր ունեցել, եւ երբ Ժիրոն ասաց, որ Դավիդովնան մոտենում է, Վարվառան ամենեւին խուճապի չմատնվելով՝ ասաց. «Դուք ի՞նչ ա, մոռացե՞լ եք, որ ինքը կույր ա. առանց պանիկայի հանգիստ հանվեք ու մտեք ձեր տեղերը»: «Հա՛»,- ասաց Ժիրոն, եւ Վարվառան ինձ դիմելով՝ ասաց. «Արմե՛նչո, մինչեւ վերջ զլի՛ էդ ռադիոյի ձենը. մորքուրս երաժշտություն շատ ա սիրում»:

Մորքուրը ներս մտավ, եւ մորքուրի ու մեր բախտից սկսվեց Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», իսկ մինչ այդ մի ակնթարթում Վարվառան ոչ միայն հասցրեց աճյունասափորն իր տեղը դնել, այլեւ՝ համենայնդեպս հանգցրեց լույսը, ու մինչ Դավիդովնան կհանվեր ու կտեղավորվեր իր մահճակալին, Վարվառան արդեն շորերով-բանով իմ անկողնու մեջ էր՝ պատի ու իմ նեղլիկ արանքում, եւ, մեր ու մորքուրի բախտից, «Ջութակի կոնցերտից» անմիջապես հետո «Սուսերով պարը» սկսվեց, իսկ այնուհետեւ՝ մի շատ երկար հատված «Սպարտակ» բալետից, բայց «Սուսերով պարի» հենց սկզբից Վարվառան իմ միջամտությամբ ու օգնությամբ արդեն մորեմերկ էր՝ մորեմերկ ու ահավոր տաք, ու մեր բախտից «Սպարտակի» էդ հատվածն անհավատալի երկար ու երանավետ էր, եւ երբ էդ երանավետ ու շատ երկար հատվածն ավարտվեց, ու լուրերն սկսվեցին, ես, արդեն խաղաղված, սկսեցի օրվա լուրերին ականջս պահել ու սպասում էի հատկապես լուրերի վերջին, որպեսզի իմանայի, թե էդ օրը Ռոստովում «Արարատը» ոնց է խաղացել, բայց լուրերը պրծան, ու «Արարատի» մասին ոչ մի բան չասվեց, ու ես վերստին գրկեցի Վարվառայի դեռեւս տաք, բայց արդեն թորշոմած պարանոցը, եւ երբ հնչեց Սովետական Միության հիմնը, մենք հիմնի հանդիսավոր հնչյունների ներքո գիրկընդխառն մայր մտանք, ու մնացյալը լռություն էր, ու համատարած լռության մեջ միանգամայն լսելի էին Անաստասիա Դավիդովնայի միալար սվսվոցն ու ֆսֆսոցը:

Առավոտվա վեցին մենք վեր թռանք նույն հիմնի հանդիսավոր ու խրոխտ հնչյուններից, ու Վարվառան երեւի ռադիոն դիտմամբ էր միացրած թողել, որպեսզի առավոտյան անլսելի ծլկի մորաքրոջ տնից, եւ երբ հիմնը հնչեց ու արթնացրեց բոլորիս, Վարվառան ամբողջովին մերկ միանգամից դուրս թռավ անկողնուց ու լույսը վառեց, մոռանալով, որ, ի տարբերություն իր մորաքրոջ, Ժիրոն ամենեւին էլ կույր չի, եւ երբ տեսավ ու համոզվեց, որ Ժիրոյի տեսողությունը միանգամայն տեղն է, գնդակի պես հետ թռավ անկողին ու, վերմակի տակ արագ-արագ շորերը հագնելով, ականջիս շշնջաց, որ մեզ կանգառում կսպասի ու, արդեն հագնված, կրկին դուրս թռավ վերմակի տակից, ոտքերը գցեց կոշիկների մեջ, սեղանից հափշտակեց պայուսակն ու սենյակից դուրս սուրաց:

Արդեն լուսումութ էր, ու մորաքույրն էլ էր հիմնի ու մյուս ձայներից արթնացել եւ, իմ ու Ժիրոյի քչփչոցը լսելով, քթի տակ մրթմրթաց ու ասաց.

– Էդ կարող ա՞ աղջիկ-մաղջիկ էիք բերել:

– Ի՞նչ աղջիկ,- զարմացավ Ժիրոն:

– Սովորական աղջիկ. էդ ո՞ւմ ոտների ձենն էր,- հարցրեց Դավիդովնան:

– Ես էի,- ասաց Ժիրոն,- զուգարան էի գնացել. զուգարանից հենց նոր եկա:

– Ես կույր եմ, ոչ թե՝ խուլ,- մրթմրթաց մորաքույրը.- ես տնից դուրս էկող ու տուն մտնող ոտնաձայներն իրարից շատ լավ եմ ջոկում:

– Ես սկզբում դուրս գնացի ու հետո ներս եկա,- ասաց Ժիրոն:

– Պարզ ա,- ասաց մորաքույրը,- պարզից էլ պարզ ա, որ աղջիկ էր ու մի քիչ առաջ ծլկեց. մենք պայմանավորվել էինք, չէ՞, որ էստեղ աղջիկ-մաղջիկ չեք բերելու:

– Մենք նաեւ պայմանավորվել էինք, որ ձեր էս սենյակում մենք երկուսով ենք ապրելու եւ ոչ թե՝ ձեզ հետ միասին,- ասաց Ժիրոն:

– Էդ սավսեմ ուրիշ հարց ա,- ասաց Դավիդովնան,- էդ սավսեմ երկրորդական հարց ա ու աղջիկ բերելու հետ էլ ոչ մի կապ չունի:

– Դա ձե՛զ համար է երկրորդական հարց. մեզ համար շատ էլ կարեւոր հարց է,- ասաց Ժիրոն:

– Չերկարացնենք,- գոռաց Դավիդովնան.- եթե մի անգամ էլ էս տուն աղջիկ բերեք, ձեզ կվռնդեմ իմ տնից:

– Նախ՝ մենք ոչ մի աղջիկ էլ չենք բերել,- ասաց Ժիրոն,- եւ երկրորդ՝ կարող եք չանհանգստանալ, որովհետեւ մենք հենց հիմա ուրիշ բնակարան ենք տեղափոխվում, ընդ որում՝ նույն գնով, ու էդ մեր նոր բնակարանն էլ կենտրոնում է:

– Ո՞նց թե՝ ուրիշ բնակարան եք տեղափոխվում. բա ինչի՞ ինձ նախօրոք չեք զգուշացրել, որ իմ համար թազա կլիենտ ճարեմ,- գոռաց մորաքույրը:

– Մենք մեր նոր բնակարանն ընդամենը երեկ ենք ճարել, այնպես որ՝ ձեզ նախապես չէինք կարող զգուշացնել, Անաստասիա Դավիդովնա,- քաղաքավարի ասաց Ժիրոն:

– Նագլի հայեր եք,- ասաց Դավիդովնան.- ամեն անգամ որոշում եմ կովկասցիների հետ գործ չբռնեմ, բայց էլի ճանկերն եմ ընկնում:

– Ի՞նչ է, մեզնից դժգո՞հ եք, Անաստասիա Դավիդովնա,- պայուսակս դասավորելով՝ ասացի ես:

– Հերիք չի՝ աղջիկ եք բերել, ինձ էլ ֆռռացնում եք, թե՝ չեք բերել,- մրթմրթաց մորաքույրը:

– Ոչ մի աղջիկ էլ չենք բերել,- ասացի ես:

– Տղա ջան,- ասաց մորաքույրը,- ես աղջկերքի ու տղերքի հոտերն իրարից շատ լավ եմ տարբերում: Մինչեւ հիմի էդ լրբի հոտը տանս մեջ ա: Որ կենտրոնանամ, կարամ նույնիսկ հաստատ ասեմ, թե ինչ աղջիկ ա էղել: Շատ ծանոթ հոտ ա. երեւի մեր էս մայլեքի լրբերից ա էղել: Փաստորեն, էրկուսով մեկին էիք, հա՞, վրա տվել:

– Անհարմար բաներ եք խոսում, Անաստասիա Դավիդովնա,- ճամպրուկը դասավորելով՝ ասաց Ժիրոն:

– Կարող ա՞ արաղ էլ չեք խմել. սաղ սենյակն արաղի հոտ ա,- ասաց մորաքույրը:

– Ինչ է, արաղ խմելն էլ է՞ արգելված,- ասաց Ժիրոն:

– Մի բաժակ լցնե՞մ, կխմե՞ք, Անաստասիա Դավիդովնա,- փորձեցի կատակել ես:

– Լցրո՛ւ,- անսպասելի ասաց մորաքույրը:

Երբ լիքը բաժակը տվի ձեռքը, նա, բաժակը բարձրացնելով, ասաց.

– Ձեզ բարի հանգիստ եմ ցանկանում, անշնորհքներ:

– Բայց ինչի՞ ենք անշնորհք, Անաստասիա Դավիդովնա,- հարցրեց Ժիրոն:

– Անշնորհք չեք՝ բա ի՞նչ եք,- ասաց մորաքույրը.- հիմի էս առավոտ գիշերով ես որտեղի՞ց կլիենտ ճարեմ:

– Ոչինչ, երեկոյան կճարեք. մենք էլ գիշերով էստեղ եկանք: Ցերեկով որ գայինք, դժվար թե էստեղ մնայինք:

– Ի՞նչ,- հարցրեց մորաքույրը:

– Ոչինչ,- ասաց Ժիրոն:

– Էլ մնա՞ց. թե մնաց՝ մի հատ էլ լից,- ասաց մորաքույրը:

– Հա՛, կա՛,- ասացի ես՝ նրա բաժակը լիքը լցնելով եւ այս անգամ արդեն նաեւ մի թթու վարունգ Դավիդովնային տալով:

Նա անմիջապես կոնծեց, հետո թթու վարունգը հոտոտելով՝ ասաց.

– Էս մեր հարեւանի մալասոլնին ա. կարող ա՞՝ իրանց էն լրբին եք գիշերը էստեղ պահել:

– Ի՞նչ լիրբ,- զարմացավ Ժիրոն:

– Էն իրանց լիրբ աղջկան,- ասաց Դավիդովնան:

– Մենք միշտ իրենցից ենք օղի առնում, բայց էնտեղ ոչ մի աղջիկ չենք տեսել,- ասաց Ժիրոն:

– Շուստրի հայեր եք. ամեն ինչի տեղը վռազ սովորում եք,- ասաց Դավիդովնան:

– Շուստրիության հարց չկա,- ասաց Ժիրոն.- ամբողջ աշխարհը գիտի, որ իրիկուններն էդ տնից օղի են ծախում:

– Բա հիմի էս առավոտ գիշերով որտեղի՞ց նորմալ կվարտիրանտ ճարեմ,- հոգոց հանելով՝ ասաց մորաքույրը:

– Նորմալ կվարտիրանտները նորմալ տներում են ապրում,- ասաց Ժիրոն:

– Ի՞նչ,- հարցրեց Դավիդովնան:

– Ոչինչ,- ասաց Ժիրոն,- ասում եմ՝ մենք գնանք, արդեն լուսացավ:

– Հագնվե՞մ, գա՞մ ձեզ ճամփու դնեմ,- հարցրեց Դավիդովնան:

– Չէ, ի՞նչ ճամփու դնել. հո էրեխա չե՞նք,- ասաց Ժիրոն ու ավելացրեց.- դե՛, մեզ ավել-պակաս կներեք, Անաստասիա Դավիդովնա:

– Հայե՛ր, ճիշտը որ ասեմ՝ ե՛ս էլ չէի ուզում էստեղ ձեր հետ միասին մնամ. մտածում էի՝ ձեր էստեղ մնալու վախտերը քրոջս տանը կմնամ, բայց իմ ու ձեր չար բախտից քրոջս թոռը՝ մեր Վարվառայի աղջիկն էս քանի օրը մարդուց բաժանվել, մի տարեկան էրեխին առել ու հետ ա էկել մոր ու տատի մոտ, էրեխեն էլ սաղ գիշեր ղժղժում ա, չի թողում քնեն,- ասաց Դավիդովնան ու ավելացրեց.- Վարվառային ճանաչում եք, էստեղ՝ իմ մոտ եք տեսել:

– Հա՛. Վարվառային ճանաչում ենք,- ասացի ես:

– Էնպես որ՝ դո՛ւք ինձ ավել-պակաս ներեք,- ասաց մորաքույրը:

– Ներելու կամ չներելու հարց չկա, ձեզ առողջություն ու հաջողություն ենք ցանկանում, Անաստասիա Դավիդովնա,- ասաց Ժիրոն՝ սեղմելով Դավիդովնայի ձեռքը:

– Ձեզ առողջություն ու նորմալ կլիենտներ ենք ցանկանում,- ասացի ես՝ սեղմելով նրա չոր ու նիհար ձեռքը:

– Ես էլ ձեզ բարի հանգիստ եմ ցանկանում,- ասաց Դավիդովնան, եւ երբ արդեն մոտեցել էինք դռանը, անսպասելի գոռաց.- է՜յ, հայե՛ր, հո դարակներիցս բան-ման չե՞ք թռցրել: Տեսեք, հա՜, պասպորտներիդ համարները մոտս գրած ունեմ, գետնի տակից էլ ըլնի՝ ձեզ կգտնեմ:

– Վիրավորում եք, Անաստասիա Դավիդովնա,- ասաց Ժիրոն,- դուք ի՞նչ ունեք՝ որ ինչ թռցնենք:

– Ինչ որ ունեմ՝ իմ համար շատ թանկ ա: Դե լավ, հանաք արեցի, լուրջ մի ընդունեք: Դե՛, հաջողություն ձեզ,- ասաց Դավիդովնան՝ ամբողջովին ընկղմվելով վերմակի տակ:

Ես ու Ժիրոն վերջնականապես դուրս թռանք մեր ժամանակավոր դժոխքից եւ սլացանք կանգառ, ուր Վարվառան վաղուց մեզ էր սպասում:

– Հը՞, էս խի՞ էսքան ուշացաք,- մեզ տեսնելով՝ չկարողացավ ուրախությունն ու հուզմունքը թաքցնել Վարվառան:

– Մորքուրդ հարցաքննություն էր սկսել,- ասացի ես:

– Ի՞նչ հարցաքննություն:

– Գլխի էր ընկել, որ գիշերը մեր հետ աղջիկ ա մնացել. ոտնաձայներիցդ ու հոտիցդ ա զգացել: Ասում էր՝ շատ ծանոթ հոտ ա: Ասում էր՝ որ մտքիս դնեմ, կարամ գլխի ընկնեմ՝ ինչ աղջիկ ա էղել:

– Ղալաթ ա արել. իրա մասին շատ մեծ կարծիքի ա: Ոչինչ, վաղը որ մոտը գնամ, վրես ուրիշ դուխի կցանեմ, տենամ ո՞նց ա գլխի ընկնում: Առաջին դեպքը չի:

– Այսինքն՝ ո՞նց առաջին դեպքը չի,- ասացի ես:

– Քնելը նկատի չունեմ,- ձեռքը ուսիս դրեց Վարվառան.- ուզում եմ ասեմ՝ դուխիս շուտ-շուտ եմ փոխում:

– Պարզ ա,- բազմանշանակ ասացի ես:

– Ի՞նչն ա պարզ,- հարցրեց Վարվառան:

– Ամեն ինչ,- ասացի ես:

– Աղջիկդ մարդուց բաժանվել ա՞,- խոսակցությունը փոխեց Ժիրոն:

– Էդ պառավն ուրեմն տասնհինգ րոպեում հասցրել ա կյանքներս պատմել, հա՞,- վրդովվեց Վարվառան:

– Հա՛, որոշ բաներ պատմեց. ասեց, որ ինքը միտք ուներ էս քանի օրը ձեր տանն ապրել, բայց քանի որ աղջիկդ էրեխի հետ վերադարձել ա ձեր տուն, ինքը ստիպված ա էղել մեր մոտ՝ այսինքն իրա տանը քնել,- ասացի ես:

– Մենակ էդ էր պակաս, որ մեր տանը քներ: Վրից շան հոտ ա գալի. նոր տարուց նոր տարի ա լողանում,- ասաց Վարվառան:

– Ո՞նց ես մորաքրոջդ մասին էդպես խոսում. չէ՞ որ տունը քեզ ա կտակել,- ասացի ես:

– Էդ ոչ թե տուն ա, այլ՝ իսկական գոմ,- ասաց Վարվառան:

– Բա ասում էիր՝ սեզոնին հազար մանեթից ավել փող ա բերում,- հիշեցրի ես:

– Բերելը բերում ա, բայց իրա՛ն ա բերում, ու հեչ պարզ չի՝ ե՞ս իրան կթաղեմ, թե ինքը՝ ինձ:

– Ուրեմն՝ թոռ ունես, հա՞,- հարցրի ես:

– Վրիցս չի էրեւո՞ւմ: Թոռանս ցավը տանեմ. միակ ուրախությունս ա: Էգուց իրա ծնունդն ա. մի տարին ա լրանում: Իրա ալկաշ հոր ինադու ընենց մի հատ քեֆ եմ սարքելու, որ սաղ քուչեն դղրդա: Հա, ձեզ էլ եմ հրավիրում, կարող ա՞ գաք,- ուղիղ աչքերիս նայելով՝ ասաց Վարվառան:

– Հեռախոսիդ համարը տուր, կզանգենք՝ կպայմանավորվենք,- ասացի ես:

Վարվառան պայուսակից հանեց մի թղթի կտոր, որի վրա գրված էր իր հեռախոսի համարը:

– Հասկանում եմ, որ ձեւական ես ուզում,- ասաց նա,- բայց վերցրու, էստեղ նստած՝ պարապությունից համարս գրեցի, որ քեզ տամ:

– Բայց քեզ ինչի՞ ա թվում, թե ձեւական եմ ուզում,- ասացի ես:

– Չի թվում: Ես տարիքս առած կնիկ եմ ու ահագին կյանքի փորձ ունեմ, չհաշված որ՝ ծովափ տեղ ա, ու աղջկերքն էլ՝ լիքը,- ասաց Վարվառան ու, տեսնելով մոտեցող ավտոբուսը, ավելացրեց.- հրե՛ն՝ քառասունչորսս էկավ: Դե, ես գնացի, հաջո՛ղ:

– Վարվառա, էն աճյունի մասին չմոռանաս,- ասաց Ժիրոն:

– Մի՛ անհանգստացի, Ժիրո՛, մի բան կմտածենք. տեղը մի բան կլցնենք,- ասաց Վարվառան եւ ինձ նայելով ու ինձ ժպտալով՝ ավելացրեց.- առաջին դեպքը չի:

Վարվառան նախ Ժիրոյին համբուրեց ու հետո նոր ինձ՝ մի քիչ ավելի երկար: Նա ինձ մի քիչ ավելի պինդ ու մի քիչ ավելի երկար համբուրեց, չնայած երեւի համոզված էր, որ չեմ զանգելու:

Նա նստեց ավտոբուս, եւ մի քանի ակնթարթ անց ինքն ու ավտոբուսն անհետացան Յալթայի հերթական առավոտվա խոնավ ու թանձր մշուշի մեջ:

Վարվառան ճիշտ էր. հաջորդ իրիկուն ես իրեն արդեն չէի հիշում, ու նույնիսկ արդեն Վալյային չէի հիշում, եւ նույնիսկ Ժիրոն արդեն իր Լյուդային էր սկսում մոռանալ Ելենա Գրիգորեւնայի կոկիկ ու մաքուր միսենյականոցում, որը նայում էր ուղիղ կենտրոնական փոստին, որտեղից էդ առավոտ արդեն զանգել Երեւան ու մեր սիրասուն ծնողներից խնդրելով պահանջել էինք մեր հանգստյան հավելավճարներն ու հիմի՝ նույն էդ բարեբաստիկ երեկոյան, արդեն ծանոթացած ու մտերմացած մեր պատկից հարեւանուհիների՝ չեբոկսարցի գեղեցկուհիներ Նաստենկայի ու Լյուդայի հետ, մեր արդեն փափկասուն երջանկությունն էինք շամպայնով ըմբոշխնում, ու ես արդեն Լյուդային սրտանց Ժիրոյին էի զիջել ոչ միայն այն պատճառով, որ իր Լյուդայի անվանակիցն էր, այլեւ այն պատճառով, որ Նաստենկան ակնհայտորեն ավելի էր համապատասխանում իմ ճաշակին:

Հիմա ուզում եմ մեր էդ փափուկ օրերից, Ելենա Գրիգորեւնայի էդ կոկիկ ու մաքուր միսենյականոցից, Վալյայի ու Նաստենկայի շքեղ ընկերակցությունից մի դրվագ հիշելով առանձնացնեմ, բայց ինչքան միտքս ու հիշողությունս լարում եմ, ոչ մի բան չեմ հիշում Նաստենկայի պերլամուտր մազերից բացի, որ հատկապես Յալթայի երեկոյան ճեմափին էին սազում, ու էլի Վարվառայի առավոտվա փոս ընկած աչքերն են դեմս գալիս, ու, Վարվառայի փոս ընկած աչքերից բացի, աճյունափոշու անհասկանալի համն եմ հիշում ու մեկ էլ Դավիդովնայի՝ գուլպաներն ու ամեն ինչ հոտոտելը, ու էսպես, հիշելով ու տեղը բերելով, մտածում ու նաեւ հասկանում եմ, հենց հիմի եմ միայն հասկանում, որ հարուստ ու շքեղ հիշողություններ ունենալու համար բնավ էլ պարտադիր չի, որ հարուստ ու շքեղ ապրած լինես:

Ես հենց հիմա նաեւ հասկացա, որ հենց էս պահին Վարվառայի էն ժամանակվա տարիքից ահագին մեծ եմ, ու Վարվառան էլ, եթե Աստված կամեցել է, հենց էս պահին պիտի որ իր թշվառ մորաքրոջ էն ժամանակվա տարիքին ընդհուպ մոտեցած լինի, ու ինքներդ եք հասկանում, թե ինչքան դժվար ու անհարմար է, երբ հիսունմեկ տարեկանում ստիպված ես լինում տասնինը տարեկանում արածդ ֆլիրտների ու կիսասիրային արկածների մասին գրել, ու նաեւ էնպիսի բաների մասին, որ արկածի մակարդակից էլ են ահագին ցածր, եւ, կնոջիցդ ու արդեն չափահաս աղջիկներիցդ շարունակաբար ձախ ձեռքիդ ափով ծածկելով գրածդ, աջով շարունակում ես գրել բաներ էն միակ ընթերցողիդ համար, ով հենց էս պահին դեռեւս հիշում է ու դեռեւս չի մոռացել, որ ես ծովափնյա էդ ամեն ինչը հիշեցի ընդամենն էն բանի համար, որ դուք ու հատկապես Բեյլերյան Հրաչն իմանաք, որ չորրորդ կուրսում իմ ու իր գրազը կրեցի հենց էն բանաստեղծությամբ, որը, ինչպես արդեն իմացաք, գրել էի յոթանասուներկուսին Յալթայում՝ ահավոր բարձր տաքության մեջ եւ ոչ թե չորրորդ կուրսում իր հետ գրազ գալուց հետո ընդամենը կես ժամում ու հանպատրաստից՝ ինչպես Հրաչին ու տղերքին հավատացրի, ու Ժիրոն էլ մեծահոգաբար, ընկերասիրաբար ու գարեջրասիրաբար լռեց, որովհետեւ իմ ու Հրաչի գրազն ամբողջ քսան շիշ գարեջրից էր բաղկացած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել