ՄՈՑԱՐՏԻ
ԵՐԿՐՈՒՄ ՄՈՑԱՐՏԻՆ ԿԱՐՈՏ ՄՆԱՑԻՆՔ Թերեւս ընթերցողը զարմանա,
որ լուսանկարային ռեպորտաժում որեւէ պատկեր չկա մեծն Մոցարտի մասին: Ցավոք, Աժ նախագահի
այցի շրջանակներում ծրագրված չէր որեւէ մշակութային միջոցառում կամ, գոնե, այցելություն
մոցարտյան վայրեր: Մենք չայցելեցինք նաեւ Ֆրանց Վերֆելի գերեզմանին, ու էլի շատ բաներ
չտեսանք: Մեզ մնում էր միայն հընթացս փախցնել մի քանի կադրեր քաղաքի ընդհանուր տեսքից:
Ամեն երկրորդ խանութի, սրճարանի ցուցափեղկում կամ մուտքի դռանը Մոցարտին նմանվող
մի պատկեր էր երեւում: Եվ դա այն ամենն էր, որ մենք տեսանք Վիեննայում: Իսկ Մոցարտի
կարոտն առնել ավելի ուշ՝ արդեն Երեւանում, նրա երաժշտությունը վայելելով: Այս
արձանը տեղադրված է Ավստրիայի առողջապահության նախարարության շենքում: Շենք
մտնող բոլոր այցելուներին անգլուխ այս մարդը դիմավորում է հենց մուտքի մոտ: Առաջին
պահին սարսռում ես, չհասկանալով, թե առողջապահության խնդիրներով զբաղվող կառույցում
ի՞նչ գործ ունի այս «վախենալու» արարածը: Բայց մակագրությունը կարդալուց հետո որոշ
հարցեր պարզվում են: Արձանը ստեղծվել է 1910 թվականին, անունը Գիգանտ է: Համաշխարհային
երկրորդ պատերազմի ժամանակ արձանի գլխին ռումբ է ընկել եւ վնասվել են մարմնի երեք
կարեւորագույն կետերը: Գիգանտը չի վերակառուցվել մեկ նպատակով, որպեսզի ցույց տրվի
սերունդներին, թե մարդը մարդուն ինչպիսի վնասներ կարող է հասցնել: Ավստրիական
Ֆորելբերգ երկրամասի խորհրդարանի ճեմասրահները նման են իսկական պատկերասրահի: Այստեղ
ցուցադրված են արվեստ գործեր, արձանիկներ, նույնիսկ խորհրդարանի բոլոր տարիների նախագահների
նկարները ոչ թե սովորական լուսանկարներ են, ինչպես մեզ մոտ, այլ՝ յուղաներկ հսկա
կտավներ, ի տարբերություն մեր ԱԺ նախագահների նկարների, որոնք պատկերված են անհայտ
ժամանակների լուսանկարների միջոցով եւ գրեթե բոլորն էլ նույն փողկապներով: Այստեղ
նաեւ կովերի հսկա արձաններ են տեղադրված, ընդ որում, մարմնից ավելի մեծ արտահայտված
են կաթնատու մասերը, որպես ալպիական կաթի եւ սննդամթերքի խորհրդանիշ: Իսկ այս երկգլխանի,
երկկտուց թռչնի մասին Ֆորելբերգի խորհրդարանի նախագահը բավականին հարգանքով էր խոսում,
ասելով, որ այս երկբերանանին ստիպում է շատ պատգամավորների՝ խոսելուց առաջ մի լավ
մտածել եւ ավելորդ բառեր շաղ չտալ: Եթե ավստրիացիներին այս թռչունը օգնում է, մեր
պատգամավորների վրա որեւէ դրական ազդեցություն հաստատ չէր ունենա: Թե չէ՝ կարելի
էր որոշ ժամանակով նրան «հրավիրել» Հայաստանի խորհրդարան: Աբբահայր
Պողոս վարդապետ Քոջանյանը ցույց է տալիս Հայաստանի առաջին հանրապետության դրոշն ու
զինանշանը, եւ բացատրում, որ Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանը փակվել է հինգ
տարի առաջ եւ այժմ ամբողջ գրականությունը տպագրվում է Հայաստանում, Գյուլբենկյան
հաստատության միջոցներով: Միաբանների թիվն այսօր քիչ է եւ ստիպված են դիմել նաեւ
աշխարհականների օգնությանը՝ «Բազմավեպ» եւ «Հանդես ամսօրյա» թերթերը
հրատարակելու համար: Թանկարժեք
մորթեղենի այս խանութը գտնվում է Վիեննայի սուրբ Ստեֆանի եկեղեցու հրապարակում: Այստեղ
կարծում են, որ «Միստր Լիսկա» խանութների ցանցը որեւէ կապ չունի Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյանի, այսինքն՝ Լիսկայի հետ: Ավստրիացիներն ընդհանրապես ոչինչ չգիտեին
հայկական Լիսկայի, եւ նրա ստեղծած «Սյունիք» հասարակական կազմակերպության մասին:
Եվրոպացիների համար «Միստր Լիսկան» ընդամենը թանկարժեք մորթեղենի խանութ է, որում
գարնան շեմին զգալի զեղչեր էին: Այս
գովազդային վահանակը ցուցադրված է ավստրիական բոլոր քաղաքներում: Որքան հասկացա մակագրությունից,
գովազդվում էր նիհարելու ինչ-որ միջոց: Սակայն ավստրիացիք այնքան նրբակազմ են ի բնե,
որ այս գովազդից օգտվելու կարիք չունեն: Իսկ բարձրահասակ այս գեղեցկուհու դեմքը թմբլիկի
գգվանքից այնպես էր ձգվել, որ վահանակը կարելի է դիտել, օրինակ, թե ո՞ւմ հետ չի կարելի
գրկախառնվել: Փուչիկի
հանդեպ սերը ավստրիացիներին ստիպում է իրար փուչիկներ նվիրել այնպես, ինչպես ծաղիկներ
են նվիրում: Փուչիկ վաճառող այս ծաղրածուն ամենեւին էլ ծաղրածու չէ, նա պարզապես
սիրում է մարդկանց ուրախություն պարգեւել եւ իր հիմնական աշխատանքից (խանութի աշխատող
է) ազատ օրերին սիրում է կանգնել Վիեննայի հրապարակում եւ փուչիկ վաճառել, ընդ որում,
բավականին երկար պատմում է ամեն մի փուչիկի «կենսագրություն», բացատրում, թե որ գույնի
փուչիկը ինչ է խորհրդանշում: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆԻ