Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԱԺԻՇՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ

Մարտ 05,2005 00:00

«Արամ
Խաչատրյան» համերգասրահում, այսօր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Երեւանի պետկոնսերվատորիայի
նախաձեռնությամբ կնշվի կոմպոզիտոր, պրոֆեսոր Գագիկ Հովունցի ծննդյան 75-ամյակը:
Որպես մենակատար, կոմպոզիտորի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտի կատարմամբ (դիրիժոր՝
Էդ. Թոփչյան) հանդես կգա գերմանաբնակ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր
Հրաչյա Հարությունյանը: Ջութակահարը ավելի քան 20 տարի համերգային եւ մանկավարժական
գործունեություն է ծավալում Եվրոպայում, Ասիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում:
1996-ին Նոյշտադտ քաղաքում հիմնել է արդեն ճանաչում գտած Մասնագետ երաժիշտների վերապատրաստման
Crescendo բարձրագույն դպրոցը: Հետաքրքրվեցինք՝ «Դուք Երեւանի պետկոնսերվատորիայի
պրոֆեսոր եք, որտեղ տարին մեկ-երկու անգամ անցկացնում եք վարպետության դասընթացներ,
իսկ մեկ անգամ՝ մենահամերգով հանդես գալիս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Այսքանով սահմանափակվո՞ւմ է ձեր գործունեությունը հայրենիքի հետ, հայրենիքի համար»:
Հ. Հարությունյանը պատասխանեց. «Գերմանիայում հանգիստ խղճով նստած չեմ: Բացի երաժշտարվեստից,
այլ բնագավառների բարձրակարգ մասնագետների հետ էլ ունեմ հրաշալի կապեր: Օրինակ, ձեզ
ոչինչ չի՞ ասում Լուիջի Կոլանի անունը: Աշխարհահռչակ այս դիզայներին անվանում են
Լեոնարդո դա Վինչի: Շահագրգիռ անձանց հարկ եղած դեպքում կարող եմ ծանոթացնել նրա
հետ: Ի դեպ, մեր մտերմությունը Կոլանիին ստիպել է հայոց պատմություն ուսումնասիրել»:
Ընդառաջելով մեր խնդրանքին, ջութակահարը փոքր տեղեկություն հաղորդեց դիզայների
մասին: Լ. Կոլանին 17 տարի Ճապոնիայի արդյունաբերության գլխավոր դիզայներն է եղել:
Ստեղծագործում է համարյա բոլոր ոլորտներում: Օրինակ, ֆանտաստիկ ավտոմեքենաներ է հավաքում:
Նա պատրաստ է նոր ձեւի, ոճի, դիզայնի «Shanhay» ավտոմեքենան հավաքել Հայաստանում,
որը կշռում է 350 կգ, արագությունը՝ 130 կմ/ժամ, ժամում 80 կմ արագության դեպքում
ծախսում է 2 լիտրից պակաս բենզին: Կամ՝ դիզայների նախագծած սաունայի կոմպլեքսը, որն
ունի 1 կմ երկարություն, նույնքան էլ լայնություն եւ 200 մետր բարձրություն, ամբողջը
ապակեպատ է եւ ունի կնոջ կրծքի ձեւ: Ջութակահարի հավաստմամբ, Կոլանը ձեռնամուխ է
եղել նոր ջութակի ստեղծմանը. «Այսօր աշխարհում մշակույթը համերգասրահներից դուրս
է գալիս բացօթյա բեմ, որտեղ նույնիսկ հռչակավոր վարպետներ Գվարներիի, Ամատիի պատրաստած
ջութակներն իրենց հնչողությամբ չեն կարող ապահովել այդ մեծ լսարանը: Իսկ դիզայների
նախագծած ջութակը այդ հնարավորությունն ունի»: Հ. Հարությունյանը նշեց, որ
Եվրախորհրդի անդամ պետություն միայն խոսքով չեն դառնում. «Ես չեմ կարող դիզայների
հարցով դիմել Հայաստանի նախագահին կամ մյուս իշխանավորներին: Համոզված եմ, որ այն
կհետաքրքրի Հայաստանի պետական այրերին ու գործարարներին: Իսկ մեծահամբավ դիզայների
հետ պետք է տարվեն բանակցություններ պետական մակարդակով: Խնդրեմ, ես կարող եմ հանդիսանալ
միջնորդ այս հարցում»: Անցում կատարելով երաժշտարվեստին, Հ. Հարությունյանը
տեղեկացրեց, որ ձեռնամուխ է եղել «լարային գործիքների բազմազգ մենակատարների ակադեմիայի»
ստեղծմանը: Այնտեղ կվերապատրաստվեն երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից՝ ստանալով
կրթաթոշակ: Մեր հարցին, թե կլինե՞ն երաժիշտներ Հայաստանից, ջութակահարն ասաց. «Իհարկե,
ակադեմիան կբացվի 2006-ի հունվարին, մինչ այդ ես անձամբ կգամ Երեւան եւ կոնսերվատորիայում
կանցկացնեմ լսումներ: Բնականաբար, ընտրված երաժիշտները կհրավիրվեն Նոյշտադտ»: Հանդիպման
ավարտին Հ. Հարությունյանը Գրողների միության եւ համապատասխան նախարարության ուշադրությունը
հրավիրեց այսօր աշխարհում հետաքրքրություն առաջացրած «Բաբելոնի ամենահարուստ մարդը»
գրքին: Ըստ արվեստագետի, գիրքը «ուսումնասիրում» են՝ սկսած դպրոցահասակ երեխաներից
մինչեւ ծերունիները. «Գրքի իմաստը, խորհուրդը հետեւյալն է՝ պետք է ֆինանսը աշխատի
քեզ համար, ոչ թե հակառակը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել