Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարոս»՝ տաղավարի դիմաց

Մարտ 05,2005 00:00

«Առավոտին»
դիմած Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ, ի ծնե հաշմանդամ Ռիմա Միրզոյանի՝ իշխանություններից
ստացած միակ շոշափելի արդյունքը 6 տարիների ընթացքում տարբեր գերատեսչությունների
հղած մոտ 150 դիմում-բողոքների պատասխանների տրցակն է: Սակայն Ռ. Միրզոյանի
խոսքերով, պատկան մարմինները հարցն այդպես էլ չեն լուծում: Կնոջ պատմելով, 1998 թվականին
իրեն ընդգրկել, այնուհետեւ 3 ամիս անց զրկել են «Փարոսից»՝ պատճառաբանելով, որ սեփական
խանութ ունեն: Անտեսվել է նաեւ այն հանգամանքը, որ Ռ. Միրզոյանի 5 անձից բաղկացած
ընտանիքը բնակվում է մեկ սենյականոց բնակարանում, հողամաս չունի եւ որ ընտանիքի բոլոր
անդամներն էլ գործազուրկ են: Ռ. Միրզոյանը չի ժխտում, որ իրենց տան հարեւանությամբ
գտնվող կրպակն իր սեփականությունն է, որը գրանցված է պետռեգիստրում, սակայն «կրպակը
ավերված է, կիսաքանդ, որտեղ հնարավոր չէ պատշաճ առեւտուր կազմակերպել եւ գրեթե չի
էլ կազմակերպվում»,- պատմում է Ռ. Միրզոյանը: Տաղավարի անմխիթար լինելու մասին փաստում
են նաեւ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի եւ քաղաքապետարանի տեսուչների կազմած ակտերը,
որտեղ նշվում է, որ «Տաղավարը գործում է խիստ անմխիթար վիճակում եւ վերականգնման
կարիք ունի, չի ջեռուցվում: Երկու ժամ գտնվեցինք տաղավարում, սակայն այդ ընթացքում
ոչ մի առեւտուր չկատարվեց, ոչ մի գնորդ չհաճախեց»: Կինը Հարկային պետական ծառայությունից
էլ տեղեկանք ունի, որտեղ ասվում է, որ իր առեւտրի ամսական եկամուտը կազմում է 3 հազար
դրամ: «Ընտանիքի անապահովության գնահատման մեթոդիկայում ասվում է, որ հաշմանդամի
բերած նվազագույն եկամուտը չի հաշվվում եւ ընտանիքին չի զրկում նպաստից: Սակայն աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրաժարվում է մեզ ընդգրկել «Փարոսում»,- ասում
է Ռ. Միրզոյանը: Ռ. Միրզոյանի հարցը պարզաբանելու մեր խնդրանքին Սոցիալական
ծառայության Քանաքեռ-Զեյթունի տարածքային գործակալության պետ Ռադիկ Խամոյանն այսպես
արձագանքեց. «Արդեն 6 տարի է, այդ տիկնոջ խնդիրն առկա է, իմ կենսագրությունից ավելի
լավ եմ հարցին ծանոթ: Երկու համայնքների առաջին ատյանի դատարանների որոշումներով
մերժել են նրան «Փարոսում» ընդգրկել: Աղքատության ընտանեկան նպաստի մասին գործող
կարգի համաձայն, ընտանիքը չի ընդգրկվում նպաստառուների ցուցակում, եթե ընտանիքի անդամներից
մեկը անհատ ձեռներեց է: Եվ որպեսզի այդ կինն այդ հարցով մեզ այլեւս չանհանգստացնի՝
համայնքի ավագանու որոշմամբ, թաղապետարանը նրան 2004-ից 10 հազար դրամ թոշակ է նշանակել:
Ընդ որում՝ անժամկետ: Այ, եթե կրպակը վաճառի եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնի՝
այդ դեպքում միայն խնդիրը կվերանայենք»: Ի դեպ, 10000 դրամը գրեթե այնքան է, ինչքան
միջին հաշվով կազմում է աղքատության ընտանեկան նպաստը ներկա՝ բարձրացրած չափերով:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել