Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱԲԵԲԱՆԵՐԸ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԷԻՆ «ՎԱՃԱՌՈՒՄ»

Մարտ 05,2005 00:00

Ինչպես
նաեւ «Իզի քարտեր» Անցյալ տարվա հունիսի 8-ին Հարավ-արեւմտյան Բ2 թաղամասի
120 շենքի իր վարձակալած բնակարանից ՀՀ քննչական վարչություն տարվեց Էլմիրա Ազնավուրյանը:
Նրա աղջիկը՝ Նարինե Պինխասովան չհասցրեց տուն մտնել. նրան կալանեցին հենց փողոցում:
Այդ օրվանից մայր ու աղջիկ գտնվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական
հիմնարկում: Կալանավորները Հայաստանում գրանցված չեն: Բաքվի ջարդերից հետո գալով
հայրենիք, «ի վիճակի չեն եղել տուն գնել», սեփականություն ձեռք բերել: Սակայն ըստ
քրեական գործի վարույթն իրականացնող նախաքննության մարմնի տվյալների, նրանք եւ եւս
երկուսը՝ մայր եւ աղջիկ Զարիկ եւ Նաիրա Սարգսյանները, ի վիճակի են եղել անգամ ազգային
անվտանգության ծառայության վարչության պետեր «նշանակել», կառավարությունում ամենայուղոտ
աշխատանքների համար գումարներ ստանալ: Քննությունն իրականացնում է ՀՀ քննչական
վարչությունից քննիչ Լ. Ավետիսյանը, որն էլ մեզ հայտնեց, որ միջնորդություն է ներկայացնելու
նախաքննության ժամկետը երկու ամսով երկարացնելու համար: «Առավոտի» տեղեկություններով,
տուժողների թիվը հասնում է 200-ի: Ըստ նախնական վարկածի, այս կանայք ոչ միայն ակտիվորեն
իրականացրել են հանրապետության «կադրերի վարիչների» գործառույթներ, այլեւ «ԱրմենՏելից»
ձեռք բերված իզի, սիմ քարտեր վաճառել: Ուշագրավ է, որ 96500 դոլարի յուրացման մասին
է խոսքը: Լ. Ավետիսյանը գտնում է, որ մեղադրանքները հստակեցված չեն եւ յուրաքանչյուրի
մասնակցության աստիճանը դեռեւս չի որոշված: Երեկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին,
վարչապետին, ՍԴ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին,
Եվրամիության Հայաստանյան գրասենյակի պատասխանատուին է դիմել Էլմիրա Ազնավուրյանի
աղջիկը՝ Աիդան: Վերջինս ահազանգել է, որ քննությունը ընթանում է 10 ամսից ավելի,
որ իր քույրը՝ Նարինեն ունի երեք մանկահասակ երեխա, ավագը 4 տարեկան է, միջնեկը՝
3, իսկ կրտսերը՝ 2: «Քրոջս կալանավորելուց հետո երեք երեխաները հանձնվել են մանկատուն:
Քրոջս նախկին ամուսինը, որը մեկ տարուց ավելի գտնվում էր ՌԴ-ում, լսելով երեխաների
անօգնական վիճակի մասին, վերադարձել է Հայաստան, բնակարան վարձել, մեզ ապահովել մինիմում
սննդով, որպեսզի երեխաները սովից չմահանան»,- գրում է 17-ամյա Աիդա Մալխասյանը: Նա
նաեւ շարունակում է, որ ինքը չի աշխատում եւ լինելով «տակավին երեխա», խնամում է
երեք երեխայի, որոնցից մեկը էպիլեպսիկ է, մյուսը՝ բանականությունից զուրկ: «Ես ի
վիճակի չեմ երկու կալանավորի հանձնուք տանել»,- շարունակում է նա եւ ապա տեղեկացնում,
որ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Զ. եւ Ն. Սարգսյանները կալանքի չեն
վերցվել, «որովհետեւ ունեն 16 տարեկան դուստր եւ գրանցված են Երեւանում»: Դիմումատուն
նաեւ խնդրում է հանուն երեխաների փոխել իր մոր եւ քրոջ խափանման միջոցը, որպեսզի
նրանք կարողանան իրենց երեխաներին եւ թոռներին տերություն անել: «Ինչո՞վ են մեղավոր
երեք վատառողջ երեխաները, որ իրենց մայրը հանցանք է կատարել, ինչո՞ւմ է իմ մեղքը,
որ կյանք չտեսած՝ պետք է նման բեռ շալակեմ»,- հարցնում է Ա. Մալխասյանը: Ի
դեպ, վերջինս խմբագրությանն է տրամադրել տեղեկանքներ երեք երեխաների առողջության
մասին: Մեր տեղեկություններով, այս քրեական գործով հայտնաբերվել են նոր ձայնագրառումներ,
որոնք տուժողները չէին ներկայացրել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել