Սյուզիի
հետ ծանոթացանք «Սայկլոն» դիսկոտեկում՝ որպես երկու ամերիկացիներ: Հաջորդ օրը նրան
հեռախոսով հրավիրեցինք «Մուվենպիկ» հյուրանոց: Գնի մասին շատ կարճ խոսելուց
հետո ասացինք, որ հայեր ենք եւ փնտրում ենք մեր 18-ամյա ազգականուհուն: Սյուզին ասում
էր, թե որտեղ կարող ենք գտնել հայ կանանց: Երբեմն այդ վայրերը այցելում էինք հենց
նրա հետ: Եվ, բնականաբար, վճարում էինք այնքան, որ հանկարծ նրա Բոսը (այդպես մարմնավաճառ
կանայք կոչում են իրենց ղեկավարին կամ վերահսկողին) դժգոհ չմնա: Սյուզին այն երկու
կանանցից մեկն է, ում հետ արդեն մեկ տարի մենք կապ ենք պահպանում: Նրա համար Դուբայում
գնել էինք բջջային նոր հեռախոսահամար, որպեսզի մեզ զանգելիս փոխեր քարտը: Դուբայում
գտնվող այդ երկու կանանցից ամիսներ շարունակ որոշակի տեղեկություններ էինք ստանում:
Սյուզին Հայաստանի մի փոքրիկ քաղաքից է: Նա ամուսնացել է 16 տարեկանում. «Սիրում
էինք իրար: Երկու տարի առաջ ամուսինս երկու երեխաներիս թողեց, գնաց Մոսկվա ու էլ
չէր ուզում վերադառնալ, ոչ էլ օգնել մեզ: Ես գնացի ծնողներիս մոտ»,- շարունակում
է Սյուզին: Սյուզիի հայրը Երեւանում պետական մի հիմնարկում միջին օղակի աշխատող
է: «Ես սոցիալապես ծանր վիճակում չէի, իմ գալու պատճառը դա չէր: Ես չէի ուզում ծնողներիս
վրա բեռ լինել, ուզում էի իմ տունն ունենալ եւ երեխաներիս հետ այնտեղ ապրել»: Մոսկվայում
նրա համար կեղծ ռուսական անձնագիր են սարքել, որտեղ քսանյոթ տարեկան Սյուզին դարձել
էր երեսունմեկ տարեկան: Անունը, ազգանունը նույնն էին, այնտեղ ավելացված էր նրա հայրանունը՝
Անդրեեւնա (հայկական անձնագրերում հայրանունը չի նշվում): «Ընկերուհիս իսկապես դիմավորեց
օդակայանում եւ ինձ ասաց, թե ինչ գործ պետք է անեմ»,- ասում է կրթություն չունեցող
եւ որեւէ օտար լեզու չիմացող Սյուզին: Մարմնավաճառ որոշ կանանց դեմքերից զգացվում
էր, որ այդ գործով դժվարանում են զբաղվել: Սյուզին այդպիսին էր, նա միշտ մտամոլոր
ու տխուր կանգնած էր դիսկոտեկի մի անկյունում: «Ինչքա՞ն փող ես աշխատել մինչեւ հիմա»
հարցին պատասխանում է. «Շատ քիչ, ինձ թույլ չեն տալիս հաշվել: Ես երեք ամիս աշխատել
եմ, օր է եղել՝ հաճախորդ չեմ ունեցել: Հետո՝ հաշիվն էլ չեմ կարող պահել, եթե Բոսը
տեսնի, որ նշումներ եմ անում, գիտե՞ս ինչ կանի»: Հուլիսին Սյուզիի Բոսը տեղացի էր,
ինչպես աղջիկներն են ասում՝ լոկալ: «Ամեն օր 12-ից 1-ն ընկած ժամանակահատվածում գալիս
է «չեք» (ստուգում) անում, գնում»: Սյուզին եւ մյուս հայ կանայք ապրում էին
«Հայաթ Ռիջինսի» հյուրանոցի դիմացի բնակելի շենքերից մեկում: Մի անգամ այդ ժամին
կարողացանք տեսնել Սյուզիի Բոսին՝ 35 տարեկան Ամին անունով սեւամորթ արաբին: Նրան
այդպես էլ չկարողացանք նկարել՝ ո՛չ 2004թ. մեր առաջին այցելության, ո՛չ էլ այս ձմռանը
Դուբայում գտնվելու ժամանակ: Չնայած՝ 2005-ի փետրվարին մի քանի անգամ նրան տեսանք
«Հայաթ Ռիջինսիի» դիսկոտեկում: «Բոլոր բոսերն էլ շատ խիստ են, ուրիշ ոչ մեկի
հույսին չեն թողնում: Նույնիսկ երբ պետք է զանգեմ իմ երեխեքին, անպայման պիտի հարցնեմ
իրեն՝ կարելի՞ է զանգեմ, թե չէ: Իր ներկայությամբ, ինքը պետք է լսի, թե ես ինչ եմ
խոսում»,- ասում է Սյուզին: Սյուզիի հետ աշխատում են եւս 10 կանայք, նրանք 16-28
տարեկան են: «Մեր աղջիկներից մեկը չդիմացավ, գնաց պոլիս՝ հանձնվեց: Ու իրան
ուղարկեցին Հայաստան: Բայց ես վախենում եմ գնամ պոլիս: Ինձ որ էդպես ուղարկեն Հայաստան,
որ իմանան էստեղ ինչով եմ զբաղված եղել՝ ավելի լավ է մեռնեմ: Հայրս ինձ կսպանի»,-
անհույս ասում է Սյուզին: Այնուամենայնիվ, մի քանի ամիս առաջ նա հեռախոսով մորը պատմել
է իր վիճակի մասին: Ու մայրն էլ, իր ասելով, չգիտի՝ ինչպե՞ս վարվել. «Ինքն էլ է վախենում՝
չնայած արդեն մեկ-մեկ ուզում եմ գնալ-հանձնվել, էլ չեմ դիմանում, ասում եմ ինչ կլինի՝
թող լինի: Մի երիկամս ցավում է, բժշկի եմ գնում, աշխատածս փողերի մի մասն էլ իրան
եմ տալիս: Էդ բժիշկը հայ է՝ անունը Տիգրան»: Իսկ պրոբլեմներ միշտ էլ լինում են: Պատահում
է, որ հաճախորդները չեն ուզում պահպանակ օգտագործել, եթե աղջիկները դիմադրում են՝
ծեծում են: Սյուզիի պատմելով՝ հղիացման բազմաթիվ դեպքեր են եղել: Նրա հաճախորդները
մեծ մասամբ իրանցիներ են: «Մեր բոսերը թույլ չեն տալիս տեղացի ժողովրդի հետ գնանք,
որովհետեւ շատ վտանգավոր է: Օրինակ՝ վերջերս մի հայ աղջկա հետ դեպք է եղել, տարել
են, չի իմացել, որ տեղացի են, տարել են Շարժա, մի 10-15 տղամարդ ու էդ մի աղջիկը,
պատկերացրեք: Երեւանցի աղջիկ էր, որ արդեն վերջացրել էր բալանսը (այսինքն՝ Բոսին
այլեւս պարտք չէր), պասպորտը վերցրել էր եւ առանձին էր աշխատում: էդպես խաբել, տարել
են ու տասնհինգ հոգով հետը եղել»: «Աղջիկները իրար հետ չեն կիսվում, ամեն
ինչ միանգամից Բոսին են հանձնում: Լինում են կլիենտներ, որ միանգամից երկու աղջիկ
են տանում: Եթե չես ուզում աշխատել, ստիպում են, կանչում են Ալիին, նա տանում է,
ծեծում, մի քանի հոգով բռնաբարում են, ետ են բերում: Հայ աղջիկները բոլորը գիտեն
Ալիին ու սարսափում են նրա ձեռքն ընկնելուց»: «Ես համ ֆիզիկական ցավ ունեմ՝ հոգնածություն,
համ հոգեկան, ավելի շատ՝ հոգեկան: Երեխեքիս եմ կարոտում: Շատ եմ կարոտում: Միշտ ասում
են՝ շու՛տ արի: Շատ դժվար է, եւ շատ վատ աշխատանք է: Արդեն ստիպված՝ դա բնազդ է դառնում,
ուրիշ աղջիկներ կան, որ չեն կարողանում աշխատել, նույնիսկ 20-30 դրահմով նրանց ստիպում
են, որ էդ բանն անեն: Արդեն բնազդ է դարձել, ոչ մի բան չես զգում: Անում ես ինչ-որ
բաներ, բայց ոչինչ չես զգում», -գլխիկոր պատմում է Սյուզին: Սյուզին Դուբայում
մեզ հանդիպած այն քիչ հայ աղջիկներից է, ում միանշանակ կարելի է զոհ համարել: Հիվանդությունները
կանխելու համար բոլոր հայ մարմնավաճառները այցելում են բժիշկ Տիգրան Մելիքյանին,
որոնց վերջինս սրսկում է: Նա աշխատում է Շարժայի մի կլինիկայում եւ զբաղվում է ամեն
ինչով՝ կանանց հիվանդություններից մինչեւ ողնաշարի խնդիրները: Բժիշկ Մելիքյանի հետ
ծանոթանալու համար մեզնից մեկը ստիպված էր հիվանդ ձեւանալ: Տիգրան Մելիքյանը
ճանաչում է բոլոր հայ բոսերին: Նա ընդգրկված է մարմնավաճառության բիզնեսի հայկական
ցանցի մեջ եւ դրա կարեւոր օղակներից մեկն է: Իսկ այդ ցանցը հստակ տեղ ունի Դուբայի
սեքս-բիզնեսում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆwww.hetq.am