ԱՊՀ-Ի
ԻՄԱՍՏԸ Լավագույնը, որն այսօր ի վիճակի է անել ԱՊՀ-ն, այդ Համագործակցության
անդամ երկրներին պատմականորեն միավորող նշանակալից տարեթվերի հանդիսավոր եւ համատեղ
նշումն է: Ըստ էության, հենց այդ թեման էլ ընկած էր այցով Երեւանում գտնվող ԱՊՀ գործադիր
քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի մատուցած երեկվա ասուլիսի հիմքում: Նա հայտարարեց,
որ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով:
Իսկ լրագրողների հետ հանդիպմանը նախորդել էր Ռուշայլոյի հանդիպումը Հայրենական մեծ
պատերազմի հաշմանդամների հետ: «Ոչ պաշտոնական գագաթաժողովի նախաձեռնողն է Ռուսաստանի
Դաշնությունը. ներկայումս տեղի է ունենում հանդիպման շրջանակներում կայանալիք միջոցառումների
համաձայնեցում»,- նշեց ԱՊՀ գործադիր քարտուղարը: Նա նշեց նաեւ, որ արդեն մշակվել
եւ հաստատվել է տոնակատարության ծրագիրը, իսկ արդեն անցկացվում են ծրագրի իրականացման
հետ կապված միջոցառումներ: Իսկ ի՞նչ է մտածում ԱՊՀ Գործադիր կոմիտեն ՎՈՒՈՒԱՄ-ի
անդամների (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) վերջին ակտիվացումների
կապակցությամբ: Ի պատասխան այս հարցի՝ Ռուշայլոն նշեց, թե առանձնապես անհանգստանալու
պատճառներ չի տեսնում: Ինչպես եւ կարելի էր սպասել, խոսք գնաց նաեւ ԱՊՀ որոշ երկրներում
ընթացած հեղափոխական պրոցեսների եւ դրանցում, այսպես կոչված, արեւմտյան քաղտեխնոլոգիաների
դերի մասին: Իմաստ ունի՞ այդ իրադարձություններից հետո ԱՊՀ-ի հետագա պահպանումը:
Այս հարցը եւս բանախոսին առանձնապես չշփոթեցրեց: «Ես չեմ ուզում դրամատիզացնել իրավիճակը»,-
ասաց ԱՊՀ գործադիր քարտուղարը՝ միեւնույն ժամանակ հավելելով, թե առկա են մի շարք
ազդանշաններ, «որոնց մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք»: Խոսելով ԼՂ հակամարտության
մասին՝ Ռուշայլոն չբացառեց, որ կարգավորման առումով փորձագիտական կամ այլ կարգի օժանդակություն
ցուցաբերելու համապատասխան հանձնարարության դեպքում ԱՊՀ-ն կարող է որոշակի քայլեր
ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն, նրա ընդգծմամբ, միջնորդ կառույցն այժմ ԵԱՀԿ Մինսկի
խումբն է, թեեւ վերջին շրջանում խնդիրը քննարկվում է նաեւ մի շարք այլ միջազգային
կազմակերպություններում: Տ. Ա.