Որքա՞ն
հաճախ պիտի Ռոբերտ Քոչարյանն իր մոտ հրավիրի հարկային եւ մաքսային ծառայությունների
ղեկավարներին, որ նրանք կարգին հավաքեն հարկերը եւ բացահայտեն մաքսանենգության դեպքերը:
Բավական էր, որ տարեսկզբին Ռոբերտ Քոչարյանն իր մոտ հրավիրեր պետական եկամուտները
հավաքող ծառայություններին եւ նրանց խիստ հանձնարարականներ տար՝ հարկային եւ մաքսային
մարմինների ղեկավարներն ամիսներ անց սկսեցին հերթով զեկուցել, թե որքան է ավելացել
հարկերի գանձումը, մաքսանենգությունների բացահայտումը եւ այլն: Սակայն ինչո՞ւ Ռոբերտ
Քոչարյանն իր պաշտոնավարման միայն 7-րդ տարում դիմեց նման քայլի: Եվ ի՞նչ պարբերականությամբ
նա պիտի իր մոտ կանչի ու «մատ թափ տա» այս ծառայությունների ղեկավարների վրա, որ
պետբյուջեի մուտքերի նման եռանդով ավելացումը չլինի մեկանգամյա գործողություն: «Առավոտը»
երեկ այս հարցերն էր ուղղում խորհրդարանական կազմավորումների ներկայացուցիչներին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան. «Կարծում եմ՝ հարցը վերաբերում
է նրան, թե ինչու առաջ այդպես չէր, հիմա այսպես է: Առաջ էլ է այդպես եղել, պարզապես
պիտի համահունչ լինեին օրենսդրությունն ու նախագահի հանձնարարականները»: ՀՅԴ
խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյան. «Երբ նախագահն արդեն հստակ դնում է խնդիրներ
եւ նկատվում են արդյունքներ՝ դրան նախորդում է երկար եւ լուրջ աշխատանք: Հայաստանի
Հանրապետության համար կառավարման ոլորտում այդ աշխատանքը նախ եւ առաջ սկսվեց կառուցվածքային
փոփոխություններից, որոնք աստիճանաբար հստակեցնում են հոսքագծերը, արձանագրվում որոշակի
պատասխանատուները: Եվ այդ փոփոխությունների հիման վրա արդեն հնարավոր է, որ երկրի
առաջին դեմքն առաջադրի նոր խնդիրներ: Այդ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, թե
ինչո՞ւ 4-5 տարի առաջվա բյուջեն այսքան է, այժմ՝ այսքան… Եթե ուշադրություն դարձրել
եք, այս 4-5 տարիների ընթացքում Հայաստանում հաստատվեցին կառուցվածքային մի քանի
աստիճանի ձեւաչափեր: Եվ, օրինակ, փոխվեց Կենսաթոշակային հիմնադրամի ամբողջ գործունեությունը
եւ դրա մի զգալի ծավալ ամբողջությամբ փոխանցվեց հարկային ծառայության տնօրինությանը,
որը մի քանի անգամ ավելացրեց ստվերից գանձվող եկամուտների մուտքագրումը բյուջե: Կարելի
է շատ բերել նմանատիպ փաստեր»: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյան. «Կարծում
եմ, որ հարկային ու մաքսային օրենսդրության փոփոխություններն ու այս մոտեցումները
կապված են նաեւ տնտեսության զարգացման որոշակի տեմպերի հետ: Բնականաբար՝ ե՛ւ հարկային,
ե՛ւ մաքսային մարմինների գործունեության հստակությունն ու խստությունը այն տնտեսվարողների
նկատմամբ, որոնք թաքցնում են խոշոր հարկերը՝ պիտի դրսեւորվեն մշտապես»: «Ժողպատգամավոր»
խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյան. «Հարկավոր է որքան հնարավոր է կրճատել անհատի
դերակատարությունը երկրի կայացման վրա եւ առավել հզորացնել մեխանիզմները: Ցավոք,
շատ վատ է, որ ակնառու է երեւում՝ երբ անհատը առանձնազրույցներ է ունենում, հաջորդ
օրն իսկ լինում են ինչ-որ դրական տեղաշարժեր: Այս դեպքում, կարող եմ ասել, որ ավելի
ուշադիր լինելու վերաբերյալ այդ հանձնարարականները պայմանավորված էին հարկային վերջին
փոփոխություններով (որոնց չեմ կարող վերաբերվել բացարձակ դրական): Սակայն իմ կարծիքով,
նման ծառայությունները չպետք է սպասեն հանձնարարականների, այլ պետք է իրականացնեն
իրենց գործառույթները: Հարկային դաշտում բավական լուրջ խնդիրներ ունենք. 7 տարի առաջ,
իհարկե, դրանք ավելի շատ էին, բայց հիմա էլ չեն կանոնակարգված լիովին եւ լիարժեք:
Թեեւ նաեւ համաձայն չեմ, որ 7 տարի անց տրվեցին նման հանձնարարականներ. կարծեմ՝ հաճախակի,
ամեն տարի կամ 2 տարին մեկ լինում էին նման հանդիպումներ եւ հանձնարարականներ»: «Արդարություն»
խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյան. «Քոչարյանը հարկային մարմինների ներկայացուցիչներին
հանձնարարեց, թե սկսեք ձեր բարեկամներից: Բայց չասաց, թե սկսեք ի՛մ բարեկամներից:
Սակայն, իմ կարծիքով՝ պետք է սկսեին Քոչարյանի բարեկամներից: Այս ամենն ինձ հիշեցնում
է շատ պարզունակ ֆարս: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանի խոշոր
հարկատուների ընդամենը 23 տոկոսն է վճարում հարկերը: Այնինչ՝ նրանց հարկային մուտքերը
պետք է կազմեին 75-78 տոկոս: Այսինքն՝ ստվերում է մնացել ավելի քան 300 մլն դոլար:
Բացի այդ՝ Հարկային պետական ծառայության ղեկավարի տվյալներով, 65 մլն դոլար տարեկան
մուտք չի արվում պետբյուջե: Եվ ամենակարեւորը՝ իսկ ո՞վ է ասում, թե այդ գումարներն
այդքան են, միգուցե ավելի՞ շատ են… Ընդամենը կատարվում են մարտավարական քայլեր:
Խոսքը միայն մանր-մունր «ձկնիկների» նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին
է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ