Քաղաքացիները՝ փաստաբանների մասին «Առավոտի» տեղեկություններով, մարտի 18-19-ին տեղի կունենա Հայաստանի փաստաբանների ընդհանուր ժողովը, որը կընտրի Պալատի նախագահին: Ինչպե՞ս են վերաբերվում շարքային քաղաքացիներն այս ընտրություններին եւ երբեւէ առնչվե՞լ են փաստաբանների հետ: Մեր հարցմանը մասնակցած 80 քաղաքացիներից 57-ը հրաժարվել է նրանցից՝ առաջին ատյանի դատարանից, 3-ը նախաքննության փուլում՝ «քննիչի մոտ», 9-ը՝ հայցերը նախապատրաստելուց հետո, իսկ 4 փաստաբան անհետացել է՝ գումարը ստանալուց հետո: Ներկայացնում ենք քաղաքացիների առավել բնորոշ դատողությունները փաստաբանների մասին: Գյուլնարա Սարիբեկյան (չի աշխատում). – Բնակարանիցս վտարելու կապակցությամբ դիմել եմ փաստաբանի օգնությանը: Դատարանում հայցը նախապատրաստելու համար ինձնից պահանջեց կանխիկ 200 դոլար գումար: Մեքենայով դատարան տանել-բերելն իմ վրա էր: Սակայն հրաժարվել եմ մի քանի նիստից հետո, քանի որ նիստերի էր ներկայանում հարբած, կարմրած: Արմեն Սիմոնյան (ՍՊԸ աշխատակից). – Հարկային դաշտի հետ կապված խնդիրներով դիմել եմ փաստաբանի: Նրա պահանջած հոնորարը 1000 դոլարից ավելի է: Մինչդեռ, որքան ինձ հայտնի է, օրենքով նախատեսված է՝ «Փաստաբանի հոնորարը պետք է լինի ողջամիտ»: Դեռ արդյունքը չտեսած, նա պահանջում էր մի գումար: Իսկ վիճարկվում էր պարզ մի հարց: Կարեն Այվազյան (նախկինում դատված). – Չեմ վստահել հենց այն ժամանակ, երբ իմ դեմ քրեական գործ էր հարուցվել: Տեսնելով աչքիս կապտուկները, քննիչի հարցաքննությունները, ոչ մի ծպտուն չէր հանում: Վախկոտ էր, ինչպես մյուս փաստաբանները: Անահիտ Սարգսյան (մանկավարժ). – Աշխատավարձի հետ կապված դիմել եմ փաստաբանի օգնությանը: Դատարան ընդհանրապես չի եկել: Իսկ վերջին նիստին էլ մոռացել էր, թե ո՞ր դատարանում է քննվում իմ դիմումը: Սարգիս Մանուկյան (քրգործով տուժողի իրավահաջորդ). – Փաստաբանս աշխատել է հակառակ կողմի հետ եւ ինձնից իմանալով մեր գաղտնիքները, մտադրությունները՝ հաղորդել էր նրանց: Բացի դրանից, ավելի շատ զբաղված էր ինքնագովազդով: Անուշ Մամիկոնյան (մատուցողուհի). – Մի դեպքի հետ կապված առնչվել եմ փաստաբանի հետ: Ես վկա էի, բայց վախենում էի դատարանում ինձ սխալ պահեմ: Ուղղակի խորհրդի կարգով: Բայց նա չիմանալով իմ կարգավիճակը, «մի գլուխ» տանում-բերում էր ու վրաս այնպես գոռում, ասես հանցագործը ես լինեի: Վերջում էլ գումար ուզեց: Արմեն Մուրադյան (գործազուրկ). – Ինչու Հայաստանում անկախ փաստաբան կա՞: Դրանց համար կա մի ժողովրդական խոսք. «Մեռելի վրա ծաղիկ դնող են»: Նրանց տեսնում եմ հեռուստատեսությամբ, հաթաթա են տալիս, բայց լավ էլ քննիչների, դատախազների, դատավորների հետ են: X քաղաքացի. – Պաշտպանում են նրանց, ովքեր կամ «օրինացից» են, կամ կոալիցիայի կուսակցություններից: Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ