ԲՈՂՈՔԻ ՄԵԾ ԱԼԻՔ Տոնավաճառներում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրման պահանջը հարյուրավոր առեւտրականների բողոքի ալիքն է բարձրացրել: Երեկ կառավարության շենքի առաջ քաղաքի բոլոր մեծ տոնավաճառների (այդ թվում՝ սննդի) վաճառականները բազմամարդ ցույց էին կազմակերպել, որը ցուցարարների քանակով վերջին ժամանակների համար արտառոց էր: Նրանցից 15-ը կարողացան մտնել շենք՝ բանակցությունների: Անվտանգության պահպանման աշխատողները երկու շարքով շղթա էին կազմել՝ քայլ առ քայլ առաջ գնալով եւ ստիպելով ցույցի մասնակիցներին հայտնվել հրապարակի բանուկ փողոցում: Համաձայն օրենքի, ապրիլի մեկից տոնավաճառներում առեւտուր իրականացնողները պարտավոր են հսկիչ դրամարկղային մեքենա կիրառել: Շատերի համոզմամբ, այդ պայմաններում ուղղակի հնարավոր չի լինի աշխատել: Աշխատել թերեւս հնարավոր լիներ, սակայն սա միակ փոփոխությունը չէ, որ բարդացրել է վաճառականների գործը: Նրանց հայտնած տվյալներով, մաքսային որոշ հարկեր բարձրացել են 2-3 անգամ: Առեւտրականների ներկայացմամբ. «Եթե առաջ Թուրքիայից բերած 1 կգ ապրանքի համար վճարում էինք 1.3 դոլար, հիմա 2.2 դոլար են դարձրել հարկը: Իսկ առանձին ապրանքների համար հատաքանակով ենք վճարում: Օրինակ, մեկ կոստյում ներմուծելու համար հիմա ստիպված ենք վճարել 15 դոլար, մինչդեռ առաջ ընդամենը 5 դոլար էր»: «Օդանավակայանից մինչեւ տուն ենք հասնում, չենք հասկանում՝ քանի՞ տեղ ենք կանգնում ու ինչի՞ համար ենք այդքան վճարումներ անում, մեկ էլ տեսար՝ առաջդ կտրում են՝ կանտրաբանդայից եմ… Հարկայինում շատ լավ գիտեն՝ մենք օրական որքան ապրանք ենք ծախում, ինչքան փող ենք ստանում ու ինչքան գումար ենք տեղի համար տալիս, թե այդ վճարումներից ո՞ր մասն է գնում պետական բյուջե՝ մեզ արդեն չի հետաքրքրում»,- երեկ բողոքում էին ցուցարարները: Վաճառականները հաստատագրված գումարներ են վճարում. ամսական 200 դոլար: Բացի այդ, հիմա պետք է վճարեն նաեւ ՀԴՄ-ի արժեքը՝ 100 դոլար: Երեկ ցուցարարները մեծ խմբով, ոստիկանների ուղեկցությամբ ցույց կազմակերպեցին նաեւ Ազգային ժողովի շենքի մոտ: Ազգային ժողովում, սակայն, ժամը 17-ի դրությամբ «ոչ մի ձայն չէին լսել»: Լրատվական ծառայության տվյալներով. «Արթուր Բաղդասարյանը երեկ նիստի է եղել, եւ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել ցուցարարներին ընդունել»: Ուշագրավ է, որ մի քանի տոնավաճառների տերեր Ազգային ժողովի պատգամավորներ են: Եվ նրանք օրենքի ընդունման ժամանակ առանձնապես աչքի չընկան, որովհետեւ ՀԴՄ-ի ոչ տեղադրումից, ոչ էլ չտեղադրումից առանձնապես կորցնելու բան չունեն. տոնավաճառներում վաճառակետերի համար սահմանված են հաստատագրված վճարներ, որոնք տերերը առեւտրականներից ստանալու են ցանկացած պարագայում: Առավել եւս, որ ստացված հաստատագրված վճարների միայն մի մասն են «ցույց տալիս» պետությանը: Վաճառականների ներկայացմամբ, ընդունված պրակտիկայի համաձայն, ստուգումներից առաջ առեւտրականներին, հարկային տեսուչներին ցույց տալու համար, բաժանվում են կտրոններ, որոնցում նշված են լինում ավելի ցածր վարձավճարներ, քան իրականում գանձվում է նրանցից (սա տոնավաճառների տերերին «օգնում» է ավելի քիչ հարկեր մուծել): Այստեղ միակ խնդիրը շահույթի վերաբաշխումը կլինի, համաձայն որի, դրա մեծ մասը առեւտրականներից կփոխանցվի պետությանը, իսկ տոնավաճառների տերերի համար կլինի մոտավորապես անփոփոխ՝ աճման հարատեւ միտումներով: Պարզ է, որ վաղ թե ուշ ՀԴՄ-ներ տեղադրվելու են նաեւ տոնավաճառներում, սակայն հաշվի առնելով տոնավաճառների տերերի ազդեցիկության հանգամանքը, պետությունը այս պահին չի փորձում ծանրությունը վաճառողներից տեղափոխել տերերի վրա: Կամ գոնե կիսել այդ բեռը: Իհարկե, կիսամյակի կամ եռամսյակի արդյունքներն ամփոփելիս մեր երկրի պաշտոնյաները հարկային եւ մաքսային մուտքերի ավելացումը կմեկնաբանեն որպես ստվերային տնտեսությունից հայտնաբերված գումարներ, համեստորեն լռելով հարկերի բարձրացման եւ հարկերի հավաքագրման ընթացքում տեսուչների պահանջով ուռճացվող շրջանառությունների մասին: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆՀ. Գ. Ավելի ուշ ՀՊԾ-ից տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի նոր օրենքը վերաբերում է միայն 7 քմ-ից ավելի մակերես ունեցող կրպակներին, այլ ոչ թե «տոնավաճառներում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին եւ քաղաքացիներին»: