Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ «ՍՈՒՊԵՐԱԴԱՄԱՆԴՆԵ՞ՐԸ»

Մարտ 04,2005 00:00

Կարապետիչը պատասխանում է մտավորականներին

Մամուլում տպագրվել է 25 մտավորականների բաց նամակը՝ ուղղված ԱԼՄ հեռուստատեսության տնօրեն Տիգրան Կարապետյանին: Նամակում, որի տակ ստորագրել էին նաեւ Ջիվան Գասպարյանը, Արմեն Խանդիկյանը, Ռոբերտ Սահակյանցը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Վարդանյանը, Արթուր Գրիգորյանը, Արմեն Ամիրյանը եւ անգամ մշակույթի նախարարի տիկին Վարդ Մանուկյանը, ի թիվս այլ մտահոգությունների, մասնավորապես, կարծիք է հայտնվում, որ ԱԼՄ-ի ոչ ճիշտ աշխատաոճի պատճառով գնալով մեծանում է արհեստականորեն առաջացած անջրպետը գյուղաբնակների ու քաղաքաբնակների միջեւ՝ վերածվելով թշնամության: ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն այս առիթով «Առավոտին» ասաց, որ իբր նորմալ է վերաբերվում նամակին, սակայն պարզվեց՝ ունի բազմաթիվ վերապահումներ: «Մեզ համեմատում են «Դո ռե մի», «Կանաչ գոտի» եւ այլ գործակալությունների հետ, բայց չեն նշում, որ նրանց մոտ վճարովի է այդ ամենը, իսկ ինձ մոտ՝ անվճար,- փորձեց արդարանալ նա: – Թող բաց նամակի հեղինակները նախ այդ տարբերությունը ընդգծեին նամակում, եթե օբյեկտիվ են ուզում լինել: Ինձ խորհուրդ են տալիս «հրավիրել մասնագետների, որոնք կաշխատեն այդ երեխաների հետ, կհասցնեն եթերով ցուցադրելու արժանի վիճակի»: Եթե այդ մասնագետները պատրաստ են անվճար օրական 3-4 ժամ աշխատել, ես էլ պատրաստ եմ իրենց ներգրավել»: Իր կյանքում գոնե մեկ անգամ ԱԼՄ-ի «Աստղերը» դիտած հանդիսատեսը դժվար թե հիասթափված չլինի հատկապես գյուղաբնակ երեխաների տարիքին ոչ հարիր շպարից, մեծական հագուկապից ու յարին ու գոզալին ուղղված «աղերսանքներից»: Ցավոք, ականջ ծակող նմանօրինակ «կլկլոցներ» ԱԼՄ-ի եթերում ոչ միայն հայերեն, այլեւ հաճախ եզդիերեն են հնչում:

Ըստ Տիգրան Կարապետիչի. «Ես ոչ գյուղը քաղաքի, ոչ էլ եզդիներին եմ հայերի հետ հակադրում: Բողոքում են, թե Ճակոյի երգերն են հնչում: Իրենց (եզդիների- Գ. Հ.) ազգային երգերն են, հիմա Ճակոյի թե Ջահանգիր աղայի մասին կերգեն՝ իրենք գիտեն: Մենք նրանց ընդգրկում ենք որպես ազգային փոքրամասնություն»:

Կարապետիչին ուղղված բաց նամակի հեղինակները նաեւ բողոքել էին. «Արդյո՞ք չափազանց թանկ գին չենք վճարում բոլորս՝ ձեր քաղաքական հեռահար նկրտումները բավարարելու համար»: ԱԼՄ հոլդինգի նախագահն այս մասին էլ հետեւյալն ասաց. «Քաղաքական նկրտումներ կամ հեռահար նպատակներ լինում են ընտրությունների նախաշեմին: Ոչ մի երկրում ոչ մեկը չի սկսում նախընտրական հեռահար նպատակները կառուցել ընտրությունների հաջորդ օրը: Դա անում են գոնե 1 տարի շուտ: Կլինեն ընտրություններ, թե չեն լինի, իմ այդ աշխատաոճը միշտ մնալու է: Եթե ես չեմ ասում՝ ինչ նպատակներ ունեմ, իրենք ինչո՞ւ են փորձում կռահել»:

Անդրադարձ եղավ նաեւ վերջին շրջանում Շուշան Պետրոսյանի հասցեին ԱԼՄ-ի եթերից հնչող տգեղ արտահայտություններին ու անհեթեթ «հակամարտության» նախապատմությանը: «Ես Շուշան Պետրոսյանին ցանկանում եմ ամենայն բարիք, չեմ հակադրվի իր հետ: Մեծ հարգանք ունեմ Ջիվան Գասպարյանի, բոլոր երգիչ-երգչուհիների հանդեպ, հենց նույն Շուշանի հանդեպ»,-մեծահոգություն ձեւացրեց հեռուստաընկերության երաժշտասեր, երգող ղեկավարը: «Նամակում ասվում է, թե մեր եթերում անճաշակություն է: Ես դա չեմ ընդունում, որովհետեւ ճաշակին ընկեր չկա: Եթե մեր ազգի կեսը ողջունում է այդ հաղորդումը, ուրեմն ընդունում է: Ի դեպ, մենք ունենք նաեւ «սուպերադամանդներ», թող գան հետները մրցեն, մենք պատրաստ ենք ճաշակ ձեւավորել: Ես երեխաների վրա ամսական ծախսում եմ $16000, եթե էդ խորհուրդ տվողները իսկապես ուզում են օգնել, թող ծախսերի մի մասն իրենց վրա վերցնեն, հաճույքով կհամաձայնեմ»: «Այնուամենայնիվ, ո՞րն է ձեր շահը»,- հետաքրքրվեց «Առավոտը»: Մի փոքր լռելուց հետո Տ. Կարապետյանը պաթետիկ տոնով նետեց. «Իմ շահը հոգեւոր դաշտում է… իրենք չեն կարող հասկանալ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել